11 Հուլիս 2013, 16:33
1732 |

Ինչո՞ւ չի աղմկում գետը

Գուցե Մանկական երկաթուղու այգում հանգիստն անցկացնող երեխաներին ամենևին չի հուզում ջրի բաղադրությունը, նրանց արտաքին տեսքով կարող ես խաբել, բայց ծնողներին միանշանակ պետք է սթափեցնել:

Գիտնականները պնդում են, որ ջուրը հիշողություն ունի: Նրանք ուսումնասիրում են ջրի բյուրեղները, թույլ տալիս, որ ջուրը դասական երաժշտություն լսի, տրամադրություն փոխի: Լավ կլիներ, որ նրանք ապացուցեին, որ ջուրը վրեժխնդիր լինելու հատկություն էլ ունի, գուցե դա օգներ հայերին չպղծել գետը: Հին հայկական իմաստությունն ասում է՝ «Վատ երազը ջրին պատմի, կտանի»: Հրազդան գետը Սևան քաղաքից մինչև Երևան է տանում անպատմելի, անասելի վատ երազներ: Ու գետի մաքրության երազանքը օրեցօր չքվում է:

Հրազդան գետի երկարությամբ կառուցված են հանրապետության խոշոր արդյունաբերական կենտրոնները'Սևան, Հրազդան, Չարենցավան և Երևան քաղաքները: Գետը Սևան քաղաքից մինչև Հրազդան անցնում է գյուղատարածքներով: Տներն իրենց արտաքնոցների խողովակներն ուղղում են ոչ թե կոյուղի, այլ կարճ ճանապարհով՝ ուղիղ դեպի գետը: Գյուղացիները նույն ջրով ոռոգում են հողերը և դժգոհում միայն ջրի հարկից: Սևան քաղաքից սկսած գետահունի երկայնքով նկատվում են կենցաղային թափոնների աղբակույտեր: Չկազմակերպված աղբանոցները քիմիական և կենսաքիմիական բնույթի աղտոտման տարածման վտանգավոր աղբյուրներ են: Գետի միջին հատվածում ակնառու օրինակ է Չարենցավանի աղբանոցը: Այստեղ կենտրոնացված են մետաղախարամների կուտակումներ: Մթնոլորտային տեղումները կենցաղային թափոնների կույտերը դարձնում են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր: Հրազդան գետի ափերին կան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք իրենց թափոնները անմիջապես գետն են լցնում առանց համապատասխան թույլտվության: Գետը երբ հասնում է մայրաքաղաք, արդեն Սևանը հիշեցնող ոչ մի երանգ չունի:

Հատկապես վտանգավոր են աղտոտիչ աղբյուրները, կենցաղային կոյուղու չմաքրված հոսքերը, որոնք գետն են լցվում անմիջապես Երևանի սահմանագծում: Լցվում են առանց մաքրման, Կիևյան կամրջի վերին մասից ձախ ափով, Մանկական երկաթուղու ջրարգելակների շրջանում: Գուցե Մանկական երկաթուղու այգում հանգիստն անցկացնող երեխաներին ամենևին չի հուզում ջրի բաղադրությունը, նրանց արտաքին տեսքով կարող ես խաբել, բայց ծնողներին միանշանակ պետք է սթափեցնել: Կիրճում կառուցված մանր ռեստորանների մեծ քանակը նույնպես անմիջականորեն ազդում է գետի բնական հոսքի վրա, նրանք նույնպես ջուրն են լցնում իրենց չմաքրված հոսքերը: Իսկ այդ ժամանակ, կոյուղու հոսքերի կողքին, մարդիկ լողում են, ձուկ որսում: Գետն են լցվում չգործող կաթսայատներից, ավտոտնակներից, գործարանների տարածքներից բենզին, դիզվառելիք, մեքենայի յուղեր, մազութ և այլ ածխաջրածիններ: Անձրևը փողոցներից լվանում է կեղտն ու փոշին, չմաքրված արդյունաբերական հոսքերը միացնում կենցաղային կոյուղու համակարգին:

Գետառը' Հրազդան գետի ձախ վտակը նույն ճակատագիրն ունի: Սելավային վտանգ ունեցող գետակն այսօր ունի նաև համաճարակային վտանգ: Ոչ մի համայնք ապահովված չէ բնական աղետների սպառնալիքներից, առավել ևս լեռնաբնակները: Նրանք ենթարկվում են կլիմայական այնպիսի սուր իրադարձությունների, ինչպիսին են տեղատարափ անձրևներն ու առատ ձյունը և դրանց հետևանքով առաջացող հողի սողանքներն ու ձնահոսքերը: Հողօգտագործման թույլ ծրագրերը, համեմված շրջակա միջավայրի սխալ կառավարմամբ, սնում է բոլորիս տները:

Մարդիկ ինքնախաբեության մեջ են: Ամեն տեսակի աղբից արագ և էժան ազատվելու տենչն աղտոտում և պղծում է Հրազդանը: Թվում է՝ տուժում է գետը, այնինչ գետն աղբը վերադարձնում է նույնիսկ այս պատմությանն անմասն մնացած մարդկանց: Ով գիտե՝ գուցե մի օր լսեն նրա անձայն բողոքը:

Այս թեմայով