05 Հուլիս 2013, 00:52
2621 |

Տասներորդի ամենահյութեղ ծիրանները

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը վաղուց արդեն տարվա ամենասպասված և ամենախոշոր մշակութային իրադարձությունն է մայրաքաղաքում: Այս տարի այն անցկացվելու է հուլիսի 7-ից 14-ը: 2013-ը փառատոնի համար առանձնակի կարևորություն ունի. «Ոսկե ծիրանը» նշում է իր տասնամյա հոբելյանը:

Այս տարի ևս փառատոնը կպահպանի ավանդական չորս մրցութային ծրագրերը` Խաղարկային, Վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» միջազգային և «Հայկական համայնապատկեր» համահայկական մրցույթները: Շուրջ 96 երկրից ներկայացված 1200 հայտերից մրցութային ծրագրերում կներկայացվեն 90 ֆիլմ: Ընդհանուր առմամբ՝ փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ 200 ֆիլմ: Գլխավոր մրցույթի ժյուրին կնախագահի հունգարացի կենդանի դասական Իշտվան Սաբոն:

Մրցութային ծրագրերից զատ փառատոնը հարուստ է նաև արտամրցութային ծրագրերով՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հարգանքի տուրք», «Հետահայաց ցուցադրություններ», «Ռեժիսորներ առանց սահմանների», որոնց ավելացել է նաև «Հայեր. հայացք դրսից և ներսից», որի շրջանակում կցուցադրվեն տեղական արտադրության այն ֆիլմերը, որոնք չեն անցել մրցութային ծրագիր, և այլ երկրներում արտադրված մի շարք ֆիլմեր, որոնց պատումի առանցքում հայը կամ Հայաստանն է: Հատուկ ուշադրության են արժանի փառատոնի շրջանակում հյուրընկալված կինոգործիչների վարպետության դասերն ու հանդիպումները:

Փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում, կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ, ինչպես նաև սպասվում է մեծ անակնկալ. փառատոնի օրերին վերջապես իր իսկական առաքելությունը կկատարի կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը՝ այնտեղ կինո կցուցադրվի:

Ազնավուրը, Ազնավուրի ֆիլմերն ու Ազնավուրի աստղը
Հոբելյանական «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է Շառլ Ազնավուրը: Փառատոնի շրջանակում կլինի նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որում ընդգրկված են ոչ այնքան հայտնի ֆիլմեր, այդ թվում` ֆրանսիացի ռեժիսոր Դենի դե Լա Պատելերայի «Տաքսի դեպի Տուբրուկ» պացիֆիստական road movie-ն: Հուլիս 7-ին` փառատոնի պաշտոնական բացման արարողությունից ուղիղ մեկ ժամ առաջ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի` կինոյում ունեցած մեծ ներդրումը խորհրդանշող աստղի տեղադրման արարողությունը: Նախորդ փառատոների ընթացքում նույն տարածքում տեղադրվել են Համո Բեկնազարյանի, Անրի Վերնոյի, Սերգեյ Փարաջանովի և Ռուբեն Մամուլյանի աստղերը: Աստղի տեղադրմանն անձամբ ներկա կլինի նաև Ազնավուրը:

Սաբոյի օսկարակիր ֆիլմը
Հուլիսի 8-ին, ժամը` 19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա հունգարացի նշանավոր կինոռեժիսոր Իշտվան Սաբոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների բացումը: Այդ օրը կցուցադրվի ռեժիսորի «Մեֆիստո» ֆիլմը, որը 1982-ին արժանացել է «Օսկարի»` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում բերած այս ֆիլմը գերմանական կինոեռապատման առաջին ֆիլմն է: Եռերգության մաս կազմող բոլոր ֆիլմերը` «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985) և «Հանուսենը» (1988) արժանացել են տարբեր հեղինակավոր կինոփառատոների մրցանակներին: Սա հրաշալի առիթ է կինոյի պատմության համար դասագրքային նշանակություն ունեցող ֆիլմը էկրանին դիտելու համար:

Նեղ շրջանակների կուռքը
Հուլիսի 9-ին, ժամը `19:00-ին, Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա գերմանացի կինոռեժիսոր` կինոյի նեղ շրջաններում կուռք համարվող, կենդանի դասական Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ»` 2012-ին նկարահանված ֆիլմի երևանյան պրեմիերան: Մարգարեթե ֆոն Տրոտան կինոյի աշխարհ է մտել 1960-ականներից: Նա գերմանական կինոյի հայրերից մեկի` Ֆոլկլեր Շլյոնդորֆի կինն է և առաջին ֆիլմերը նկարահանել է նրա համահեղինակությամբ: Ռեժիսորի նշանավոր ֆիլմերից են «Քրիստա Կլագեսի երկրորդ արթնացումը»(1978), «Կապարե ժամանակները» (1981, ֆիլմն արժանացավ Վենետիկի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին, Իտալիայի կինոակադեմիայի գլխավոր պարգևին` «Դոնատելլոյի Դավթին»): «Հանա Արենդտ» պատմական դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ նախորդ տարի` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Հոբելյանական
«Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կնշի աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110 (նա երաժշտություն է գրել բազմաթիվ ֆիլմերի համար), Ներսես Հովհաննիսյանի 75 և Արտավազդ Փելեշյանի 75-ամյա հոբելյանները: Հուլիսի 9-ին` Մարգարետե ֆոն Տրոտայի «Հանա Արենդտ» ֆիլմի պրեմիերայից և նրա հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո` 21:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումն ու նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրության մեկնարկը: Նկատի ունենալով Փելեշյանի բնավորության հանրային իրադարձություններից խուսափելու հատկությունը` սա, իրոք, յուրահատուկ կարևորության միջոցառում է:

Դրախտ. Զայդլ
Ավստրիացի Ուլրիխ Զայդլը մերօրյա անդերգրաունդային կինոյի ամենասկանդալային անհատականություններից է: Նա իր կինոկարիերան սկսել է վավերագրությունից և ունի երկու տասնյակից ավելի վավերագրական ֆիլմեր: Խաղարկային կինոյի դեբյուտը 2001-ին` Վենետիկի ՄԿՓ-ում ժյուրիի հատուկ մրցանակի արժանացած` «Տապը» ֆիլմն է: Հիշեցնեմ, որ Զայդլի «Ներմուծում-արտահանում» ֆիլմը 2006-ին «Ոսկե ծիրանին» արժանացել է գլխավոր մրցանակին: «Դրախտ. սեր» ֆիլմը 2012-ին Կաննի «Ոսկե արմավենու» հավակնորդ է եղել: Սա Զայդլի կինոեռերգության առաջին ֆիլմն է: Եռագրության մաս են կազմում նաև «Դրախտ. հույսը» (2012) և «Դրախտ. հավատ» (2013): Հուլիսի 10-ին, ժամը`19:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի կունենա Զայդլի սկանդալային կինոեռերգության առաջին ֆիլմի ցուցադրությունը:

Աղջիկը, մահը և Ստելինգը
Կինոաշխարհում ընդունված է, որ ցանկացած փառատոն ունենում է իր ֆավորիտ ռեժիսորների ցանկը: Անշուշտ, կարելի է ասել, որ հոլանդացի Յոս Ստելինգը «Ոսկե ծիրանի» լավագույն բարեկամներից է: Հիմա նույնիսկ դժվարանում եմ մտաբերել, թե սա ռեժիսորի որերորդ այցն է Հայաստան և «Ոսկե ծիրան»: Նա նույնիսկ կուրսեր է վարել «Ոսկե ծիրան» միջազգային կինոդպրոցում: Այս տարի Ստելինգը Հայաստան է գալիս նոր` «Աղջիկը և մահը» դժբախտ սիրո ռոմանտիկ դրամայով: Ֆիլմը կցուցադրվի հուլիսի 11-ին, ժամը` 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Երիտասարդ վավերագիր
«Ոսկե ծիրանի» պատմության մեջ Պիետրո Մարչելլոն ամենաերիտասարդ կինոռեժիսորն է (ծնվել է 1976-ին), ում համար կազմակերպվում է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Մարչելլոն վավերագրական ֆիլմերի կինոռեժիսոր է, և սա «Ոսկե ծիրանի» պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կազմակերպվում է վավերագրական ֆիլմերի հետահայաց ցուցադրության ծրագիր: Մարչելլոյի անունը մեզ հատկապես սկսեց հետաքրքրել, երբ նա նկարահանեց «Փելեշյանի լռությունը» ֆիլմը՝ հայազգի աշխարհահռչակ կինոռեժիսորի դիմանկարը 2011-ին ներկայացվել է Վենետիկի փառատոնում: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը` 21:30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Փարաջանով
«Ոսկե ծիրանի» ամենասպասված ֆիլմերից մեկն էլ Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմն է, որի ցուցադրությամբ կփակվի փառատոնը: Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին պատմող այս ժապավենը, որում մեծ ռեժիսորին մարմնավորել է Ավեդիքյանը, նկարահանվել է չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համաֆինանսավորմամբ:

Հյուրեր
Փառատոնի պատվավոր հյուրերը կլինեն աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրը, կինոռեժիսորներ Իշտվան Սաբոն, Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Գոդֆրի Ռեջիոն, Ուլրիխ Զայդլը, Քշիշտոֆ Զանուսին, Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Պիետրո Մարչելլոն, Ռոման Բալայանը և այլոք: Այս ռեժիսորներից յուրաքանչյուրի հյուրընկալությունն արդեն իսկ պատվաբեր է ցանկացած փառատոնի համար: «Ոսկե ծիրանն» իր տասնամյա պատմության ընթացքում հյուրընկալել է 700-ից ավելի հեղինակավոր կինոգործիչների, քննադատների և տարբեր ընկերությունների ներկայացուցիչների: 

Այս թեմայով