04 Հուլիս 2013, 14:12
3614 |

Զինվորիս վերադարձը

Գալիս է… Եղբայրս բանակից տուն է գալիս: Վերջապե՜ս: 2 տարվա փոխարեն 2 տարի ու 20 օր ծառայելուց հետո է գալիս: Չէ՛, խախտում չի արել, անգամ հասցրել է ավագ սերժանտի կոչում ստանալ, մեկ էլ` «Քաջարի մարտիկ» ու «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններ: Գերազանցիկ զինվոր ունեմ: Տղամարդ զինվոր ունեմ: Երկու տարի ծառայեց, երկու բառ էլ չբողոքեց:

Երկու տարին սպասվածից արագ անցավ: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես առավոտյան ընտանիքով գնացինք զինկոմատ: Երբ հերթը հասավ Գևին, վզից հանեց խաչն ու ինձ տվեց. մինչև հիմա գրեթե ամեն օր միշտ կրում էի: Այդպես իր բացակայությունն էի լրացնում, երևի: Երբ հրաժեշտից հետո շրջվեց, որ գնա, հետևից գոռացի. «Ա՜յ տղա, թևիդ խաչ չխփե՜ս»: Թեև վստահ էի, որ դժվար թե ուզենա անտաղանդ նկարիչ ինչ-որ զինվորի՝ գրիչի թանաքով անփութորեն արած սիրողական դաջվածք հավերժացնել մարմնին:

Տարան Արցախ՝ հարավի Արալեռ: Այնտեղ էլ ծառայեց ուղիղ 2 տարի ու 20 օր: Բարեբախտաբար, ոչ մի տհաճ միջադեպ կամ վտանգավոր իրադրություն չեղավ, կամ էլ մենք այդ մասին չիմացանք, բայց առաջին ամիսներին ծնողներս դժվարությամբ էին թաքցնում իրենց տագնապն ու անհանգստությունը: Չէ, ի՞նչ առաջին ամիսներ, մինչև վերջին օրն ու ժամն էլ անհանգիստ էին, իսկ ես՝ չափից ավելի հանգիստ: Երևի վստահ էի եղբորս ճակատագրի հարցում. նա իրավունք չուներ շեղվել «բարի ծառայություն» բարեմաղթանքն ի կատար ածելուց:

Ճանապարհելուց մեկ ամիս անց մեկնեցինք Արցախ՝ զինվորիս երդմանը: Ամբողջ գիշեր ճանապարհին անցկացնելուց հետո վերջապես տեղ հասանք. առաջին անգամ էի այնտեղ, բայց իսկական Արցախը Հադրութից հյուսիս է՝ իր սառնորակ ջրով ու մոգական բնությամբ, մինչդեռ ավելի հարավ չոլ էր, անսարք ու անցուցանակ ճանապարհներ, լքված գյուղեր ու ավաններ:

Զինվորական երդումից մի քանի շաբաթ անց ստացանք առաջին ու միակ նամակը, որտեղ հանգամանորեն նկարագրում էր իր առօրյան, կենցաղը, սնունդը և հավաստիացնում, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Չհաշված մանր-մունր ստամոքսի խանգարումներն ու վարակումները, որ բանակում, ցավոք, սովորական երևույթ են, կարծես թե առողջությունից գանգատվելու առիթ չի ունեցել: Ամեն ամիս պարտադիր ուղարկվող շապիկ-գուլպաներ, ածելիներ, սափրվելու փրփուր, կրակայրիչ բանակում ակամա ծխող դարձած զինվորի համար, մեկ էլ լիքը կոնֆետ ու մամայի թխած խմորեղեն, որ վայրկյանների ընթացքում զորամասով հանդերձ խժռում էին: Այնտեղ «իմ» ու «քո» չկա. տուլիկը բոլորինն է' անկախ հասցեատիրոջից: Ի դեպ՝ գիտե՞իք, որ տուլիկը հայերեն հապավում է, բացվում է այսպես՝ տնային ուտելիքներով լի կապոց: Ամեն անգամ հարցնում էի. «Քեզ ի՞նչ ուղարկեմ»: Պատասխանը գրեթե միշտ նույնն էր. «Ինչ մտքովդ անցնի»: Ամիսն ամսի հետևից էր գնում, ես էլ իմ դաս-գործերով էի զբաղված ու այդպես էլ չնկատեցի, թե ժամանակն ինչպես թռավ: Բայց դե գիտեմ, թե բանակում ինչպես են ամեն օրվա համար մի հատ խազ ավելացնում զորանոցի պատերին: Չնայած, եղբորս հավաստմամբ, ինքն այդպիսի սենտիմենտների հետևից չի ընկել, անգամ«ստոդնևկայի» ժամանակ:

Ասել էր, թե հունիսի 30-ին է վերադառնալու, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, դեռ ոչ մի զինվոր իր «ուվալնյատի օրը» չի գուշակել: Երկու տարի զինվորի վերադարձին սպասած ընտանիքի համար մեկ օր շուտ նրան տեսնելը, ինչ խոսք, հաճելի անակնկալ է: Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը դուռը երկու անգամ զանգեցին: Կիսաքուն տնով մեկ գոռացի. «Աչքիս մեր զինվորը շուտ ա էկել»: Այդպես էլ կար: Զգացմունքների հորձանուտ էր. ասես հարազատ մարդու վերագտա, որին իրականում չէի կորցրել, բայց ոչ էլ կարող էի ուզած պահին կողքին լինել:

Արդեն սեփականացրել եմ նրա զինվորական գլխարկը, գոտին, գուցե նաև շալվարն ու վերնաշապիկը, եթե օգտագործման եղանակ հորինեմ: Նշանակալի առիթով ծանոթ-բարեկամ-հարևաններին ընդունել-ճանապարհելուն կհաջորդեն եղբորս՝ ընկերների հետ թրև գալու օրուգիշերները: Բայց մինչև այդ նրան խելահեղ «շոփինգ» ու շրջայց է սպասվում Երևանի բոլոր այն վայրերով, որոնք վերջին 2 տարվա ընթացքում են հայտնվել և որոնց մասին ժամերով պատմում էի դասական զինվորական «Բա ի՞նչ կա» հարցին ի պատասխան: Ամեն ինչ էլ կար, Գև ջան, բացի քեզնից: Բարի գալուստ: Բարի վերադարձ:

Այս թեմայով