04 Հուլիս 2013, 12:48
1667 |

Զգուշացեք, «դրախտի» դռները բացվում են

Կասկադի հարևանությամբ կա ընդամենը մի քանի փաբ: Միշտ որոշակի վերապահումով եմ դրանց վերաբերվել, միգուցե պատճառը թիթիզ-միթիզ սրճարանների հարևանությունն է:

Ինձ միշտ թվում էր, որ փաբերը պետք է հեռու մնան նման բուրժուական հաճույքներից ու ցուցամոլությունից, որոնք անխուսափելի են բացօթյա սրճարաններում: Կասկադի շրջակայքում բոլոր սրճարաններն իրար շատ նման են, գրեթե նույն ցուցանակներով, և իմ նշանակետ Eden գտնելը հեշտ գործ չէր: Ներս մտա՝ ակնկալելով, որ կհայտնվեմ փաբային դրախտում. կհոսի հավերժական աղբյուր, առաստաղից կախված կլինի անմար ջահ ու նման բաներ: Իրականում ոչ մի արտառոց բան էլ չկար. փայտյա ինտերյեր, կոկիկ դասավորված սեղան-աթոռ և ներքև տանող աստիճաններ: Բնականաբար, ինձ ավելի հետաքրքիր էր ընդհատակը: Զգուշորեն իջա ոլորապտույտ աստիճաններով և հայտնվեցի բարի մոտ: Այստեղ նույնպես դրախտին բնորոշ գրեթե ոչինչ չկար, չհաշված՝ բարի մոտ նստած միայնակ «Ադամը», որը երևի բարմենն էր կամ տերը:

«Ձեզ մոտ մի՞շտ է այսպես դատարկ», - հարցրեցի ես: Բարի մոտ միայնակ նստածը հանգիստ ձայնով պատասխանեց, որ, սովորաբար, իրենց մոտ մարդաշատ է, երևի հարմար օր չեմ եկել: Նրա սառը պատասխանն ինձ այն աստիճան դուր չեկավ, որ ձեռքիս մենյուն փակեցի ու ամերիկյան fake ժպիտով, ասացի, որ դեռ կվերադառնամ: Տպավորված չէի Eden-ից: «Ի՞նչ էլ անուն են դրել»,- ինքս ինձ մտածելով՝ դուրս եկա փաբից:

Հաջորդ անգամ կոնկրետ առիթ կար գնալու. հավաքույթին հրավիրված էին բոլորը, անկախ նրանից՝ արժանի էին հայտնվել «դրախտում», թե՝ ոչ: Մուտքի մոտ խմբված երիտասարդության տեսքից չէի ասի, որ ներսում ուրախություն է տիրում, կարծես նրանց մերժել էին և ուղարկել «դժոխք», բայց երբ ավելի մոտեցա, հասկացա, որ նրանք արդեն հասցրել էին մի քանի բաժակ դատարկել ու երևի իրենց անցած-գնացած «եվաներին» էին հիշել:

Ամբոխը ճեղքելով մի կերպ ներս մտանք: Տպավորությունն այնպիսին էր, որ եթե հաղթահարես ծուխն ու տոթը, ապա քեզ հրաշալի ժամանց է սպասում: Աներեսությամբ տեղ բացեցի բարի մոտ ու երեք անգամ խնդրեցի ինձ համար կոկտեյլ պատրաստել: Դե իհարկե, նման իրարանցման մեջ դա գրեթե անհնար էր, քանի որ նման հավաքույթների ժամանակ մարդիկ խմում են ավելի պարզ բաներ, արագ պատրաստվող. թանկ է յուրաքանչյուր րոպեն: Բարմենի դեմքի արտահայտությունից հասկացա, որ ցանկալի է այլ բան պատվիրել ու խնդրեցի բարի մոտ լիտրերով հոսող կարմիր ըմպելիքից: Իհարկե, այն ոչ մի կապ չուներ աստվածային ըմպելիքների հետ, սովորական հաղարջի հյութ էր օղիով: Մի կողմից ուրախացող ամբոխը, մյուս կողմից՝ հաուս երաժշտությունն այս «դրախտին» շատ գայթակղիչ բովանդակություն էին հաղորդում, ու ես ակամայից սկսեցի կասկածել՝ փաբի անվան մեջ ոչինչ չէի՞ն շփոթել:

«Դրախտի» բնակիչների շատ տարբեր էին՝ արտասահմանցիներ, հայ փաբիստներ, որոնց առաջին անգամ էի տեսնում, ծանոթ - բարեկամ ավանդական կապերով այստեղ հայտնվածներ: Երաժշտության հնչյունները չէին դադարում, մարդկանց հոսքը՝ նույնպես, բայց նույնիսկ նման խառնիխուռն իրավիճակում ես ուզում էի գոնե մի աչքով ինձ հայելու մեջ նայել, որովհետև հաղարջային ըմպելիքը սկսել էր ազդել: Ես՝ հայտնի փաբիստս, շատ լավ գիտեմ, որ նման դեպքում դեմքը սկսում է ինքը իրեն նման չլինել: Բարձրացա վերև՝ ինձ ուսումնասիրելու, հուսալով, որ րոպեներ անց նորից կվերադառնամ: Ինչպիսի միամտություն, նման հավաքույթների ժամանակ զուգարան տանող ճանապարհը երբեք բաց ու հասանելի չի լինում: Գինովցած աղջիկների մի ամբողջ շքերթ սպասում էր իր «աստղային ժամին»: Հարցրեցի, թե ո՞վ է վերջինն ու հանգիստ սկսեցի սպասել. նույնիսկ զվարճալի էր, որովհետև, սովորաբար, ամենահետաքրքիր իրավիճակները ստեղծվում են հենց զուգարանի մոտ գոյացած հերթերում:

Աչքս ընկավ դռան վրա փակցված ցուցանակին: Ավանդական կնոջ ու տղամարդու նշանի կողքին կար երրորդը՝ այլմոլորակայինի: Փորձեցի կատակել, ասելով՝ նրանց պետք է զիջել, բայց ինձ թարս ու կլորացած աչքերով նայող «եվաների» հայացքից հասկացա, որ լավ է՝ լռեմ: Ժամանակը սահում էր ու սահում, սակայն զուգարանը գրաված աղջիկը մտադիր չէր լքել դիրքերը: Ի վերջո եկավ նրա ընկերուհին, զայրացած թակեց դուռը, նրան բառացիորեն դուրս հանեց այնտեղից: Հերթը նվազեց այնքան, որ նույնիսկ ինձ հասավ: Մտա ներս, արագորեն ինձ հայելու մեջ նայեցի ու երջանիկ ժպիտով դուրս եկա:

Բարի մոտ վերադարձա արդեն բարձր տրամադրությամբ, որը վայրկյաններ անց հոդս ցնդեց: Ինձ բռնեցրեց բարմենն ու հարցրեց. «Դուք էլի եք եկել, ես ձեզ հիշում եմ, ժուռնալիստ եք, չէ՞»: Օհ, ոչ, ինչպե՞ս հիշեց ինձ: Փորձեցի ժխտել, չստացվեց: Անձայն կարդացի բարմենի միտքը՝ «Դե, հիմա ի՞նչ կասեք, մարդաշատ չէ՞»: Մեղավոր հայացքով ժպտացի: «Դրախտային» փաբից դուրս գալիս որոշեցի այլևս մեղք չգործել և ոչ մեկի առջև, որպեսզի նորից հայտնվեմ «դրախտում»:

Այս թեմայով