31 Մայիս 2013, 12:38
3437 |

Մոնոլոգ «Դիալոգների» մասին

Մայիսի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնի մթնոլորտն անհամեմատ ուրիշ էր: Բազմիցս շահարկված կինոմթնոլորտի բացակայությունն այդ օրն ակտուալ չէր: Շատ հարազատ մարդիկ` տարբեր սերունդների կինեմատոգրաֆիստներ, մեդիադեմքեր, լրագրողներ, մտավորականներ, կինոսիրողներ, հավաքվել էին վերջերս ավելի ու ավելի հազվադեպ դարձող մի կարևոր առիթով` պրեմիերայի:

Երիտասարդ կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը ներկայացնում էր իր նոր կարճամետրաժ ֆիլմը' «Դիալոգները»: Ակնհայտ էր, որ հյուրերը նախապես հայտարարված 19.30-ից շատ ավելի շուտ էին եկել. շփման, միմյանց տեսնելու, խոսելու: Բառի ամենաուղիղ իմաստով՝ տոնական տրամադրությունն ու այդքան պայծառ դեմքերը վկայության իրական առիթ են, թե կինոյի և կինոթատրոնի մահվան բոթերն անհիմն են այնքան ժամանակ, քանի դեռ դրան սպասողներ կան: Ընդհանրապես, մերօրյա կինոքաղաքականությունը կամ, ավելի ճիշտ, դրա իսպառ բացակայությունը, պարզապես վիրավորանք ու անարգանք են այն էնտուզիաստների նկատմամբ, որոնք, կաշվից դուրս գալով, կինո են նկարում: Անարգանք է նրանց կատարած աշխատանքի հանդեպ կինոթատրոնի ու հեռուստատեսության վարած քաղաքականությունը, որ այդպես էլ կինոդիտողին հնարավորություն չի տալիս օրվա-շաբաթվա-ամսվա ծրագրի մեջ գոնե մեկ հայկական նոր ֆիլմ տեսնել: Ի˚նչ իմաստ ունեն Դիանայի և մյուսների' կինոթատրոնում պրեմիերա կազմակերպելը, կինոքննադատի, մամուլի անդրադարձն ու տված գնահատականը, եթե այս պահին ընթերցողիս չեմ կարող ասել, թե որտեղ կարող է տեսնել ֆիլմը:

Մի խոսքով, մայիսի 29-ի հաճելի կինոմթնոլորտը և որևէ ազատ աթոռի բացակայությունը նմանօրինակ խնդիրների համատեքստում տարօրինակ աբսուրդի է վերածվում: Դիանայի և մյուս կինոռեժիսորների' կինոթատրոնում կազմակերպած մեկանգամյա ցուցադրությունը ոչ թե պրեմիերա է, այլ ստեղծագործական խմբի, միջոցներ ներդրողի, մասնագիտական նեղ շրջանի համար արվող հաշվետվություն: Պրեմիերան ընթացքի, շարունակելիության խորհուրդ ունի: Ընթացք ու շարունակություն ապահովողն էլ ՀՀ մշակույթի նախարարությունը և նրա ենթակայության տակ գտնվող ու ոլորտը կարգավորող մյուս կառույցները պիտի լինեն: Իսկ այդ կառույցները' իրենց վերահսկող «հոտած գլխով» հանդերձ, պորտաբույծ են կամ տկար: Նրանք ռեժիսորին հնարավորություն չեն տալիս առաջին հերթին քաղաքացու առաջ հաշվետու լինել և նրան շնորհակալություն հայտնել, քանի որ նրա վճարած հարկերի շնորհիվ է նկարահանվել այդ ֆիլմը:

Վերջին շրջանում հայկական ֆիլմերին վերաբերող անդրադարձերիս նախաբանները թույլատրելիից երկար են թվում: Բայց ես չեմ դիտարկում սրանք իբրև զուտ մամուլի համար գրված հերթական հոդված, այլ վավերաթղթեր վաղվա ընթերցողի համար, որպեսզի մեր մշակութային գաղջ քաղաքականությունն ամբողջությամբ պատկերացնի:

Դիանա Կարդումյանը ձևավորված գեղագիտական, գեղարվեստական ուրույն ձեռագիր և ճաշակ ունեցող երիտասարդ կինոռեժիսոր է: Ինչպես և մյուս, իրենց ճանապարհն ինքնուրույն հարթող կինոռեժիսորներին, Դիանային ևս ֆիլմ նկարահանելու հնարավորություն մեծ դժվարությամբ է բաժին հասնում: «Դիալոգները» 7-րդ կարճամետրաժ աշխատանքն է և երկրորդ համագործակցությունը օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի հետ (առաջինը' «Աշնան արև», 2006):

Մոտ կես ժամ տևողությամբ ֆիլմի սցենարը Դիանան գրել է վավերագրական կինոյի ռեժիսոր Վարդան Դանիելյանի համահեղինակությամբ: Պատումի հիմքում կնոջ և ամուսնացած տղամարդու սիրավեպի անհնարինությունն է: Զույգն ընդհատումներով հանդիպում է մոտ տասը տարի: Հանդիպման այդ գիշերը կնոջ նախաձեռնությունն է: Նրանք շրջում են և ի մի բերում Երևանի այն բոլոր վայրերը, որոնց հետ կապված անձնական պատմություններ ունեն: Պինգպոնգային դիալոգները, որ հեռու են ավանդական երկխոսությունից և դասական սիրո պերճախոս դրսևորումից, հանդիսատեսի համար դառնում են հիմնական ճանապարհն այդ հարաբերության անհնարինությունն ու դրա նախապատմությունը հասկանալու առումով: Տասը տարվա ընթացքում կարիերային մեծ աճի և հասարակական կայուն դիրքի հասած տղամադը, որին մարմնավորում է Արմեն Մարգարյանը, հարաբերության մեջ չկայացած և անլուրջ է թվում կնոջը' Նարինե Գրիգորյանի հերոսուհուն: Անանուն կնոջ ծնողները վաղուց մեկնել են Հայաստանից, և թվում է՝ նրան այստեղ պահողը միայն այդ հարաբերությունն է:

Ֆիլմը մեծ էկրանին նայելուց առաջ հնարավորություն ունեցել էի դիտելու: Միանշանակորեն կարող եմ ասել, որ մեծ էկրանը հօգուտ ֆիլմի էր: Հատկապես կինոթատրոնի էկրանին էր ակնհայտ դառնում դերակատարների զուգախաղի նրբությունը, որ ուղիղ հակասական էր նրանց դիալոգներին: Տղամարդու և կնոջ իրական զգացմունքները Դիանան փոխանցել է նրանց հպումների, հայացքների միջոցով, իսկ համակարգչային մոնիտորին կամ հեռուստացույցի էկրանին դա երկրորդ պլան է մղվում, և առաջնային են դառնում ձայնը, խոսքը: Մինչդեռ «Դիալոգների» գրավչությունը հավասարազոր պայմաններում խոսքի և ասածը մարմնով հերքելու մոտիվը տեսնելու մեջ է: Ուշագրավ է պատմության կառուցման ձևը: Հիմնական խաղարկային տեսարանները մերթընդմերթ ընդհատվում են հերոսների' վավերագրական թվացող մենախոսություններով, որոնց մեջ նրանք վերլուծում են իրենց հերոսներին: Մենախոսություններում, որտեղ դերակատար-հերոսներն առանձին-առանձին են, տարբերվում են նաև իրենց խոսքով, շարժուձևով: Հենց այդ մենախոսություններից մեկի ժամանակ է հնչում այն կարևոր միտքը, որը ֆիլմի սյուժեի կտրուկ և դրամատուգիայի իմաստով անսպասելի, գուցե նաև չարդարացված լինելը ընկալելու բանալին է: Դժվարանում եմ բառացիորեն վերարտադրել, բայց միտքը հետևյալն էր, թե որքան անկեղծ և մեծ է սերը երկու մարդու միջև, նույնքան էլ այդ սերն անհնար է դարձնում հարաբերությունը: Այսինքն' «Դիալոգներ» ֆիլմի համար կուլմինացիայի լուծում հանդիսացող ինքնաթիռի տոմսը, որ բաժանում է խորհրդանշում, դեռևս չի նշանակում, թե այդ բաժանումը միմյանց չհասկանալու պատճառ է: Ֆիլմում ներկայացված տղամարդու և կնոջ հարաբերության անհնարինությունը զգացմունքների և դրանց դրսևորման անկարողության հետևանք է, սիրո մեծ կուտակումի իրագործման անհնարինություն, որ հանգուցալուծվում է բաժանումով:

Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել հայկական կինոյի պատմության մեջ կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին պատմող ֆիլմերը: Դժվարանում եմ հիշել՝ արդյոք Ներսես Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկա»-ից հետո որևէ գրագետ մելոդրամիկ կինոնկար ունեցե՞լ ենք: Համենայն դեպս, Դիանայի ֆիլմը այդ ավանդույթների շարունակման օրինակ է:

Առանձնակի ուշադրության է արժանի Վահագն Տեր-Հակոբյանի և ռեժիսորի համագործակցությունը, որի արդյունքում օրեցօր աղավաղվող և գորշությամբ պատվող Երևանը պատկերված է այնքան գրավիչ, որ ֆիլմը կարող է Երևանի քաղաքապետարանի համար էլ այցեքարտ դառնալ:

Նկատի ունենալով «Դիալոգների» բոլոր դրական կողմերը՝ իհարկե, չեմ կարող չնշել, որ Դիանա Կարդումյանից սպասելիքները շատ ավելին են, և այս ֆիլմն էլ սպասվածին հասնելու հերթական քայլերից է: Պարզապես պետք է հետևողական լինել, որպեսզի Դիանա Կարդումյանը վաղուց արդեն պատրաստ լիամետրաժ ֆիլմի իր սցենարը նկարահանելու հնարավորություն ստանա:

Այս թեմայով