22 Մայիս 2013, 10:45
4750 |

Նամակ վարդագույն ընկերոջս

Հեղինակի պատմվածքները կարելի է կարդալ գրական մամուլում («Ինքնագիր», «Գրեթերթ», Granish.org), ինչպես նաև «Անտարես» հրատարակչության կողմից 2011-ին հրատարակված «19 պատմվածք» ժողովածուում:

Ասում են՝ քեզ անկեղծ սիրելը չգրված օրենք է: Կներես, չգրված օրենքով շարժվել չի ստացվում: Սա փակուղի է: Եթե առանց ինձ վնասելու քեզ քանդել չի լինում, ուրեմն՝ ինքդ էլ կտրիր մեր քարկապը: Իմ ձեռքը չի գնում, իսկ քեզնից բան չի գնում, ընդունիր, որ էլ քոնը չեմ, պարզապես քո ուրիշի նամակն եմ՝ չկարդաս, նախընտրական խոստումդ եմ՝ չկատարես, շահող կտրոնդ եմ՝ չջնջես, պետական կարիքդ եմ՝ այ դա տեղը-տեղին կհոգաս, աննախադեպ առաջարկդ եմ՝ անպայման կհրաժարվես, քո չարտոնված երթն եմ՝ կցրես, երկար սպասված պատվերդ եմ՝ չընդունես, քո աստծո բարևն եմ՝ չառնես, քո բաց բերանն եմ՝ կփակես, խոր վախդ եմ՝ բռնել չտաս, կապույտ երազդ եմ՝ չխաբվես, քո դեղին արյունն եմ՝ կթափես, քո դանակ-մկրատն եմ՝ չսրես, անուշ կենացդ եմ՝ չխմես, շտապ կանչդ են՝ կմոռանաս, մոտիկդ եմ՝ կվտարես, լավդ եմ՝ չուզես, ցավդ եմ՝ չտանես, ծնունդդ եմ՝ չնշես, թշնամիդ եմ, տնից կլինեմ, բանի տեղ չդնես, ես կանցնեմ կգնամ, դու էլ կապրես, ոնց որ երգում՝ հավիտյան:

Մենակ խնդրում եմ էլի, պետք չի նենգափոխել իրողությունները. պետք չի հասկացող ձևանալ ու օգնելու փորձեր ձեռնարկել, որովհետև օգնությունդ եղել ու մնում է իմ մարմնական ազատության սահմանափակման հաշվին: Հիմա քո քար լռությամբ դու վիրավորում ես սիրո մասին իմ պատկերացումները և դարձնում մեր միջև փոխադարձ, հավասար սերն անհնար ու անհասանելի: Անմարմին ոգեղենություն: Գուցե քեզ համար բնական է էս վիճակը, որովհետև դու հոգևոր աշխարհից ես, պատմություն ես, բայց ինձ համար էդպես չի: Ինձ համար մեր կապը վերմարմնական իրողություն չի, իմ սիրածը մարմին ունի, ձև ունի, գույն ունի, համուհոտ ունի, ոչ թե անմարմին ոգի է, մեր սերն էլ ամենահնարավոր սովորական բանն է, մարդու պատկերացրած բոլոր անհասանելի բաներից ամենահասանելին:

Դու լավ գիտես, կամուրջներդ մտովի հազար անգամ վառել եմ՝ դա պոռթկում էր, անզուսպ կիրք ու երեսիդ թքելու անթաքույց ցանկություն: Քո հին ճամփեքով լիքը անցել եմ. դա էլ ինքնազսպում էր, փախուստ, ճշմարտության աչքերին նայելու անհամարձակություն, անիմաստ ինքնախարազանում ու ինքնաոչնչացում: Երկու դեպքում էլ, ուզածս պարզ բան էր, որ սերս մեզ թևեր տա, ոչ թե ստիպի զզվել ինձնից, քեզնից, մեզնից, բոլորից, լինել ոչինչ, ոնց որ երգում՝ դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար՝ գուցե ոչինչ:

Սերս քո գրկում սուրճ խմելով չի անցնելու, ոչ էլ փողոցներդ չափչփելով, ընդհակառակը՝ սրվելու է: Ու քանի դեռ պատրաստ չես ինձ ընդունել այնպես, ինչպես կամ, ուրիշների հետ եմ սեր անելու: Չափսոսաս, ոչ առաջինդ եմ, ոչ էլ՝ վերջինդ, իմ հետևից էլ քո սառնորակ ջրերից մի դույլ կշփես: Դու լավ կաց, ու հեչ էլ չտխրես, մեծ աշխարհ՝ մի կարճ կյանք, չարժի ողբերգություն դարձնել մեր անպատասխան սիրո սովորական պատմությունը: Դու քեզ լավ նայիր, իմացած եղիր, որ ամեն դեպքում թանկ ես ու հարազատ, որ գլխիցդ մի մազ պակսի՝ սրտիս ցավ կտա: Պաչ, ցավդ տանեմ, պատասխան էլ չեմ ակնկալում, մոտավոր գիտեմ բոլոր հին ու նոր երգերդ: Չեմ նեղանում, լավից բացի բան չեմ տեսել, խոշոր հաշվով նեղանալու տեղ էլ չունեմ, ուղղակի էլի եմ ասում՝ քեզ սխալ եմ հասկացել, կներես, կյանք է, ամեն ինչ էլ կպատահի, ու քանի որ էս փակուղում հայտնվել եմ իմ էշ խելքից, ուրիշ ելք չեմ տեսնում, քան քեզ ևս մեկ անգամ, հուսով եմ՝ վերջին, ասել ողջ ճշմարտությունը. դու վարդագույն չես, ես եմ ակնոցավոր:

Քո՝ ես

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2012

 

Այս թեմայով