17 Մայիս 2013, 11:42
2236 |

Թաղման կոնցերտ

Թաղման թափորը հազիվ էր Պրոսպեկտ հասել, երբ քաղաքը սարսափելի դղրդյունով, դռռոցով, բռռոցով, ուշունցով, բդեշխային հրովարտակի տեսքով և բռնապետական ցեմենտապատ հրամանի մարդակեր բառերով լցվեց:

Բանաստեղծի գերեզմանին ծիրաններ էին թափված: Փոքր-կլորիկ՝ նման լորի ձվերի: Ծաղիկ դնելու տեղ չկար: Հետս չորացած, համարյա ասեղ-փշերով ավել էի բերել: Ուզում էի քարը մաքրել, երբ Տիկին Թավջութակը մեջտեղ ընկավ ու «Ինչ կա որ, ինչ կա որ» ասելով՝ ձվատիպ ծիրանները փորը լցրեց, տռզեց, դեղնեց, դնդնաց ու հետդարձի ճանապարհին... մեռավ:

Լուրերն արագ տարածվելու կարողություն ունեն: Մանավանդ, եթե դրանք բոթ են: Անհերքելի փաստ է' վատ լուրերը լավ էլ բոթում են: Թավջութակահարուհու մարմնից հազիվ էր վերջին շունչը դուրս եկել, երբ հայտնվեց նրա որդին՝ գավառական թատրոնի Սիրանոն: Նա դանդաղաքայլ, մազերն ահագնացող քամու բերանը տված, մոտեցավ մոր մարմնին, քիթը նրա շուրթերին քսեց և գավառական պաթոսով «Սաղավարտս, սաղավարտս» ոռնաց: Հետո ականջիս շշնջաց.
- Մայրիկը մահամե՞րձ է...
- Չէ, արդեն մահացել է,-ասացի:
- Դուք սպանեցիք նրան, դուք՝ քննադատներդ...
- Բա հիմա ի՞նչ անենք,-ակամայից վիրավորված ճակատս շփեցի:
- Ինչպես հասցրել եք նրան այս վիճակին, այնպես էլ ուղղեք ձեր սխալը ...

Ուզում էի հարցնել՝ ինչ սխալ, բայց բոլորովին ուրիշ բառեր դուրս թռան իմ բերան-բույնից:
- Ես երաժշտագետ եմ, ոչ թե թաղման բյուրոյի աշխատակից:
- Տարբերություն չեմ տեսնում,-ասաց ու մոր մարմինը փողոցում թողնելով՝ իր երկար քթով նկարահանման հրապարակ խցկվեց:

Մինչև հանգուցյալի որդին և օպերային կիսապրիմա դուստրը, (վերջինս Նորմայի արիան ֆրանսերենա-ռուսերեն երգելու համար ընդմիջմանն ակնհայտորեն տուժել էր դիրիժորի փայտիկից) որոշում էին, թե դիակը ում բնակարան տեղափոխեն, հերձողները դագաղն ուղիղ մեր տուն բերեցին, մի հատ էլ մուննաթ եկան.
- Ինտելիգենտ մարդ ես, բայց մարդ թաղել չգիտես...

Հոգեհանգիստը նշանակվեց հաջորդ օրը ժամը վեցին: Տերյան փողոցի վրա կուչ եկած մեր աղյուսաթափ ծակուռում մի դագաղի և երկու մարդու տեղ կար: Վեցին տասը պակաս վերսաչի-սգավոր ժանյակների մեջ պարուրված կիսապրիմադոննան հայտնվեց ու, հանգցյալի հագուկապը տեսնելով, իր անթառամ բելկանտոյով մորս մի լավ նախշեց:

- Նա սովորական կին չէր, որ այս չինական խալաթը հագներ:

Տան նեղ, պտտվելու ու տեղաշարժվելու հնարավորություն չունեցող տարածքում մայրս հազիվ էր մեռելին մերկացրել, երբ դուռը բացվեց ու շեմին չինովնիկական դիմագծերով մի ծերուկ հայտնվեց: Այս ինքնաբավը, Թավջութակահարուհուն առաջին անգամ մերկ ու միաժամանակ մեռած տեսնելով, անկանոն շարժումներով սկսեց պորտֆելը քրքրել: Հետո հազաց, փռշտաց, թաշկինակի մեջ խնչեց, ծվծվաց ու.
- Ես իմ անուշ Հայաստանի արևահամ... Թու...

Պաթոսը մեռելներին հոգեդարձ անելու հնարավորություն ունի: Հարազատ ինտոնացիաները լսելով՝ Թավջութակահարուհին, ասմունքից անակնկալի եկած մորս ձեռքերից դուրս պրծավ և ուղիղ... չինովնիկի գիրկը: Էս ծերուկն էլ պարզվեց' նեկրոֆիլ է (տիպիկ չինովնիկական հատկանիշ): Մեռելի ծանծաղ գուրգուրանքներից շոյվեց, ու շոյված' պայուսակում պահած մյուս բոլոր հայտնի հանգուցյալների ցավակցական ու հոբելյանաշնորհավորական գրությունները հանեց, սկսեց հերթով ընթերցել: Չգիտեմ' ինչքան կտևեր էս պաշտոնական գալահամերգը, եթե շեմին մեր հարևաններ Վեհանուշն ու Բավականը չհայտնվեին: Անծանոթ սգավորներին տեսնելով՝ Թավջութակահարուհին շտապ դագաղը մտավ, չինովնիկն էլ, «Մեր հայրենիք ազատ-անկախ» վանկարկելով, նախարարին վայել քայլքով դուրս գնաց: Մայրս շփոթվեց, շիկնեց, իրեն նոր տուն բերած հարս զգաց ու ամոթխած-կարմրակատած առաջացավ ծաղիկները վերցնելու, երբ Վեհանուշի դառը ուշունցից հորս արևը վերածագեց:

- Ախչի, դու սա՞ղ ես...
- Հա՞՜՜, - մորս պատասխանն ավելի շատ հարց էր:
- Բա մենք էլ կափարիչդ տեսանք, ասինք՝ մեռել ես...
- Չէ՜՞՜, - պատասխան - հարցը դուրս թռավ մորս բերանից և «կենդանի դիակ» լինելու ակամա վախից չիմացավ' մեռելին ինչպես ներկայացնի, - տղայիս ընկերոջ մայրն է...
- Խի՞, տղեդ ընկեր էլ ունի, - Բավականի ձայնն արդեն դեպի դուրս էր գնում:
- Չէ... Իհարկե, ունի...
- Աղջի Նուշիկ, առաջ ընկի, էս անգամ էլ չկպավ...
- Բա ծաղիկնե՞րը, - թռավ մորս բերանից:
- Հերիք չի տունդ վարձով «պանիխիդնի զալ» ես դարձրել, մի հատ էլ ուզում ես մեր ծաղիկների վրա փող աշխատե՞ս..

Վազգանուշն ու Բավականը դուրս գալիս բախվեցին լայնեզր գլխարկով շրջապատը ստվերած Էպոպեա Ներովնային, որը կիսապրիմայի թևն ընկած, «Ջանիկս, ջանիկս» ասելով, մեր ծակուռը մտավ, մռթմռթաց, փնթփնթաց, Շանելահոտ կպավ, գոտկատեղի օղակաձև շարժումով կորսետն ուղղեց, նստեց աթոռին ու գլխարկի ծայրով ինձ ու մորս պատուհանից դուրս շպրտեց:

- Երազիս մեջ այս գիշեր մայրիկս էր եկել, - կիսապրիմադոննան է, - ասաց' այնտեղ՝ երկնքում, հորդ եմ տեսել, մենք միացել ենք... Դու լաց մի լինի, - ասաց, - ես ինձ լավ եմ զգում:
- Իսկ չհարցրեցի՞ր, արդյոք այնտեղ ջահելանում են, թե' ոչ...
- Չէ...Ինչ ուզում եք ասեք, միևնույն է, ես հանդերձյալ կյանքին չեմ հավատում:
- Ջանիկս, հո՞ չես ցնդել, մամադ հո սուտ չի խոսի...
- Հա... Մի բան էլ ասաց... Ասաց, որ դուք ինձ չթողեցիք Կարմեն երգեմ, որ դուք իմ և շատ այլ երգչուհիների օդերը փակում եք... - Ե՞ս եմ փակում, - Էպոպեա Ներոնովնան, ոտքի կանգնելով, իր լայնածավալ կորսետով դագաղի գլուխը դեպի Արևմուտք շրջեց,- ես եմ փակում, հա՞... Վայ անամոթ-ստախոս...

Հետագայում իր հուշերում Էպոպեա Ներոնովնան գրեց. «...կարծես փող չունեին, որ հոգեհանգստի համար մուրացկաններից էին տուն վարձել: Երբ դիակից ինձ վարկաբեկելու համար հաշիվ պահանջեցի, դրա անտաղանդ աղջիկը փռթկալով փախավ: Այդ նամշահոտ տանը մենակ մնացի, մեռելն էլ գլուխը բարձրացրեց ու ինձ սկսեց աչքով տալ...»:

Մի խոսքով' մինչը թաղումը սկսվեց, հոգիներս դուրս եկավ: Հազիվ էր դագաղի մռութը շեմից դուրս եկել, երբ Տերյան փողոցին նայող մեր տան երկրորդ հարկի պատշգամբի դուռը բացվեց, ֆիլհարմոնիայի չաղլիկ ադմինստրատորը դուրս պրծավ ու փափլիկ թևերը թափահարելով՝ բղավեց.

- Մուզիկա...

Երաժշտությանը սինքրոն «մտավ» համլետյան հագուկապով գավառական Սիրանոն, որը մոր մահվան պահից ի վեր առաջին անգամ հայտնվելով՝ որոշեց օգտակարը համատեղել հաճելիի հետ: Որ հետագայում բեմում ծնողակորույս որդու վիճակը ճիշտ զգա ու միաժամանակ մարդկանց աչքին սիրող զավակ երևա՝ նա գժանոցային ահուսարսափ տարածող ձայնով սկսեց ողբալ:

- Օ՜, բախտ իմ դժխեմ, ինչո՞ւ ծնվեցի, որ հենց ես ուղղեմ...

Նրա լացը զուգորդվեց երաժշտական դպրոց չավարտած երաժիշտների ճռվողյուններով և արդյունքում արդեն երկու օր մահացած բարձրաճաշակ Թավջութակահարուհու դեմքը զզվանքից վերջնականապես աղավաղվեց: Բայց ամենսարսափելին առջևում էր:

Թաղման թափորը հազիվ էր Պրոսպեկտ հասել, երբ քաղաքը սարսափելի դղրդյունով, դռռոցով, բռռոցով, ուշունցով, բդեշխային հրովարտակի տեսքով և բռնապետական ցեմենտապատ հրամանի մարդակեր բառերով լցվեց: Երբ փշաքաղված շրջվեցինք, տեսանք, որ հավակնոտ ու անհյուրընկալ պողոտան իր քարե պարիսպ-ատամներով դեպի մեզ է արշավում' ճանապարհին փոշիացնելով Երևանի թեկուզ զավեշտալի, բայց հարազատ տեսակները...

Այս թեմայով