15 Մայիս 2013, 11:47
1660 |

Ռեպորտաժին ընդառաջ

Վարորդը ծիծաղեց, թերևս չպատկերացրեց՝ ինչպես այդ բարձրահասակ մարդը երեք անգամ պիտի ծալվեր: Ամեն դեպքում նա ներս մտավ:

Ժամացույցը ժամանակից առաջ էր վազում, և վայրկյանը սուր ասեղների պես խրվում էր սիրտը: Վաղուց չարթնացած պատասխանատվությունը այդ առավոտ արագացրել էր քայլերը և, շնչառությանը մտրակելով, քարշ էր տալիս կանգառ: Իսկ կանգառը մարդաշատ էր, մարդիկ' անհանգիստ, երթուղային տաքսին էլ ուշանում էր: Կանգառում կանգնած շտապելը նյարդերն այնքան էր լարել, որ եթե սկսեր խոսել' ջութակի ճզվզոց էր լսվելու: Նա իրեն քաղաքավարի զսպեց մինչև երթուղային տաքսու դուռը բացելը: Չէ, ամեն ինչ նրա դեմ էր. աննորմալ տրամաբանությամբ նախագծված դուռը չէր բացվում:

- Թույլ տվեք, ես փորձեմ,- փրկության հասավ մի կին: Եվ այդ փրկությունը փուլ եկավ նրա գլխին, ամաչեցրեց. դուռը հանգիստ բացվեց: Ավելին՝ հանգիստ բացվող դռնից անհանգիստ գրոհեցին երթուղային տաքսի: Հաղթանակը վայելող դեմքերով լեցուն մեքենան հեռացավ կանգառից: Միայն թե ուղևորները պատկերը լրացնելու համար մոռացան թափահարել իրենց թաշկինակները…

Երևանյան երթուղային տաքսի էր: Դեռ առաջին կանգառից նստելատեղերը վաճառված էին: Բայց հոգ չէ, մուտքի տոմս միշտ էլ կճարվի: Ինչպե՞ս: Հենց հաջորդ կանգառում մի մարդ երթուղային տաքսու դեմը կտրեց' «Միայն իմ դիակի վրայով»: Չէ, բարձրաձայն չասաց: Բայց մտքում իր համար շատ հստակ ճշտել էր: Կյանքը վտանգածն արդյունքում մուտքի տոմս ունեցավ:

Նրա հետ աննկատ (համենայն դեպս' նրան այդպես թվաց) մի գեր կին սահեց ներս: Բոլորի դեմքին ժպիտ հայտնվեց, բացի այն փոքր երեխայից, որը նույնքան սահուն հասկացել էր, որ տեղը պետք է զիջի: Հոգ չէ, նա նստեց մոր գրկին:

Հաջորդ կանգառում «մուտքագրվողը» պարզ տրամաբանություն ուներ.
- Եղբայր,- դիմեց վարորդին,- մի րոպե, կտեղավորվեմ, էլի:

Վարորդը ծիծաղեց, թերևս չպատկերացրեց՝ ինչպես այդ բարձրահասակ մարդը երեք անգամ պիտի ծալվեր: Ամեն դեպքում նա ներս մտավ: Հաջորդ կանգառին դեռ չմոտեցած' հղի մի աղջիկ խղճահարված ձայնով խնդրեց վարորդին:

- Վա˜յ, ինչ մեղք է, կանգնեք, թող այդ կինը երեխայի հետ նստի:

Հայկական վարակիչ խիղճն ըմբոստացավ: Միայն մոր և մանկան ներս մտնելուց հետո հասկացան, որ վարորդի հնազանդությունը թթվածնի ճգնաժամի վերածվեց: Բարձրահասակ մարդուն ծալվելու տարածություն չէր մնացել: Ու սա առաջին անգամ չէր: Կրկնվող օրերից արդեն այնպես էին հոգնել վարորդները, ուղևորները, տեսուչները…

Միայն թե ավտոքարավանն այս անգամ էլ տեղից չէր շարժվում: Մեքենաների ազդակները գնալով գազազեցին, և ափսոս, որ հարսանիք չէր… Հայկական անպատասխանատվությունն ու ինքնախաբեությունը ընդհարվել էին:

Մարդկանց աղմուկը ստիպեց նրան երթուղային խճանկարը կիսատ թողնել, իջնել ու վազել առաջ: Դեռ չտեսածն արդեն կտցում էր սիրտը, մարդկանց ահասարսուռ գոռգոռոցը մթագնում աչքերը: «Շտապօգնության» մեքենաները ճանապարհ էին խնդրում… Երթուղային տաքսին բախվել էր աղբատարին ու խլացել:

Երեկոյան հեռուստատեսությամբ դիտեց իր ռեպորտաժն ու կրկին սարսռաց: Երթուղային խճանկարը հիմնիվեր փոխվել էր…

Այս թեմայով