22 Ապրիլ 2013, 18:49
1482 |

Անտոն ու փառազուրկ փառատոնը

Այնպիսի զգացողություն է, ասես փառատոնը ստեղծվել է զուտ տարվա կտրվածքով գերատեսչության կատարած աշխատանքների ճոխ թվաքանակն ապահովելու համար:

Ամեն անգամ, երբ հեռուստատեսությամբ որևէ փառատոնի մեկնարկն է ազդարարվում, հոգումդ հույս է ծնվում, իհարկե' շուտափույթ մահվան դատապարտված: Թվում է' հավատ ներշնչող խմորումներ են սկսվել, ու հերթական անգամ միամտորեն մտածում ես, որ երկրի մշակույթի նախարարությունը վերջնականապես արվեստի գերեզմանոցի չի վերածվել: Բայց բավական է այդ միջոցառումներից որոշները փոքր-ինչ տնտղես, խորին հիասթափությունը կազմ պատրաստ քեզ է սպասում: Այնպիսի զգացողություն ես ունենում, որ փառատոնը ստեղծվել է զուտ տարվա կտրվածքով գերատեսչության կատարած աշխատանքների ճոխ թվաքանակն ապահովելու համար: Պատկերավոր ասած' առանց ցանկության աշխատավայր գնացողի պես բամբասանքային թեյախմությամբ պարտադիր ներկան են ստանում:

Նման փառատոների շարքում է մշակույթի նախարարության ու Հայաստանի Թատերական գործիչների միության կազմակերպած Վահրամ Փափազյանի անվան շեքսպիրյան միջազգային փառատոնը: Իհարկե, թատերական փառատոնի անվան մեջ հայտնված հանճարների ներկայությունը պատկառանք է ներշնչում: Արի ու տես, որ միջոցառման անունը լոկ փայլփլուն պիտակ է: Անդավաճան թատերասերը, Սուտլիկ որսկանի օրն ընկնելով, ամբողջ փառատոնի ընթացքում ո՛չ միջոցառման փառավորության հետքը տեսավ, ո՛չ էլ' տոնական տրամադրությունը ճաշակեց: Կենդանի դիակներ հիշեցնող հոգնաբեկ փակումն ու բացումը, մեղմ ասած, տաղտկալի էին: Իսպառ բացակայում էր դրանց շուք ու էներգիա հաղորդող հանդիսավորությունը: Ավելին, շեքսպիրյան փառատոնում ընդգրկված ձանձրալի ներկայացումների մեծամասնությունը Շեքսպիրի հետ այնքան կապ ուներ, որքան կենսաբանի մասնագիտական հմտությունները' արվեստի նրբությունների: Փաստերն անողոք են'դեռևս մի կողմ թողած «տեղական արտադրության» հավակնոտ շեքսպիրասպաններին:

Օրինակ, Ֆրանսիան ներկայացնող իտալացի Լուիջի Չերրին, վայրկյան անգամ չկասկածելով սեփական հանճարի ամենազորության վրա, գրեթե երկու ժամ տևող «Օթելլո» ներկայացումով կեղեքեց ձեռքն ընկած հայ հանդիսատեսին: Նա թքած ուներ ժամանակի զգացողության վրա, մինչդեռ մենախաղը լավագույն դեպքում 60 րոպե է տանելի: Դեմ չենք, նրա իտալերեն խոսքի մատուցումը, մի կերպարից մյուսին անցումներն ու ճկուն պլաստիկան բնական էին: Սակայն դերասանի արտաքինը, մեղմ ասած, չէր տեղավորվում տրամաբանության մեջ: Երբ փոքրամարմին, սափրագլուխ, դեմքը մինչև ականջները մոխրագույն ներկած դերասանը կուլիսներից բեմ մտավ, պետք է խոստովանենք, որ նա ավելի շատ մուտանտի տպավորություն թողեց, քան թե Օթելլոյի: Ու դա դեռ չարյաց փոքրագույնն է, քանի որ Եվրոպայից ժամանած բեմամոլի խելքին փչեց իր ֆանտոմասային կերպարանքով բեմական ծաղրուծանակի ենթարկել նաև խեղճ Դեզդեմոնային:

Թատերարվեստի հանդեպ նման մակերեսային վերաբերմունքն էլ, ինչպես միշտ, արդարացնում են հետևյալ կերպ. նման չեմ, բայց կարևորն աննորմալության աստիճան արտասովոր եմ: Բնականաբար, արդյունքում փառատոնն էլ ընթանում էր կիսադատարկ կամ դատարկ դահլիճներով: Այդ օրերի միակ լուսավոր կետն ինչ-որ չափով հաջողված Մոլվոլիոյի դերակատարումն էր' Ուլյանովսկի դրամատիկական թատրոնի պարզունակ պայմանականությամբ ու ռուսաֆիկացված խաղով բեմապատումի մեջ որոշակիորեն առանձնացող թատերային կերպարավորումը:

Ինքնին հարց է ծագում. փառատոնի կազմակերպիչները դրսի ոչ թե թատերական, այլ թատերախառն թյուրիմացությունները բերել մատուցում են, որ ի՞նչ անեն ... Չլինի՞ թե մեր հանդիսատեսին թատերարվեստի քաղցը բեմական կրճոններով հագեցնող մշակութային անօթևան թափառաշրջիկի տեղ են դրել: Կամ կարող են արդյոք պատկան մարմինները բացատրել մեկ փոքրիշատե ստացված կերպարի համար փառատոն կազմակերպելու իմաստը: Ակներև է, որ փառատոնի կազմակերպիչներն իրենց ստանձնած գործին պատասխանատվությամբ չեն մոտեցել:

Այս թեմայով