13 Ապրիլ 2013, 11:29
249 |

Աննա Դավթյան. «Գիրք շնորհակալության»

Ասում են՝ «շնորհակալություն» բառը շատ երկար է, ու դրա փոխարեն ավելի հաճախ «մերսի»-ն են օգտագործում: Բայց «մերսի»-ի կարճությունն էլ մի տեսակ անպատասխանատվության ու ամենաթողության վտանգ է բերում:

Պատեհ ու անպատեհ առիթներով շռայլում ենք «մերսի» բառը, հեշտ ենք ասում, այնինչ՝ «շնորհակալության» դեպքում գուցե զլանայինք՝ հենց երկարության պատճառով: Ու մտածում եմ, որ մեր հանճարեղ ու պատահականություններ չհանդուրժող լեզվում «շնորհակալություն» բառը ստեղծվել է որոշակի չափանիշ ու արժեհամակարգ ապահովելու համար, այն դեպքում, երբ անընդհատ «մերսի» ասելով՝ մոռանում ենք նրանց ու այն ամենը, որոնց պարտավոր ենք շնորհակալություն ասել:

Աննա Դավթյանի «Գիրք շնորհակալության» բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս է տեսել հայերեն-անգլերեն լեզուներով, մի կողմից՝ բացահայտում կամ, ավելի ճիշտ՝ վերականգնում, մյուս կողմից՝ ընդարձակում է «շնորհակալության» սահմանները: Ցանկացած ապրում ու զգացողություն՝ սիրուց մինչև ատելություն, ցնծություն-հրճվանքից մինչև վախ ու կասկած, Չարենցից ու հարազատ եղբորից մինչև գայլ ու մկնիկ, միրգ ու համեմունք, քար ու վրձին, Աննա Դավթյանի բանաստեղծական նուրբ ու իմաստավոր տողերում գուցեև առաջին անգամ շնորհակալության են արժանանում՝ գոյավորելով «հեքիաթների հեքիաթը».

Ինձնից վերցվեց արտոնությունը,
հետո դատապարտվածությունը
և տրվեց ուրախությունը գրելու:
Հեքիաթների հեքիաթ:

Ընդհանրապես, Աննա Դավթյանն իր գրքում վերնագրից բացի գրեթե չի օգտագործում «շնորհակալություն» բառը: Բայց այն անխուսափելիորեն արտաբերելու ենք ամեն բանաստեղծության ընթերցումից հետո, որովհետև հեղինակը բացահայտում է էականը՝ շնորհակալությունը զգացողություն է, ապրում, որ ծնվում է երևույթների, մարդկանց ու իրերի խոր ճանաչողությունից.

Այն, ինչ ընկած է գիշերից
մինչև առավոտ –
նախշերը շարժումները, խարխափումը,
վախը, այլությունը,
և այն, ինչ ցերեկվա մեջ է –
միշտ եղածը, չկրկնվողը,
ցանկությունը՝ դեպի գիշերը գնացող,
փախուստը, մնալը, նայելը,
և այն, ինչ բացարձակ սահմանին է,
և այն, որ տեղավորվելու հատկություն չունի, շարժվում է,
և այն, որ կանգնած է, բայց չկա,
և այն, որ կա ինչ-որ տեղ,
ԲՈԼՈՐԸ
իմ մեջ են:

Իսկ գիրքը փակելուց հետո ծնվում-արտաբերվում է ամենամեծ շնորհակալությունը՝ ուղղված Աննա Դավթյանին, մեր շնորհակալությունների հասցեն այդպես նրբորեն ու ճիշտ ուղղորդելու համար:

Այս թեմայով