Ամենասարսափելի դեմքի արտահայտությունը ստանում եմ, երբ խմբագիրը կամ կոորդինատորը անունս են հիշատակում գովազդային նյութի շրջանակներում: Նախկինում նկարահանում անելու համար ուշքս գնում էր, բայց հենց գովազդից սկսվեց հիասթափություններիս շարքը:
Առաջին փորձս մի բանկ էր, գնացի, հարցազրույցներ արեցի, ինձ դրեցի բանիմաց մարդու, լրագրության կորիֆեյի տեղ՝ դատարկ գլուխս տմբտմբացնելով: Բանկի մենեջերն ամեն րոպե մոտենում էր ու ինչ-որ տող ասում, որն անպայման պիտի ընդգրկված լինի իմ տեքստում, կամ էլ ինչ-որ կարդր էր մատնացույց անում, որը նույնպես պարտադիր պիտի տեղ գտնի ռեպորտաժում, մի խոսքով, նստել էր ականջիս: Կես ժամից քիչ տևեց: Եկա հեռուստաընկերություն, ու թվում էր՝ ամեն ինչ ավելի քան հարթ անցավ: Այնինչ դարուփոսները նոր էին սկսվելու: Տեքստը գրեցի, խմբագրվեցի: Իհարկե, ապուշություն էր, բայց խմբագիրս այդքան չկենտրոնացավ նյութիս վրա: Հազարավոր հրատապ գրություններ ու անհամբեր լրագրողներ կան: Ձայնագրվեցի նույնպես առանց արտակարգ պատահարների, ու սկսվեց մոնտաժը:Արդեն քիչ էր մնացել, որ ավարտեինք, զանգ եկավ, որ սպասենք, պետք է գան, հասկանան՝ ինչ է ստացվել, ըստ այդմ՝ հաստատեն կամ ոչ: Ժամանեց բանկային պատվիրակությունը, չորս-հինգ հոգի: Ինքնագոհ հայացքով նյուզրումի մեջտեղում նստեցին ու աչքի պոչով ակնարկեցին, որ պատրաստ են դիտմանը: Չորրորդ վայրկյանում, երկրորդ կադրի ժամանակ սկսեցին դեմքի խոժոռ արտահայտություն ընդունել: Եվ այդպես ուղիղ մեկ ու կես տանջալից րոպե: Ինձ համար էդ ժամանակն անցավ ինչպես մեկ ժամ, եթե ոչ ավելի:
Կտտանքն ավարտվեց ու սկսվեց մեկ այլ՝ ոչ պակաս տաժանակիր փորձություն: Նրանք սկսեցին մեղադրել մեզ ասելով՝ վայ ձեր օպերատորը էս ինչ վատն ա, էս ինչ անհամ կադրեր են և այլն: Ընդ որում, իրենց գործընկերների կմկմոցներն էլ հաջողությամբ վերագրեցին մեզ, պնդելով, որ դրանք անպայման մշակենք: Այն աստիճան էի լցվել, որ ինձ մի կերպ զսպեցի: Երբ զգացի, որ էլ չեմ դիմանում, արագ քայլերով դուրս եկա նյուզրումից ու անհամաչափ քայլերով ընթացա ուղիղ ծխարան: Ես ընդհանրապես չեմ ծխում, ավելին՝ բժիշկներն ինձ կտրուկ արգելել են, բայց այդ պահին ոչինչ աչքիս չեկավ ու չկարողացա բարկությունս այլ կերպ կառավարել: Հետ եկա, տեսա՝ մոնտաժողը, գլուխը կախ, ինչ ասում են, անում է: Հուսալքված հայացքով ինձ նայեց. Իրար հասկացանք առանց բառերի:
Նորեկ էի, մտածում էի՝ այդ ես եմ մեղավոր: Բայց երկրորդ, երրորդ, հիսուներորդ նկարահանումից հետո վերջապես հասկացա, որ խնդիրը բնավ իմ մեջ չէ: Իրականում պատճառը գովազդատուի չափազանց անիմաստ քթիմազությունն է: Շատ չանցած նաև պարզեցի, որ ընդհանրապես որևէ լրագրող չի սիրում պրոմո նյութեր անել, որովհետև դա ենթադրում է, որ տեքստը պիտի հաստատի ոչ միայն խելացի խմբագիրը, այլ նաև տվյալ ընկերության PR-ի՝ շատ հաճախ ոչ ադեկվատ մենեջերը: Մի խոսքով՝ կատարյալ չարչարանք առանց արդարացման: