11 Ապրիլ 2013, 12:23
1631 |

Մատյան լրագրության. երբ դարից երկար ձգվում է օրը

Իմ ներսում լրագրողը հերթական անգամ հաղթանակ տարավ:

«Դե հիմա աղջիկ ա, նյարդային էր տվեց, սպանեց, ոչինչ կանցնի»: Ասես եռման ջուր թափվեց գլխիս: Միամտորեն ակնկալում էի, որ մանկասպանի մայրը կմեղադրի դստերն ու կկմկմա, որ աղջիկն անգիտակցորեն է այդ քայլին դիմել, որ հոգեկան շեղումներ ունի, որ Աստծուց ներում է աղերսում… Այնինչ 50-անց կնոջը հաջողվեց շեղման ենթարկել իմ ամբողջ երևակայությունը:

Աղջիկը երկու օր առաջ ծննդատանը դաժանաբար սպանել էր մի քանի ժամ առաջ ծնված որդուն: Երբ ինձ ուղարկեցին այս նկարահանումն անելու, մի պահ պապանձվեցի, անշարժացա, վտանգավոր ու ահասարսուռ նկարահանումների առաջին անգամ չէ, որ գնում եմ, բայց անշարժացա. սա այլ դեպք էր: Ճանապարհին նյարդերս մի փոքր թուլացան, հետո նորից պրկվեցին. ճամփան էր երկար, հասցրեցի բորբոքվել, ինքս ինձ հետ կռվել, հայհոյել մյուսներին, մեր դառը կյանքը: Աստիճանաբար կարճացավ տարածությունը ու շուտով հասնելու էի դեպքի վայր:

Մատներս սկսեցին դողալ, երբ հեռվից կարդացի «ծննդատուն» բառը: Դարպասներից ներս մտանք' երկու-երեք խումբ տղամարդիկ ժպիտը դեմքներին կանգնած էին, հավանաբար զավակ էին ունեցել: Իսկ ես լուրջ ու բարկացած դեմքով բացեցի կառույցի դուռն ու ներս մտա' կանչեք բժշկին: Հերթապահը մի քանի րոպեից ներկայացավ: Ցույց տվեց սենյակը, որտեղ կատարվել էր սպանությունն ու դետալներով սառնասրտորեն պատմեց մանրամասները, որոնք ոչ նյութում ներառեցի, ոչ էլ պատմել եմ որևէ ընկերոջս, ու համոզված եմ՝ լեզուս չի պտտվի երբևէ պատմել: Դա մղձավանջ էր, այն աստիճան, որ մեկ բաժակ ջուրն ընդամենը խոնավացրեց կոկորդս: Հետքերն ու իրերը այնքան խոսուն էին…Որքան էլ փորձառու լրագրող լինես, ինչքան էլ տեսնես նմանատիպ գազանություններ, անմարդկային դաժանություն, համոզված եմ՝ նորմալ մարդու համար այն երբեք սովորական չի դառնա: Նկարահանման ընթացքում կոկորդս քերում էր ճիչը, մի քանի անգամ ցանկանում էի բարձրաձայն հայտնել մտքերս, բայց մինչև վերջին պահը, չգիտեմ էլ ինչպես, լեզուս կծած ինձ զսպել եմ՝ հիշելով, որ լրագրողն անաչառ է, առանց զգացմունքների:

Վերջապես դուրս եկանք ծննդատնից, շնչեցի մաքուր օդն ու փորձեցի վերակենդանանալ: Ոչ պակաս ապշահար օպերատորիս հետ դուրս թափեցինք մեջներս կուտակված մաղձը, նստեցինք մեքենան: Կարծես ավարտվեց իմ կյանքի ամենատհաճ նկարահանումը: Վարորդը միացրեց շարժիչը, երբ մտքովս անցավ հեռուստաընկերություն վերադառնալուց առաջ գնալ նաև այդ աղջկա տուն: Իմ ներսում լրագրողը հերթական անգամ հաղթանակ տարավ: Հասցեն արագ ճշտեցի, արագ էլ գտանք: Միայն մայրն էր տանը, հանգիստ, անխռով պատմեց, որ իր 27-ամյա աղջիկը երրորդ երեխան էր ունենալու, ամուսնուց բաժանված էր, առաջին երեխան 14 տարեկան է, ֆինանսական խնդիրներ ուներ և այլն, և այլ: Մայրը փորձեց արդարացնել դստեր արարքը. «Դե հիմա աղջիկ ա, նյարդային էր, տվեց, սպանեց, ոչինչ կանցնի»: Կյանքումս լսած ամենազազրելի խոսքերը, որոնք այնպես են տպավորվել, մեխվել, դաջվել ուղեղիս մեջ, որ, թվում է՝ էլ երբեք չեն ջնջվելու…. Նման օրերին ատում եմ լրագրությունը ավելին, քան գովազդային նյութերի ժամանակ:

Այս թեմայով