03 Ապրիլ 2013, 12:32
1677 |

Ջոան Ռոուլինգ. «Պատահական թափուր պաշտոն»

«Գրողը տանի,- արտաբերեց Գայան՝ շուռ տալով տարան ու նետելով այն աղբամանը:- Այս քաղաքում մարդիկ խելքները թռցրել են»:

Ջոան Քեթլին Ռոուլինգը՝ համայն Հարի Փոթերի մայրը, գրեց իր առաջին գիրքը մեծահասակների համար, և հանկարծ պարզվեց, որ ֆանտաստիկ, ոչ մի բանի չնմանվող կախարդության ու մոգության աշխարհը՝ Հոգվարթսը հնարած կինը, ում յոթ նախորդ գրքերն իսկական ֆենոմեն ու պաշտամունքի առարկա են դարձել, բոլորովին ակնհայտ խնդիրներ ունի լուրջ արձակի հետ: Մագլերի, ավելի ճիշտ՝ նրանց կենսական իրողությունների նկարագրության հարցում Ռոուլինգի մոտ ամեն ինչ այնքան էլ տեղը տեղին չէ:

Ընդհանուր առմամբ «Պատահական թափուր պաշտոն»-ի սյուժեն ծավալվում է ոչ մեծ անգլիական քաղաքում՝ Փեգֆորդում, քաղաքային խորհրդի նոր անդամի ընտրությունների շուրջ: Բարի Ֆեյրբրազերի մահից հետո խորհրդում թափուր պաշտոն է առաջանում, և ահա այդտեղ էլ Պանդորայի տուփի կափարիչը ճայթյունով դուրս է թռնում: Նախընտրական առնետավազքի ընթացքում պարզվում է, որ հանդարտ, առաջին հայացքից բարեկարգ քաղաքում լուրջ կրքեր են բորբոքվում. ամուսինները դավաճանում են կանանց, կանայք սիրահետում են տասնվեցամյա դեռահասներին, իսկ երեխաները՝ չարախինդ անանուն նամակներ գրում իրենց ծնողներին: Այնպիսի տպավորություն է, թե Փեգֆորդը միանգամից գրոհել են բոլոր դեմենտորները: Մեծ հաշվով հեղինակն ընտրել է բոլոր հնարավոր հանգույցներից ոչ վատագույնը, բայց, չգիտես ինչու, Ռոուլինգի կատարմամբ գավառական անգլիական քաղաքի բոլոր այդ մանր-մունր կրքերն այնքան ձանձրալի են թվում, որ ամեն երեսուն էջից հետո ուզում ես աղմուկով փակել գիրքն ու այլևս երբեք չանդրադառնալ դրան:

Ընդհանրապես այնպիսի տպավորություն է, որ «Պատահական թափուր պաշտոն»-ում Ռոուլինգը որոշել է խաղալ միանգամից բոլոր խաղերը՝ էլ բռնություն, էլ թմրանյութեր և նույնիսկ ինցեստ: Ինչպես նաև բազմաթիվ ցենզուրայից դուրս արտահայտություններ և դեռահասների սեռական կյանքի բավականին մանրակրկիտ նկարագրություններ: «Շատ լինի, քիչ չլինի» սկզբունքով: Հասկանալի է, որ այդ կերպ Ռոուլինգը փորձել է հնարավորինս օտարել իրեն մանկական գրողի ամրացած պիտակից, բայց ամեն ինչում պետք է չափ ճանաչել:

Այդուհանդերձ, գրքի գլխավոր բացասական կողմը անգամ դրա սյուժեն կամ որոշ տեսարանների անհարկի գռեհկությունը չէ, այլ կերպարները՝ ստվարաթղթե, պարադոքսալ կերպով անիրական: Որքան էլ հեղինակը ջանացել է, միևնույն է՝ նրանք ամենևին հույզեր չեն արթնացնում: Իսկ եթե դրա հետ մեկտեղ հաշվի առնենք, որ արդեն տասներորդ էջում նրանց թիվը կտրուկ գերազանցում է քսանը, ապա բոլորին մտապահելը լուրջ խնդիր է: Ռոուլինգն առավել հաջող կերտել է դեռահասների կերպարները, բայց դե մինչև «Պատահական թափուր պաշտոն»-ը նա փոթերական սագայի ոչ ավելի, ոչ պակաս յոթ գիրք է ունեցել, իսկ դա բավական է հմտանալու պատանեկան հոգեբանության նրբությունների պատկերավոր նկարագրության գործում:

Առավել մոլորեցնում են «Պատահական թափուր պաշտոն»-ի ժանրը որոշելու ջանքերը: Դրամա՞: Սոցիալական մանիֆե՞ստ: Մեկ առանձին վերցրած խուլ քաղաքի կյանքի ու բարքերի նկարագրություննե՞ր: Դե արի ու գլուխ հանի:

Մի խոսքով, երկար-բարակ չծավալվելով գրքի շուրջ և ամփոփելով վերը նշվածը՝ ուզում եմ ասել, որ, ըստ իս, Ջոան Ռոուլինգի այդ արկածախնդրությունը միանշանակ իրեն չարդարացրեց:

Այս թեմայով