28 Մարտ 2013, 18:15
2353 |

Փաբիստի արկածները. Beer Academy-ի ամենաարտառոց այցելուն

Երևի արդեն հազարերորդ անգամ էի Beer Academy գնալու հրավեր ստանում, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում: Նույնիսկ տեղը չգիտեի: Ի վերջո հայտնվեցի ամենագարեջրառատ վայրում:

Ես գարեջուր չեմ սիրում ու երևի երբեք էլ չսիրեմ: Բայց դա պատճառ չէր գոնե մեկ անգամ այս վայր ոտք չդնելու համար: Ինձ ասել էին, որ այն «Պոպլովոկի» մոտ է: Դանդաղ քայլքով առաջ շարժվեցի, որպեսզի աչքիցս չվրիպի: Համարյա հասել էի նշանակետին, երբ ուղղակի ապշեցի:

Ժամանակին Beer Academy-ի վայրում Heaven կոչվող դիսկոտեկն էր: Հիշում եմ, հինգ-վեց տարի առաջ կուրսեցիներով գնում էինք, նոր-նոր էին նման վայրերը մուտք գործում հայ ժամանցասեր երիտասարդների կյանք: Ու հիմա, երբ այդ ամենից անցել է այդքան երկար ժամանակ, ես նորից ոտք եմ դնելու այդ վայր: Նույնիսկ մի պահ հուզվեցի, բայց դա երկար չտևեց, քանի որ ներս մտնելուց անմիջապես հետո մթնոլորտը փոխվեց, տրամադրությունս՝ նույնպես:

Նախասրահում դատարկություն էր, ցանկության դեպքում կարող էիր վերարկուդ թողնել այդտեղ, բայց ես անհամբերությունից մեռնում էի, ուզում էի րոպե առաջ ոտք դնել գլխավոր սրահ, որտեղից աշխույժ ու ռիթմիկ երաժշտությունն ինձ էր կանչում: Ներս մտա ու հենց մուտքի մոտ մի քանի վայրկյան զարմանքից քարացա: Աչքերիս չէի հավատում, գտնվում էի Երևանի ամենաընդարձակ փաբերից մեկում: Միանգամից բացվում է ուղղահայաց ձգվող սրահը, աջ ու ձախ կողմերում՝ սեղան-աթոռները, իսկ դիմացի հատվածում' բեմը:

Սա իսկական Beer Academy էր, վայր՝ նախատեսված գարեջրի ֆանատների համար: Քանի որ ես հեռու էի այդ կոչումից, ինձ զգում էի պարզապես այցելու: Բայց այս յուրօրինակ «ակադեմիայի» մենյուն, այնուամենայնիվ, ուսումնասիրեցի: Այստեղ կարելի էր գտնել բազմատեսակ գարեջուրներ: Ի դեպ, ինձ գրավեց ոչ միայն վայրը, մենյուն, այլև նրա հսկիչը կամ մենեջերը, անվանեք' ինչպես կուզեք: Պատկառելի տարիքի այդ մարդը շրջում էր փաբով մեկ և հսկում ընդհանուր մթնոլորտը: Պարզվեց՝ նրան «ակադեմիայի ռեկտոր» են անվանում: Մինչև հիանում էի իմ նոր բացահայտումով և ունկնդրում ելույթ ունեցող խմբին, ականջիս շշուկներ հասան'«Հայկոն էլ ա ստեղ»: Երգիչ Հայկոյի մասին էր խոսքը, պարզվում է՝ դեռ կան հայտնի մարդ տեսնելիս զարմացողներ:

Ես ավելի շատ զարմացա մեկ այլ երևույթի վրա' կյանքումս առաջին անգամ փաբում հանդիպեցի օդաչուի: Դե, իհարկե, այսքան ժամանակ իմ նստած ինքնաթիռները առանց օդաչուի չէին, պարզապես առերես օդաչուի դեռ չէի հանդիպել: Բարետես արտաքինով ժպտերես երիտասարդը բերանից մի նախադասություն թռցրեց ու կրակն ընկավ. «Լավ տեղ ա թռիչքից հետո գալու համար»: Իմ հարցերի տարափից նա անակնկալի չեկավ, հակիճ պատմեց, թե ինչպիսին է կյանքը «երկնքում»: Հարմար առիթի ու համապատասխան տրամադրության դեպքում ես այդ ամենն անպայման կհանձնեմ word document-ին:

Այս թեմայով