22 Մարտ 2013, 16:23
1356 |

Մատյան լրագրության. կոստյո՞ւմն է, որ կզարդարի քեզ

Պետք է մանրադիտակով անցկացնես քեզ, հետո զբաղվես լրագրությամբ:

- Դու եթերում ես, դու լրատվամիջոցի դեմքերից մեկն ես, դու իրավունք չունես սպորտային շորեր հագնել, առանց սափրվելու տնից դուրս գալ, անխնամ տեսք ունենալ, նույնիսկ՝ կիրակի օրերին: Դու պետք է կոկիկ հանգնվես, միշտ օձիքով:

Սա ինձ ասացին առաջին անգամ խմբագրություն մտնելիս, քանի դեռ ես շվարած շուրջբոլորս էի նայում ու դեռ չէի էլ պատկերացնում՝ ինչ ղալաթ եմ ուտում լրագրություն խաղալով: Մտածում էի, որ կուրսի գերազանցիկն եմ, լավագույնը, միակը, ֆակուլտետի ամենաթույն տղեն, իսկ այստեղ մի վայրկյանում դարձա ամենավերջին անգրագետը, կադրից ոչինչ չհասկացող թուղթ տանող-բերողը:

Սառը ցնցուղն ազդեց վրաս: Ճիշտն ասած, դասական ոճը միշտ էլ գերադասել եմ, ջինսեր կրում եմ վերջին երկու տարին, մինչև այդ սովորական տաբատ էի նախընտրում: Ջինսից հրաժարվելու պահանջն մի քիչ ինձ շփոթեցրեց, բայց ճարս ինչ: Իմ սիրած խանութից գնեցի մի քանի վերնաշապիկ, տաբատ, մի խոսքով՝ թարմացրի զգեստապահարանս: Այդ օրից ի վեր ինձ համար դասական ոճը դարձավ դոգմա, անգամ կիրակի օրերին անսովոր է շապիկով շրջելը:

Լրագրողի կերպարը ստիպում է մատուցել բովանդակությունը ձևի հետ համադրմամբ: Ճոխ հագնվել այդպես էլ չսովորեցի, ունեմ-չունեմ երեք վերնաշապիկ, երկու կոստյում և երեք ջինսեր, որոնք հիմնականում տաբու են: Հերթափոխով անցկացնում եմ շաբաթը, երկու օր չի կարող կրկվել նույն հագուստը: Մեր աշխատավայրում դա գիտեն բոլորը, եթե նույն հագուստով հաջորդ օրը գալիս եմ, ուրեմն տանը չեմ գիշերել: Հեռուստադիտողը զգայուն է, երբեք չի կարելի թերագնահատել նրան: Սա խմբագրիս պատասխանն էր իմ հարցին՝ թե հեռուստադիտողները հո լրագրող չեն, որ հասկանան ինչ կեցվածք ունեմ: Նա ասաց, որ յուրաքանչյուր մարմին ուշադրության կենտրում է: Պետք է մանրադիտակով անցկացնես քեզ, հետո զբաղվես լրագրությամբ: Այլապես խմբագիրը քեզ համար հիշեցումների շտեմարան կգրի:

Այս թեմայով