07 Մարտ 2013, 22:22
1976 |

Մատյան լրագրության. կանանց տոնական բանաձևը

Այլ սցենար հնարավոր էլ չէ, որովհետև հանուն աշխատանքի կին լրագրողը սեփական կամքով ամեն օր զոհաբերում է սիրո մի վեհ գաղափար, կենցաղային երջանկության րոպեներ, երեխաներ ունենալու և խնամելու ցանկությունը՝ փոխարենը դառնալով հայտնի, ճանաչված, գրագետ, բազմակողմանի տեղեկացված: Միևնույն ժամանակ՝ չսիրված…

- Ազիզ ջան, երեխա ունե՞ս:
- Ոչ, պարոն ….. յան:
- Վայ, բա ինչի՞, բա շուտ ասա, օգնենք, ունենաս:

Սա մայրաքաղաքի պոռնիկների ու ջահել հղփացածների զրույցից չէր: Հատված է ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ Հայաստանի խորհրդարանից: Ինձ չեն պատմել, լսել եմ անձամբ այն մարդուց, ում արել են այս առաջարկը: Պատգամավորն էր այսպես հումորի վերածել զրույցը լրագրողի հետ: Բայց տոնական գրառումս ոչ լրագրողի նկատմամբ կատարած ոտնձգության, ոչ էլ հայհոյանքի մասին է: Այն մասին է, որ պատգամավորը նույնիսկ տեղյակ էլ չէր, որ լրագրողի սրտից էր խոսել, նվիրական ցանկությունից: Լրագրողն էլ իրականում չէր վիրավորվել, ոչ էլ հրապարակավ համաձայնվել էր, պարզապես նրա մեջ հերթական անգամ եռացել էր կույս մնալու անեծքը:

Լրագրողին  «սեքսի» հրավիրած զրուցակիցը ոչ նորություն է, ոչ էլ հազվադեպ հանդիպող դեպք: Պատգամավորական որոշ հեղինակություններ երբեմն ընդգծված էրոտիկ պատասխաններ են տալիս պաշտոնական հարցերին: Հետաքրքիր է, որ լրագրողուհիների մեծ մասը սեքսուալ դիալոգը ընդամենը ծիծաղելի է համարում:

Ընդհանրապես, լրագրող կանայք շատ են տարբերվում այլ կանանցից: Իրենց բնույթով կանայք ավելի պոռթկուն են, անզուսպ, իսկ լրագրության պես կրքոտ ասպարեզում դա ավելի է ընդգծվում: Մինչ տղամարդիկ փորձում են հաշվարկել քայլերը, կինն արդեն գործում է: Հաճախ եմ նկատել, ինչպես են կին լրագրողները բարձրաստիճան պաշտոնյաներին հարց ուղղել, որտեղ բովանդակությունը բացակայում է: Նրանք գիտեն, որ ռեպլիկը լավագույն մեսիջն է թիրախին շեղելու համար: Աղջիկները միանշանակ շատ են տեղեկատվական ոլորտում, սակայն ասել, որ դրանից լրագրության որակը բարձրանում է՝ ես չեմ կարող: Սկսեմ արտաքին գործոններից. անխնամ մազերով, անճաշակ հագուստով, ուղեղից կարճ շրջազգեստով, կոտրած կիսաներկ եղունգներով, կրծքերի վատ դասավորությամբ ու հայացքի չափազանց ինքնագոհությամբ: Նման տեսքով մամուլի ասուլիսների ներկայացած լրագրողը իսկական դժբախտություն է, էլ չեմ խոսում անգրագետ հարցադրումների ու անտեղի հարձակումների մասին:

Ավելի բռնկուն են մանավանդ տարիքն առած ու չամուսնացած աղջիկները, ավելի մարդատյաց ու ավելի տղամարդանման: Բայց այսօր՝ մարտի 8-ին, նրանք հավասարապես սպասում են անակնկալի, զանգի, հաճոյախոսության: Այլ հարց, որ այդպես էլ չեն ստանում. գուցե չեն ստանում ու ատելությունը հենց այստեղից էլ սկսվում է: Չեն ստանում, որովհետև ագրեսիվ են: Ագրեսիվ են, միգուցե որովհետև «տունն են մնացել», շատերը ավելի կոշտ որակումներ են անում` սեքսի պակասն է, մի մասն էլ համարում է, որ կին-լրագրողը պիտի անձնական կյանք ընդհանրապես չունենա:

Նրանց մարտի 8-ի առավոտը սկսվում է նույն տրամաբանությամբ, ինչ երեկվա ու նախորդող օրերինը, ցերեկը կանցնի ճիշտ այնպես, ինչպես հունվարին կամ փետրվարին, իսկ երեկոն կեզրափակվի գուցե մի փոքր ավելի աշխույժ` իր պես ընկերուհիների հետ խմելով ու խեղդելով արտաքինից չափազանց մեծ հպարտությունը, ներքինից՝ տարիների կուտակած միայնությունն ու անբախտությունը: Այլ սցենար հնարավոր էլ չէ, որովհետև հանուն աշխատանքի կին լրագրողը սեփական կամքով ամեն օր զոհաբերում է սիրո մի վեհ գաղափար, կենցաղային երջանկության րոպեներ, երեխաներ ունենալու և խնամելու ցանկությունը՝  փոխարենը դառնալով հայտնի, ճանաչված, գրագետ, բազմակողմանի տեղեկացված: Միևնույն ժամանակ՝ չսիրված…  

 

Այս թեմայով