23 Մարտ 2015, 12:18
2979 |

Վարպետը ծխել էր ուզում

Սրճարանում նստած էի, երբ կողքի սեղանից լսեցի Կարեն Ջանիբեկյանի մահվան լուրը: Չգիտեմ ինչու՝ միանգամից չտխրեցի, նույնիսկ թեթեւ ժպիտ եկավ դեմքիս. վարպետը ինքն էլ էր ծիծաղով խոսում իր մահվան մասին: Միանգամից հիշեցի նրա հետ առաջին հանդիպումս: Ուղիղ մեկ տարի առաջ էր: Ռադիոհաղորդման համար հյուր էր պետք, եթերին մի քանի ժամ էր մնում ու ոչ ոք չէր համաձայնում գալ տաղավար: Թատրոնից էինք խոսելու: Հերթով զանգահարում էի հեռախոսագրքում գրանցած համարներին, չէին պատասխանում, անհասանելի էին: Հերթական թվերը հավաքեցի, սպասեցի մի քանի վայրկյան, հակառակ կողմից «ալո»-ն լսելուց հետո պետք էր դիմել զրուցակցին, հիշեցի, որ չեմ նայել՝ ինչ անուն է գրված համարի դիմաց, էդպես շատ է պատահում: Մի քանի խռպոտ ու հազախառն «ալոներից» գլխի ընկա՝ Կարեն Ջանիբեկյանն է: Վարպետին համոզեցի, շաաատ երկար համոզեցի, ստիպված եղա բանակցություններ վարել կնոջ՝ դրամատուրգ Լիանա Անթառանյանի հետ, մինչև ի վերջո համաձայնեց գալ:

Մեկ ժամից սպիտակ մորուքով պապիկը կնոջ հեռ ռադիոկայանի մուտքի մոտ էր: Նայեց աստիճաններին, խորամանկ էր՝ միանգամից հարցրեց.
- Ո՞ր հարկն ենք բարձրանում:
- Վերջին՝ չորրորդ:
- Լիանա, հետ ենք գնում, շուտ, ես էդքան բարձրացողը չեմ:

Մի կերպ համոզեցի՝ բարձրացավ. միաժամանակ սկսվեց իրեն հատուկ հեղինակավոր ու բրենդային հազը, վարպետը վատառողջ էր: Քանի որ անդադար հազում էր, տաղավար բերեց նաեւ կնոջը՝ միաժամանակ հանձնարարելով. «Հենց սկսեմ հազալ. դու կխոսես, հո խայտառակ չենք լինելու»:

Խայտառկ չեղանք, քառասուն րոպե խոսեցինք, հաջող հարցազրույց ստացվեց, թեպետ ամբողջ գիշեր մոնտաժի համակարգչի դիմաց էի հազը մաքրելու համար: Հիմա եմ ափսոսում՝ պետք էր թողնել:

Այդ օրը կյանքումս առաջին ու դեռեւս միակ անգամ ծխելու համար ամաչեցի: Հարցազրույցից հետո սեղանի շուրջ նստած էինք, մի քանիսով վառեցինք սիգարետները: Ջանիբեկյանի շուրջբոլորը պատվեց թանձր ծխով, դեմքին թե՛ ժպիտ, թե՛ ինչ-որ բան անելու անհագ ցանկություն եկավ: Չգիտեինք՝ հիվանդ է, բժիշկն արգելել էր ծխել: Ամեն դեպքում՝ Լիանային խնդրեց ծխախոտ տալ, մերժվեց:

Ամոթից գետինը մտա, կիսատ ծխախոտը հանգցրի ու մեղավոր հայացքով նայեցի տխուր դեմքին:

Վարպետը ծխել էր ուզում…

Այս թեմայով