12 Սեպտեմբեր 2014, 09:05
1708 |

Հուշերի արձանագրում

Քանի դեռ թարմ են Անաստաս Միկոյանի արձանի շուրջ վեճերը և քանի դեռ հասկանալի էլ չէ՝ արդյոք կտեղադրվի՞ այն, թե ոչ, մենք որոշեցինք պարզել, թե ով է ընդհանրապես զբաղվում մայրաքաղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է դրանք տեղադրվեն, արդյոք արձանների կանգնեցումը միայն պետական մարմինների նախաձեռնությունն ու որոշելիքն է և, վերջապես, ի՞նչ է պակասում այսօրվա երևանյան քանդակային մշակույթին:

Պաշտոնական ընթացակարգը
Եվ այսպես, որտեղի՞ց են մեր փողոցներում հայտնվում ձուլված գրողները, երաժիշտները և քաղաքական գործիչները: Որոշումները կայացնում է Երևանի ավագանին: Կարգը հետևյալն է. հուշարձանի տեղադրման առաջարկը քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանությանն ար-ժանանալուց հետո ներկայացվում է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, իսկ վերջինիս հավանությանն արժանանալուց հետո՝ Երևանի ավագանու քննարկմանը:

Ինչպես մեր հարցմանը տված պատասխանում նշել էին քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ առաջնահերթությունը սովորաբար տրվում է պետական, ազգային հիշարժան տարեթվերին, իրադարձություններին և անհատներին վերաբերող թեմաներին, որոնք հաճախ առաջարկում է Երևանի քաղաքապետարանը՝ պարբերաբար հայտարարված մրցույթների միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանը ստանում է նաև տարբեր առաջարկություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք հիմնականում ներկայացվում են գեղարվեստի հանձնաժողովի քննարկմանը:

Հուշարձանի տեղադրման վայրի վերաբերյալ իր առաջարկն է անում նախաձեռնող կողմը, որը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում ևս ներկայացվում է Երևանի ավագանուն:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակները Կասկադը դարձրել են քաղաքի ամենայուրահատուկ վայրերից մեկը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակները Կասկադը դարձրել են քաղաքի ամենայուրահատուկ վայրերից մեկը

Բացառությունը
Երևանի քաղաքապետարանը, փաստորեն, վերահսկում է Երևան համայնքի ողջ տարածքում հուշարձանների տեղադրման ընթացակարգը: Ողջ տարածքում, բացի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին պատկանող տարածքից, այն է՝ Կասկադ համալիրից ու Գաֆէսճեան քանդակների պարտեզից՝ ընդհուպ մինչև Ալեքսանդր Թամանյանի արձանը: Պարզվում է՝ այստեղ արդեն տարածքն օգտագործելու համար թույլտվություն է հարցնում Երևանի քաղաքապետարանը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հիմնադրամին պատկանող տարածքում յուրաքանչյուր նոր քանդակի կամ արձանի տեղադրումը լուրջ և հանգամանալից աշխատանքի արդյունք է: «Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում ենք, այն է, որ պետք է ներկայացնենք Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անձնական հավաքածուի մեջ ընդգրկված աշխատանք: Ընդ որում, ընտրությունը կանգ է առնում այն հեղինակների վրա, որոնց աշխատանքներն ավելի հանրային բնույթի են և հարմար են բացօթյա տարածքում տեղադրելու համար: Ինչ վերաբերում է տեղադրման վայրին, ապա այն ընտրվում է՝ ելնելով Կասկադ համալիրի, մյուս քանդակների, պարտեզի ծաղկային ձևավորումների հետ էսթետիկական և մասշտաբային ճիշտ փոխհարաբերակցությունը պահպանելու սկզբունքից: Համալիրն ընդհանուր առմամբ պետք է պահպանի իր ներդաշնակությունը, իսկ նոր աշխատանքը ներկայանալի տեսք և սեփական տարածք ունենա՝ չանջատվելով միջավայրից», — նշում է փոխտնօրենը: Ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, թանգարանին հաջողվում է պահպանել քաղաքի՝ ամենայուրահատուկ քանդակներով տարածքի համբավը, չնայած որ լինում են նաև մեծ վեճեր՝ բա-վական է հիշել միայն երկու տարի առաջ Ֆերնանդո Բոտեռոյի «Ծխող կնոջ» շուրջ բարձրացած աղմուկը:

Հեղինակի սրտից
Եթե վերոնշյալ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորն» ու «Սև կատուն» Երևան եկել հասել են հեռավոր Կոլումբիայից (իսկ Կասկադի մյուս քանդակները՝ բազմաթիվ այլ երկրներից), ապա մայրաքաղաքի արձանների մեծ մասը, այդուհանդերձ, այստեղ էլ կերտվում են՝ տեղացի վարպետների կողմից: Դրանցից մեկը քանդակագործ Արմեն Վարդանյանն է: Հիմա նա իր արվեստանոցում՝ Կիևյան փողոցի վրա, աշխատում է «Արարատ 73»-ին նվիրված հուշարձանի վրա՝ մրցույթի համար է: Տեղը դեռ պարզ չէ, պարզ չէ նաև, թե երբ կհայտարարվի հաղթողը. «Սկզբում մրցույթին 10 օր էին տվել, հետո դարձավ երկու ամիս»: Առհասարակ, նման աշխատելաոճը, ըստ քանդակագործի, սովորական է դարձել. «Էլ ոչ նեղվում ենք, ոչ զարմանում»: Իր արվեստանոցում շատ գործեր ունի, որոնք ստեղծել է հայտարարված տարբեր մրցույթներին մասնակցելու համար: Բայց դրանցից շատերն իրենց տրամաբանական ավարտին այդպես էլ չեն հասել: Օրինակ, օդանավակայանում արձան տեղադրելու մրցույթին Վարդանյանի ներկայացրած աշխատանքը տեսել էին, հավանել, բայց պարզվել էր, որ այն հարմար չէ շինության ներսում տեղադրելու համար, չնայած հայտարարված մրցույթի պայմաններում ոչ արձանի չափերն են նշված եղել, ոչ էլ դրա՝ ներսում տեղադրվելու մասին մանրամասները:

Արտասահմանում ունեցած իր փորձը վարպետը երազում է մի օր էլ Հայաստանում տեսնել: Այնտեղ ամեն ինչ հստակ է ու պարզ: Բայց հո չե՞ն կարող բոլոր երևանցի քանդակագործները մեկնել դուրս աշխատելու: «Հիմա մի 50-60 իմ տարիքի քանդակագործներ են մնացել Երևանում, ամեն մեկն իր արվեստանոցում աշխատում է: Գերեզմանաքարի գործեր էլ ենք անում, որը հաճույքով չենք անում, բայց անում ենք: Պետական պատվերների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, իսկ անհատները մեկ-մեկ գալիս փոքրիկ գործեր են առնում նվերի համար», — ասում է վարպետը: Բայց անհատական պատվերների վրա աշխատելիս առավե՛լ ևս չես իմանա աշխատանքիդ ճակատագիրը: Քանդակագործը հիշում է իր «Շորն ու Շորշորը», որ մի քանի տարի զարդարում էր Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ, իսկ հետո հայտնվեց պատվիրատուի ամառանոցում: Նա համոզված է, որ մոնումետալ քանդակը գեղարվեստական լուրջ հարցեր է լուծում, փոխում միջավայրը, տրամադրություն թելադրում: «Իսկ մեզ մոտ տեղադրում են հուշարձան՝ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի: Չնայած հիմա շատ բան չեն էլ տեղադրում, տեղադրելուց էլ ոնց պատահի ընտրում են հեղինակին, գործն ու դրա տեղադրման վայրը»:

«Շոռն ու Շորշոռը» Աբովյան փողոցից հեռացան պատվիրատուի ցանկությամբ
«Շոռն ու Շորշոռը» Աբովյան փողոցից հեռացան պատվիրատուի ցանկությամբ

Խնամքի մասին
Արձանների ճիշտ, գրագետ տեղադրումով, սակայն, գործը չի ավարտվում: Պետք է դեռ հետևել դրանց վիճակին: Օրինակ՝ մաքրել թռչունների արտաթորանքից (եթե մարդու համար դա «ղսմաթ» է, ապա արձանների՝ միայն և միայն վնաս): Երևանում այս առումով խնդիրները շատ են: «Մայր Հայաստանի» և «Սայաթ-Նովայի» հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, պատմում է, թե ինչպես ի սկզբանե լավ մտադրությունը (նախագիծն իրանացվում էր «Լինսի» հիմնադրամի կողմից) ճիշտ հակառակ արդյունքի բերեց: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, օրինակ, «զոհ» դարձան հանդիսավոր մուտքի տուֆակերտ հարթաքանդակները և նույն հրապարակում տեղադրված «Փյունիկ» արձանն ու Սունդուկյանի հուշարձանը: Պատճառը՝ մշակումն իրանացվել է հզոր ճնշումով աշխատող ավազաշիթով: Ինչպես հայտնում է այս ստեղծագործությունների հեղինակի որդին, նման մոտեցման հետևանքով անշտկելի ու հսկայական վնաս է հասցված քանդակներին. քայքայվել է տուֆի կառուցվածքը, այն ծերացել է մի քանի հարյուրամյակով, մեծապես տուժել են կամ նույնիսկ անհետացել են հարթաքանդակների դիմային նկարագրերն ու պատկերների մանրամասները: «Փառք աստծո, քիչ էր վնասված պորտալի աջ վերին անկյունում Արտավազդ թագավորի հարթաքանդակը, որը խորհրդային իշխանության օրոք համալիրի կազմում իրականացավ միայն հեղինակի աննախադեպ համառ պայքարի շնորհիվ», — քիչ թե շատ սփոփանքով ասում է Հարությունյանը:

Քանդակագործ Արմեն Վարդանյանը
Քանդակագործ Արմեն Վարդանյանը

Մեկ այլ դեպք է հիշում Արմեն Վարդանյանը՝ Աղայանի անվան դպրոցի դիմաց տեղադրված՝ գրողի բրոնզե կիսանդրու մասին, որը կերտել է Վարդանյանի հայրը: «90-ականներին բրոնզը ներկել էին մոխրագույն ներկով ու տեսքից թվում էր, թե արձանը բազալտից է: Գնացի տնօրենի մոտ, որ ճշտեմ՝ ինչու են ներկել: Ասաց, թե կարծում էին՝ արձանը կեղտոտվել է, ներկեցին, որ թարմանա: Ախր նման բան չի կարելի անել, առանց իմանալու ինչ-որ քայլեր ձեռնարկել… Բայց ես լռեցի, քանի որ էդ տարիներին բրոնզը շատ էին տանում, մտածեցի՝ այդպես գոնե արձանին ձեռք չեն տա: Հիմա մի քիչ կարգավորվի, պիտի գնամ ասեմ, որ պետք է մաքրել ներկը, դա էլ մեծ աշխատանք է», — ասում է վարպետը: Հեղինակի սրտից
Եթե վերոնշյալ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորն» ու «Սև կատուն» Երևան եկել հասել են հեռավոր Կոլումբիայից (իսկ Կասկադի մյուս քանդակները՝ բազմաթիվ այլ երկրներից), ապա մայրաքաղաքի արձանների մեծ մասը, այդուհանդերձ, այստեղ էլ կերտվում են՝ տեղացի վարպետների կողմից: Դրանցից մեկը քանդակագործ Արմեն Վարդանյանն է: Հիմա նա իր արվեստանոցում՝ Կիևյան փողոցի վրա, աշխատում է «Արարատ 73»-ին նվիրված հուշարձանի վրա՝ մրցույթի համար է: Տեղը դեռ պարզ չէ, պարզ չէ նաև, թե երբ կհայտարարվի հաղթողը. «Սկզբում մրցույթին 10 օր էին տվել, հետո դարձավ երկու ամիս»: Առհասարակ, նման աշխատելաոճը, ըստ քանդակագործի, սովորական է դարձել. «Էլ ոչ նեղվում ենք, ոչ զարմանում»: Իր արվեստանոցում շատ գործեր ունի, որոնք ստեղծել է հայտարարված տարբեր մրցույթներին մասնակցելու համար: Բայց դրանցից շատերն իրենց տրամաբանական ավարտին այդպես էլ չեն հասել: Օրինակ, օդանավակայանում արձան տեղադրելու մրցույթին Վարդանյանի ներկայացրած աշխատանքը տեսել էին, հավանել, բայց պարզվել էր, որ այն հարմար չէ շինության ներսում տեղադրելու համար, չնայած հայտարարված մրցույթի պայմաններում ոչ արձանի չափերն են նշված եղել, ոչ էլ դրա՝ ներսում տեղադրվելու մասին մանրամասները:

Արտասահմանում ունեցած իր փորձը վարպետը երազում է մի օր էլ Հայաստանում տեսնել: Այնտեղ ամեն ինչ հստակ է ու պարզ: Բայց հո չե՞ն կարող բոլոր երևանցի քանդակագործները մեկնել դուրս աշխատելու: «Հիմա մի 50-60 իմ տարիքի քանդակագործներ են մնացել Երևանում, ամեն մեկն իր արվեստանոցում աշխատում է: Գերեզմանաքարի գործեր էլ ենք անում, որը հաճույքով չենք անում, բայց անում ենք: Պետական պատվերների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, իսկ անհատները մեկ-մեկ գալիս փոքրիկ գործեր են առնում նվերի համար», — ասում է վարպետը: Բայց անհատական պատվերների վրա աշխատելիս առավե՛լ ևս չես իմանա աշխատանքիդ ճակատագիրը: Քանդակագործը հիշում է իր «Շորն ու Շորշորը», որ մի քանի տարի զարդարում էր Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ, իսկ հետո հայտնվեց պատվիրատուի ամառանոցում:

Նա համոզված է, որ մոնումետալ քանդակը գեղարվեստական լուրջ հարցեր է լուծում, փոխում միջավայրը, տրամադրություն թելադրում: «Իսկ մեզ մոտ տեղադրում են հուշարձան՝ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի: Չնայած հիմա շատ բան չեն էլ տեղադրում, տեղադրելուց էլ ոնց պատահի ընտրում են հեղինակին, գործն ու դրա տեղադրման վայրը»:

Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանի բախտն այս առումով ավելի է բերել, թեև այս հռչակավոր կերտվածքն էլ ունեցել է լուրջ խնդիրներ: Հատկապես հետխորհրդային առաջին տարիներին այն անուշադրության է մատնված եղել, նույնիսկ համբերության բաժակն էին մի քանի անգամ պոկել տարել: Միայն 2009-ին քաղաքապետարա-նը որոշ միջոցներ ձեռնարկեց, իսկ 2011-ին Երևանի խորհրդանիշներից մեկի կարգի բերման գործին լծվեց մասնավոր սեկտորը: Ավելի ճիշտ՝ «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը, որն իր շուրջ հավաքեց 23 ընկերների, ովքեր իրենց հերթին հավաքեցին շուրջ 60 հազար դոլար: Մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերականգվեց ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվեցին նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվեց լուսավորում, մաքրվեց պատվանդանը և հին նախագծերով վերստեղծվեց համբերության գավաթը:

Նոր ժամանակներին համահունչ
Երևանի ամենաթարմ արձաններից է «Ընթերցողի հուշարձանը»՝ Խնկո Ապոր գրադարանի դիմաց: Արձանի հեղինակը դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռն է: Այս գործը յուրահատուկ է երկու պատճառով: Նախ, սա քաղաքային իշխանություններին՝ անհատի կողմից առաջարկված նախագիծ է, բացի այդ, սա Երևանի առաջին ինտերակտիվ հուշար-ձանն է: Այն իր մեջ ունի Wi-Fi մոդեմ, և շրջակայքում գտնվող ցանկացած մարդ կարող է միանալ անվճար ինտերնետին: Ավելի ճիշտ, միայն karda.am կայքին, որտեղ կա մոտ մեկ միլիոն անվճար գիրք. դրանցից յուրաքանչյուրը կարելի է ներբեռնել արձանի շրջակայքում գտնվելով: «Արձան դրվում է սովորաբար այն մարդկանց կամ երևույթների համար, որոնք մեծ դեր են ունեցել պատմության մեջ: Որպես կանոն տեղադրվում է, երբ նրանք այլևս չկան կամ էլ այնքան եզակի են, որ դրվում է նրանց կենդանության օրոք: Իսկ ընթերցողի հուշարձանը նվիրված է նրանց, ովքեր ոչ եզակի են և ոչ էլ վերացել են: Յուրաքանչյուր մարդ կարող է գալ, նստել արձանի վրա և լուսանկարվել՝ այդպիսով դառնալով դրա ընթերցող-հերոսը», — ասում է Նուռն ու խոստովանում, որ արձան կանգնեցնելը Երևանում հեշտ գործընթաց չէ, բայց իր պարագայում ցանկությունն այնքան մեծ էր, որ պատրաստ էր անցնել բոլոր բարդությունների միջով: Նուռին հանդիպած առաջին ու իր բնորոշմամբ՝ ամենաէական խնդիրներից մեկը համապատասխան ձուլարանի բացակայությունն էր հենց այն ժամանակահատվածում, երբ պետք էր ձուլել «Ընթերցողի հուշարձանը»: Մյուս խնդիրը արձագանքներն էին. «Առհասարակ, ցանկացած նոր նախաձեռնություն ծանր է ընդունվում, — բացատրում է քանդակագործ-դիզայները: — Երևի թե նորմալ է, որ նույն ոլորտի կոլեգաների մոտ լինում են մասնագիտական անհամաձայնություններ: Կան մարդիկ՝ հատկապես ավագ սերնդից, ում համար արձանը պետք է լինի միայն և միայն մարդ, և, ցավոք, այսօր որոշողները նրանք են: Վստահ եմ, որ լավ տաղանդավոր երիտասարդներ կան, ովքեր շատ հաճախ չեն կարողանում առաջ տանել իրենց մտքերը: Բայց հուսահատվել երբեք պետք չէ, պատրաստ եմ նույնիսկ օգնել բոլորին իմ փորձով»:

Նուռն իր ինտերակտիվ քանդակի բացման արարողության ժամանակ
Նուռն իր ինտերակտիվ քանդակի բացման արարողության ժամանակ

Էլեկտրոնային տարրերով ինտերակտիվ արձանների շարքը Երևանում այսպիսով չի սահմանափակվելու: Նուռը վստահ է, որ երբ մեկ յուրահատուկ արձան ես տեղադրում, այն լինում է նմուշ, իսկ եթե շարք ես անում, դառնում ես քաղաք, որն աշխարհին ներկայանում է նոր տիպի արձաններով: Նուռն արդեն աշխատում է նոր նախագծի վրա. նրա հաջորդ հուշարձանը նվիրված է լինելու մելոմանին, դրանից հետո էլ՝ արվեստասերներին: Փակագծերը դեռ չի բացում, բայց խոստանում է, որ հետաքրքիր է լինելու:

Հունգարացիներից ինչո՞վ ենք պակաս
Երևանցու ցանկության իրականացման մեկ այլ վառ օրինակ է Վիլյամ Սարոյանի հուշարձանը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Ամերիկահայ մեծանուն գրողի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն էր։ Այդ գաղափարը ծագել էր Բուդապեշտում, որտեղ նա մեկնել էր նկարահանումների, և երբ քաղաքի հենց կենտրոնում տեսել էր Ուիլյամ Շեքսպիրի արձանը, հիշել էր, որ Երևանում Սարոյանի արձան չկա։

Վերադառնալով Հայաստան՝ Ռաֆայել Հովհաննիսյանը սկսեց ջանքեր գործադրել գաղափարը կյանքի կոչելու համար, իսկ դա ֆինանսական միջոցներ և ձանձրալի ու ժամանակատար թղթաբանություն էր պահանջում։ Բայց էնտուզիաստի բախտը բերեց այնքանով, որ երկու տարի հետո լրանում էր Սարոյանի 100-ամյակը: Օգտվելով այդ առիթից՝ Համահայկական աշխարհագրական ասոցիացիան պատրաստեց ծրագիր և ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարությանը. ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից և վերջացրած թոշակառուներով:

Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերով Երևանում տեղադրված Սարոյանի արձանը
Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերով Երևանում տեղադրված Սարոյանի արձանը

Երբ բանը հասավ քանդակի ստեղծմանը, գործը վստահվեց փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցուն։ Արդյունքում ստացվեց 3,2 մետր բարձրությամբ բրոնզաձույլ հուշարձան, որը ներկայացնում է Սարոյա-նին 54 տարեկանում: Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրեց այն ժամանակվա Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, բացումն իրականացավ 2008 թվականի դեկտեմբերին։ Գոհ մնացին բոլորը:

Քաղաք-գերեզմանոց
Մինչ հանրությունը քննարկում է հերթական պատմական, այն էլ շատ իրարամերժ կերպարի կիսանդրին կանգնեցնելու հարցը, քանդակագործ Սահակ Պողոսյանն ու արվեստաբան Լիլիթ Սարգսյանը բոլորովին նոր սկզբունք են փորձում առաջ քաշել՝ կապված քաղաքային միջավայրում հուշարձանների ու արձանների տեղադրման, դրանց թեմատիկ ընտրության հետ: «Այստեղ երկու կարևոր գործոն կա: Առաջինն ամբողջ հասարակությանն է հուզում, այն է՝ հարցի իրավական կողմը՝ ով իրավունք ունի արձան տեղադրելու, և ինչպես է կատարվում գործընթացը, ինչն այսօր այնքան էլ միանշանակ չէ: Երկրորդն ավելի նեղ մասնագիտական խնդիր է՝ ժամանակակից արձանագործության էսթետիկական, գաղափարական կողմը», — նշում է արվեստաբանը:

Լիլիթի համոզմամբ՝ այսօր քաղաքում խոտանների տարափ է, և պրոֆեսիոնալիզմի խնդիր կա: Նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ մեր օրերը ակնհայտ պարտվող են. «Մենք խորհրդային կարգերն այդքան փնովում ենք, բայց այն ժամանակ քաղաքում ոչ մի պատահական արձան չկար: Յուրաքանչյուր քանդակային աշխատանքի տեղադրումը, թեմատիկ ընտրությունը, պատվիրելը կոնկրետ հեղինակին կարևոր ու պատասխանատու գործընթաց էր: Իսկ այն, ինչ այսօր՝ անկախ Հայաստանի օրոք է տեղի ունենում, զուրկ է ցանկացած սկզբունքայնությունից ու առավել ևս գեղագիտական բաղկացուցչից: Ես կարծում եմ, որ մոնումենտալ քանդակագործությունն այսօր Երևանում ծայրաստիճան ճգնաժամ է ապրում, բայց հակառակ դրան՝ ցածրորակ աշխատանքների թիվը քաղաքում աճում է»: Սահակի խոսքերով էլ՝ մեզանում արձանագործության ու քանդակագործության տարբերությունը չի ընկալվում: Նա համարում է, որ դասական արձանագործությունը՝ որպես այդպիսին, թե՛ գաղափարապես, թե՛ էսթետիկապես իրեն սպառել է և պետք է իր տեղը զիջի ժամանակակից մոնումենտալ քանդակագործությանը. «Արձանագործությունը, ըստ էության, այս կամ այն մարդու հուշարձանի կամ կիսանդրիի ստեղծումն է: Այսօր այնպիսի տպավորություն է, թե Երևանը գերեզմանի են վերածել, այն-քան հուշարձաններ են տեղադրել, — նկատում է նա և հավելում. — Իսկ քանդակագործությունը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձե-ռում հեղինակին, անգամ եթե նրա խնդիրը կոնկրետ մարդ պատկերելն է»:

«Լեռնցիների պարը». վերջին տարիներին վանդալիզմի ամենա- զարհուրելի դեպքե- րից մեկը Երևանում
«Լեռնցիների պարը». վերջին տարիներին վանդալիզմի ամենազարհուրելի դեպքերից մեկը Երևանում

Շարունակելով միտքը՝ Լիլիթը նշում է, որ անհրաժեշտ է դուրս գալ արձանագործության դասականությունից ու հանրության աչքը սովորեցնել գաղափարների, կերպարների ու երևույթների ավելի ազատ, ավելի պայմանական ու կոնցեպտուալ պատկերումներին. «Առաջին հերթին, իհարկե, այդ խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում: Երկրորդը, բնականաբար, հանրությանը կրթելն է, հանրային տարածքում ժամանակակից քանդակագործության նմուշներ մատուցելը: Բարեբախտաբար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասամբ կատարում է այդ գործառույթը, քանի որ Կասկադ համալիրն ու հարակից տարածքն այդ կենտրոնին է պատկանում: Այդտեղ ցուցադրվում են աշխատանքներ Գաֆէսճեանի անհատական հավաքածուից, որոնք բնավ չեն մոտենում երևանցիների՝ դասական արձանների մասին պատկերացումներին: Բայց այդքանը բավական չէ. ողջ քաղաքն ունի թարմանալու, նոր շունչ ստանալու կարիք», — վստահ է արվեստաբանը:

Մինչ նոր շունչ կստանա քաղաքը ու խելքի կգա ոլորտը, մեզ մնում է սպասել Անաստաս Միկոյանի քանդակի մասին լուրերին և կռահել, թե էլ ո՞վ նույն կերպ կանմահանա Երևանի փողոցներում ապագայում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով