06 Օգոստոս 2014, 16:55
3002 |

Իրավիճակի գերիները

Հայրենական մեծ պատերազմից հետո հազարավոր գերմանացի ռազմագերիներ են ապրել ու աշխատել Խորհրդային Միության քաղաքներում: Նրանցից շատերին վիճակվել է տարիներ անցկացնել Երևանում ու հայաստանյան այլ քաղաքներում: Նրանք արդեն վաղուց իրենց հայրենիքում են, բայց գերմանացիների որակյալ աշխատանքի և հետաքրքիր խառնվածքի մասին պատմություններն ու հիշողությունները դեռ պահպանվում են տեղացիների հուշերում:

Դերենիկ Սարգսյան, 81 տարեկան
Պատերազմը նոր էր վերջացել, ես 18-19 տարեկան տղա էի: Այսօրվա պես հիշում եմ' ինչպես էին Սևանի Գոմաձոր գյուղում գերմանացի գերիները կառուցում Սևանի ՀԷԿ-ը: Շենքում, որտեղ հորեղբայրս էր ապրում, տեղակայվեց «Սևանգէսստրոյը», որտեղ շուրջ 300 գերմանացի գերի էր աշխատում: Տարիներ շարունակ, ամեն օր' վաղ առավոտյան, նրանք խմբով բարձրա-ձայն երգելով գալիս էին շինհրապարակ ու սկսում շախտաներում աշխատել, որոնք երեքն էին ու գտնվում էին տարբեր տեղերում: Գերիները շախտաներում թունելներ էին փորում, որոնք պետք է գային ու միանային իրար: Ոսկերչի աշխատանք էր, սխալվել չէր կարելի: Այդ 3 թունելի միջով Սևանի ջուրը պետք է գար միանար, որպեսզի պտտվեր ու հոսանք ստացվեր: Գերիներն արեցին այդ աշխատանքը: «Սևանգէսում» հայրս որպես վարորդ էր աշխատում: Մովսիսյան ազգանունով շինղեկ կար. շատ խիստ ու ազդեցիկ մարդ էր: Այդ տարիներին մեր կողմերում գրեթե չհանդիպող ինչ-որ ամերիկյան մակնիշի մեքենա ուներ: Մովսիսյանն իր մեքենան վստահում էր միայն Հանց անունով մի գերմանացի գերու: Հայերը լավ էին վերաբերվում գերիներին, խղճում էին, լավ կերակրում էին: Հիշում եմ գերմանացիների նիստ ու կացը: Նրանք ալյումինե հացամաններ ունեին ու ճաշի ժամին չխկչխկացնելով հաց էին ուտում: Լինում էին դեպքեր, որ շախտաների մեջ գերիները վթարի էին ենթարկվում: Գետնափոր թունելներից հանում էին գերու արյունոտ մարմինն ու սկսում բուժօգնություն ցույց տալ: Գերմանացիները, երբ գերու կարգավիճակում էին, շատ խեղճացած էին, մաշված զինվորական շինելներով կոտրված մարդիկ էին: Այդ գերիների մեջ շատ արհեստավորներ կային, ովքեր կարողանում էին տարբեր նյութերից գեղեցիկ բեզդելուշկաներ պատրաստել: Մերոնք հաճախ էին նրանց դիմում նման բաներ պատրաստելու համար և փոխարենը նրանց լրացուցիչ կերակուր էին տալիս: Մի բանն է զարմանալի. նույնիսկ գերության մեջ գերմանացին մնում է գերմանացի: Նրանք չափից դուրս պատասխանատվությամբ, կարգ ու կանոնով և բարձր վարպետությամբ էին կատարում Սևանի ՀԷԿ-ի սարսափելի ծանր շինարարական աշխատանքները: Երբ նրանց տուն էին ճանապարհում, նրանք մեր տուն շրջանակի մեջ դրած հայելի նվեր բերեցին' ի նշան շնորհակալության ու լավ վերաբերմունքի:

Պիղատոս Սարգսյան, 82 տարեկան
Գյումրիում շատ գերմանացի գերիներ կային: Տարբեր մասնագիտության տեր մարդիկ էին' բժիշկ, գիտնական, արհեստավոր: Ինչքան ախմախ գործ կար՝ նրանք էին անում: Տանջված, հոգնած, խեղճ մարդիկ էին ու գիտակցում էին, որ միշտ պետք է հնազանդ լինեն, եթե ուզում են ողջ մնալ ու հասնել իրենց երկիր: Գյումրիում Վարդապետի բաղ կոչվող մի այգի կա: Մենք երեխաներ էինք և այդ այգիներում կով, ոչխար էինք պահում: Գերմանացի գերիները մոտենում էին ու խնդրում, որ թողնենք մեր կովը կամ ոչխարը կթեն ու մի բաժակ կաթ խմեն: Համաձայնվում էինք, եթե մեզ իրենց պատրաստած զարդերից էին նվիրում: Նրանց մեջ Հենրիխ Ֆայնբերգ անունով մանկական բժիշկ կար: Հոյակապ մարդ ու մասնագետ էր: Առանց որևէ բժշկական գործիքի, ախտորոշման կամ ռենտգենի, կարող էր նայել հիվանդին ու մաթեմատիկական ճշգրտությամբ ախտորոշել հիվանդությունը: Երբ 1947թ. գերիներին պետք է զորացրեին Գերմանիա, գյումրեցիները խնդրեցին պետությանը, որպեսզի այդ բժշկին չթողնեն գնա: Պետությունը նրան տուն, մեքենա և աշխատանք տվեց, և Հենրիխ Ֆայնբերգը համաձայնվեց մնալ Հայաստանում ու աշխատեց շատ երկար տարիներ: Նա բացի հիվանդությունն ախտորոշելուց' մարդու դեմքին նայելով գուշակում էր, թե ինչպիսի մարդ կլինի նա: Երբ որդիս 4 տարեկան էր, բժիշկը նկարագրեց, թե նա ինչպիսին կլինի մեծ հա-սակում ու այդպես էլ եղավ: Տղաս շատ երշիկ էր կերել և թունավորվել էր: Հայրս նրան տարել էր գերմանացու մոտ: Փորացավը միանգամից բուժելուց հետո, նա հորս հարցրել էր' այս երեխայի ծնողները գո՞ղ են: Հայրս ասել էր'ո՛չ, երեխան իմ թոռն է, հայրը իմ տղան է ու շատ աշխատասեր մարդ է: Բժիշկն ասել էր, որ, միևնույն է, փոքրիկ տղան երբ մեծանա, ծույլ, ալարկոտ, պարազիտ մարդ է դառնալու: Ու այդպես էլ եղավ: Հակառակ իմ աշխատասիրությանը, տղաս ալարկոտի մեկն է: Հենրիխ Ֆայնբերգն ասում էր' մարդը կարող է 100 տարուց ավելի ապրել առանց դեղի ու բժշկի, եթե նա սիրում է աշխատել և աշխատում է:

Գագիկ Սահակյան, 75 տարեկան
Հայաստանում միայն գերմանացի գերիներ չէ, որ կային, այլ նաև ռումինացիներ, բուլղարացիներ, հարավսլավացիներ, հունգարացիներ: Նրանց հիմնականում բանվորական աշխատանքների մեջ էին օգտագործում: 1946-47 թվականներին ես 9 տարեկան էի ու հիշում եմ, որ գերմանացի գերիները գլուխ սոխ շատ էին սիրում: Դե մենք էլ երեխա էինք, տնից սոխ ու հաց էինք գողանում ու տալիս էինք գերիներին, որպեսզի նրանք մեզ համար շինարարության փայտի մնացորդներից տուրնիկներ կամ ուրիշ խաղալիքներ սարքեին: Այդ տարիներին Մոսկովյան և Իսահակյան փողոցները որպես այդպիսին չկային, ու մենք այդ տարածքում ֆուտբոլ էինք խաղում: «Նաիրի» կինոթատրոնն էլ չկար: Հենց գերիները փորեցին կինոթատրոնի հիմքը և կառուցելով հասան համարյա 1-ին հարկին: Գերիները փորեցին նաև Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի ու Ֆիլհարմոնիկի շենքերի հիմքերը: Մոնումենտում մեծ ծառատունկ արեցին, Հաղթանակի կամուրջն ու Արտաքին գործերի նախարարության շենքը սարքեցին: 1947-ին նրանց ազատություն տրվեց: Գերմանացիների մեջ դերձակները շատ էին՝ նոր ու գեղեցիկ հագուստ կարեցին ու գնացին իրենց երկիր: Գերիները շատ որակով աշխատանք էին անում: Նրանք գլուխ պահել չգիտեին, վատ գործ անել' նույնպես: Ֆիլհարմոնիկի շենքի կառուցման ժամանակ խճաքարը լվանում, փոշին հանում էին վրայից, հետո նոր շաղախում էին ցեմենտ-բետոնի հետ, որ հիմքն ավելի ամուր լինի: Մենք' հայերս, շատ բան սովորեցինք նրանցից: Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցի կառուցման ժամանակ գերիներից մեկը հոգնել քնել էր աշխատանքի ընթացքում: Նրանց ղեկավարը շարք էր կանգնեցրել բոլորին ու տեսել' մեկը չկա: Վախեցել էր, խառնվել իրար, մտածում էր՝ փախուստ է գրանցվել: Բայց ահագին ժամանակ անց տեսան, որ նա պարզապես քնել էր: Մի հուզիչ պատմություն եմ հիշում: 40-ականներին հայ տղա էր ապրում «Երիտասարդական պալատի» մոտի սեփական տներից մեկում: Նա միշտ օգնել էր գերիներից մեկին ուտելիքով, հագուստով, վերաբերմունքով: 2000թ. այդ գերմանացին Հայաստան էր եկել հատուկ տղային գտնելու և շնորհակալություն հայտնելու: Պատմում են նաև, որ գերմանացի գերիներից մեկը 70-ականներին, երբ Հայաստան է եկել, Մոնումենտում գտել ու ճանաչել է իր տնկած ծառը, փաթաթվել է ծառին ու լաց եղել:

Աշխեն Հարությունյան, 80 տարեկան
1945-ին գերմանացի գերիներ շատ կային Երևանում: Համարյա սաղն էլ ջահել, սիրուն, խեղճ մարդիկ էին ու միշտ աշխատում էին: Էս սեղանը հենց գերիներն են սարքել: Կարծեմ 5 թե 10 ռուբլի փող են ուզել դրա համար, դե, որովհետև իրանք դրանով էին ապրում: Տես, թե քանի՜ տարվա սեղան ա, բայց մինչև հիմա հլը կա, մի հատ մեխ չի մեխվել վրան էսքան վախտ: Մենք ամեն օր հաց ենք ուտում էս սեղանի վրա, էս սեղանի վրա ինչքա՜ն ուրախության առիթներ են նշվել: Նույնիսկ գերիներից մի քանիսի անունները մինչև հիմա հիշում եմ' Էռնեստ, Վիլիկ: Նորագյուղի Չէկի բաղերի մոտով հենց որ կանայք հաց առած անց-նում էին, գերիները հացի հոտը առնում էին, գալիս նրանց մոտ ու խեղճացած ասում' մալա խլեբ, մալա խլեբ: Հացը քիչ էր նրանց համար, հաց էին ուզում մեզնից, մենք էլ տալիս էինք: Էդ նույն տարածքում մինիստրների հանգստյան տուն կար, ու բոլոր մինիստրների համար գերիներն էին կոստյումներ կարում:

Վաղարշակ Ղարիբյան, 88 տարեկան
Նախկին Կանազ թաղամասում' ներկայիս Ռայկոմի և Քանաքեռի ՀԷԿ-ի տարածքում, գերմանացի գերիներ էին ապրում պատերազմի ժամանակ: Գերիներին օգտագործում էին ամենատարբեր աշխատանքների մեջ: Հիշում եմ, որ պարբերաբար Գերմանիայից ինչ-որ գերմանացի բժիշկներ էին գալիս ու տեղում ստուգում էին գերմանացի գերիների առողջական վիճակը: Այսինքն՝ գերիների նկատմամբ վերաբերմունքը շատ լուրջ էր: Պլանի գլխից Մոնումենտ բարձրացող ճանապարհը և Մոնումենի պատ կոչվածը գերիներն են կառուցել: Ի՜նչ լավ էին աշխատում նրանք, ի՜նչ ուշադիր, որակով: Տեսնո՞ւմ եք, մինչև հիմա դեռ այդ պատից ոչ մի քար չի պոկվել-ընկել:

Աքիլես Մարտիրոսյան, 69 տարեկան
1949-ին, երբ ես 6-7 տարեկան էի, Կիրովականում գերմանացի գերիներ կային, ու մենք նրանց համար տնից հաց էինք գողանում, տալիս էինք, որ ուտեին: Ես առաջին անգամ հենց այդ գերիների մոտ տեսա մի խաղալիք, որը հետագայում արդեն պատրաստեցին Սովետական Միության գործարաններում: Խաղալիք կոչվածն իրենից ներկայացնում էր 2 փոքրիկ ձող, որոնք վերևից իրար միացած էին պարանով: Պարանի վրա կրկեսային հագուստով տիկնիկ էր կախված: Երբ կոճակը սեղմում էիր, տիկնիկը պտտվում էր պարանի վրա: Այդ տարիներին էր, որ գերիները Կիրովականում ջրատար կառուցեցին: Մայմեխ կոչվող բարձր սարից նրանք խողովակներով ջուրը հասցրին քաղաք: Մինչև հիմա էլ 60-70%-ով նրանց կառուցած ջրատարն են օգտագործում Կիրովականում: Դա իսկապես շատ դժվար աշխատանք էր և բավականին երկար տևեց: Այն ժամանակ տեխնիկա չկար, կամ գրեթե չկար, և գերիները ստիպված էին ձեռքով փորել մոտ 15 կմ երկարությամբ տրանշեներ: Բացի այդ, գերիները փայտե տակացուներով շատ ամուր կոշիկներ էին պատրաստում և՛ իրենց, և՛ կիրովականցիների համար:

Արմեն Հայրապետյան, 34 տարեկան
Սամսոն պապիկս 10 տարի զինվորական ծառայության մեջ է եղել: Նախքան Հայրենականը կռվել է ֆիների, Հայրենականին' գերմանացիների դեմ: Երբ նրան Պարսկաստան են տարել, շատ պատահական հանդիպել է ավագ եղբորը, ով նույնպես զինվոր էր:Պատահականությո՞ւն է սա, թե աշխարհն է կլոր, չգիտեմ: Մի օր Բելոռուսիայում Սամսոն պապիկը Հայկական պարի անսամբլի համերգի աֆիշան է տեսնում: Հուզվում, լաց է լինում… Հրամանատարը, երբ իմանում է հուզմունքի պատճառը, «ուվալնենի» է տալիս նրան, ու զինվորը ներկա է գտնվում հայկական պարի խմբի համերգին: Պատերազմի տարիներին Երևանում շատ գերիներ կային: Երևանի կոնյակի գործարանը, Հաղթանակի կամուրջը, Պլանի գլխից դեպի Մոնումենտ տանող ճանապարհը ու էլի շատ շենք-շինություններ, ճանապարհներ են կառուցել գերիները: Սամսոն պապը խղճում էր նրանց ու պարբերաբար ապահովում ուտելիքով: Ի նշան շնորհակալության' գերիները նրան մի մատանի են նվիրում ու ասում, որ այն մաքուր ոսկուց է: Բայց ինչպես հետո պարզվեց, մատանին ամենասովորական մետաղից էր, կամ ինչպես պա-պիկը ասում էր' ժեշտից էր: Սակայն իրականում մատանու արժեքը մետաղի տեսակով չէր պայմանավորված: Պապի համար այն ժեշտից մատանի էր' ամենաբարձր հարգի ոսկու արժեքով:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2013

Այս թեմայով