08 Օգոստոս 2014, 11:12
5399 |

Չռիկի չռոցը

Մարզվելու, անմահական ջուր խմելու, թուղթ կամ շախմատ խաղալու, թութ ուտելու, զրույց անելու ու էլի մի շարք միայն իրենց հայտնի առիթներով են տարին 12 ամիս, շաբաթը 7 օր երևանցի բիձեքից ոմանք հավաքվում իրենց պատվին Բիձու գյոլ կոչված անդադար հոսող արտեզյան ջրի շուրջ՝ Հրազդան գետի ափին:

Բաժանի՜, բաժանի՜, հորդորում են ընկերները խաղաթղթերը ձեռքի մեջ վարժ պտտող ծերունուն: Առաջին երեք անգամվա այցելությունից հետո դառնում ես Բիձու գյոլ պայմանական ակումբի անդամ, եթե դեմքդ հիշեցին, այլևս խորթ չես: Բլոտ խաղալ չգիտե՞ս, հոգ չէ՝ դուռակ, շաշկի, նարդի են առաջարկում: Ջրի շուրջ ստեղծված քաղաքային այս ակումբում կան մի քանի չգրված օրենքներ՝ բոլորը միմյանց հանդեպ ուշադիր են, եթե մեկը երկար չի գալիս, հետաքրքրվում են' ի՞նչ է պատահել: Ի դեպ, այս վայրի անունն էլ, ըստ ակումբի հին անդամների, ամենևին էլ Բիձու գյոլ չէ, այլ Չռիկ, քանի որ ի սկզբանե այդ տարածքում միայն ջուր է չռացել, իսկ «գյոլ» տարբերակը ջահել սերնդի վերտառումն է:

Ժամային գրաֆիկն այստեղ ինքնըստինքյան է հյուսվել: Գյոլի անդամների համար օրը օր չէ, եթե այն չի սկսվում Չռիկից: Առավոտ կանուխ՝ ժամը 6-ից սկսած գալիս են ամենահայտնիներն ու աշխատանքից ուշացողները՝ դատավորներ, դատախազներ, ովքեր գյոլի պարծանքն են ու դրան առնչվող տարբեր խնդիրները լուծողը: Այստեղ ահով են հիշում՝ վերջերս անծանոթներ էին եկել, նայում էին, զննում տեղանքը: Պարզ էր՝ հերթը գյոլին է հասել: Բիձեքն աղմուկ բարձրացրին ու բացառեցին, որ տարածքը զավթվի՝ խորոված-քյաբաբի հերթական զոհը դառնալով: Նրանցից շատերը գալիս են այստեղ ամենաքիչը 25 տարի:

Առավոտյան հերթափոխին հաջորդում է կեսօրվանը: Այս հերթափոխի անդամներն ավելի անշտապ են, նախ՝ լավ թրջվում են ու վայելում գետնի տակից բխող սառը հրաշքը, հետո անպայման մի-մի պարծյա խաղում են, մեկնվում թթից շիրայոտված քարերին ու վայելում արևը: Բիձու գյոլի կենարար ջրի մասին լեգենդներ են շրջում՝ թե քանիսն են հիվանդ մեջքով եկել ու առողջացած գնացել: Գյոլի մշտական անդամ դառնալուց հետո հիվանդությունների մասին առհասարկ մոռանում են: Ջուրը խմելու մասին կարծիքները հակասական են, ոմանք ասում են՝ անմահական է, բա ո՞նց չխմես, մյուսները թե՝ խմել չարժի, միայն լողալը լրիվ հերիք է: Կեսօրից ավելի ուշ գալիս են երիտասարդներ, դպրոցականներ, ովքեր ամռան ամիսներին հատկապես շատ են ու սկսում են երկու սերունդների միջև երբեք չդադարող բանավեճերն ու դաստիարակչությունը:

Բիձու գյոլի երիտասարդ անդամները
Բիձու գյոլի երիտասարդ անդամները

«Երբ գալիս են պրիբալտիկացի աղջիկները, չտեսի պես մի՛ նայեք, ռեպլիկներ բաց մի՛ թողեք: Վերջապես 21-րդ դարում մենք վայրենիների տպավորություն չպիտի թողենք: Պարսիկներն են գալիս, ստեղ իրանց ղայֆեն են խմում: Մի՛ կպեք դրանց», — երիտասարդներին խելք է սովորեցնում գնդապետ Պերճը, ով իրեն ինչ հիշում է, գալիս է գյոլ՝ բացառությամբ Արցախյան պատերազմի տարիների: Պերճի ու գյոլի էլի մի քանի հին այցելուների հորդորով, ակումբի ավելի ապահովված անդամներն իրենց միջոցներով քիչ թե շատ կարգի են բերել տարածքը, բետոնապատել են գյոլը, հանդերձարան տեղադրել, ջրի հոսքը մի քանի ուղղության բաժանել, որ գյոլ մտնելուց առաջ ու հետո չռիկի տակ ցնցուղ ընդունես: «Առավոտ ջիպով էկող գնացողներին ասեցինք՝ ձեր գրպանները կարած չի, էս տեղին մենք պիտի տիրություն անենք: Ստեղի պատմությունը շատ հին է, ասում են էս չռիկը եղել ա դեռ մինչև վերևի կանալը սարքելը: Մեր նախորդները, որ ստեղ են եկել. իրանց կողմից մի հատ խաչքար են դրել, մենք էլ գոնե տարածքը կարգի բերենք», — ասում է Պերճը:

Երեկոները բիձու գյոլում քննարկում են օրվա անցուդարձը, քաղաքական մեկնաբանությունների շուրջ վիճում: Հիշում են Վանո Սիրադեղյանին, քանի որ հենց նրա օրոք է անցկացվել դեպի Բիձու գյոլ երկաթյա կամուրջը, մինչ այդ քարերի վրայով մի կերպ են իջել Չռիկի մոտ: Քննարկում են քաղաքապետի վերջին այցը գյոլ, նախ վախեցել են՝ մտածել են, որ գալիս են տարածքը ձեռքներից վերցնելու, բայց հետո քաղաքապետարանը մարզվելու հարմարանքներ է տեղադրել տարածքում:

 

Կանանց այստեղ հաճախ չես հանդիպի: Չնայած ասում են՝ գյոլն իր գեղեցկուհին ունի՝ 82-ամյա մի կին, ում անունը ոչ ոք չգիտի՝ «կռասավիցա» են կանչում: Բայց ինչպես իսկական լեդի, կռասավիցան այդպես էլ ծանր տեղը չթեթևացրեց ու չասաց, թե որ ժամին է գյոլ գալիս: Այցելուների մեծ մասն այստեղ գալիս է նաև ձմռանը: Նրանք այս եղանակին Չռիկն ավելի են սիրում: Նախ՝ շատ մարդ չկա, հետո ջուրն ավելի տաք է թվում: Բիձեքը վստահեցնում են, որ ջուրը մոտ 12-13 աստիճանի է, մի քիչ էլ պարծենում են, որ ամեն մեկը չի կարողանում նման սառնության ջրի տակ կանգնել: Ես խիզախություն չունեցա թրջվելու չռիկի տակ, բայց վայելեցի այն, ինչ վաղուց լքել է երևանյան բազմաթիվ կենտրոնական փողոցներ ու թաղամասեր:

Այստեղ ազատվում ես քաղաքի ճնշող բարձրահարկերից, անդադար ազդանշան տվող ու իրար չզիջող վարորդներից ու նրանց ավտոմեքենաներից, շոգ ու լիքը երթուղայիններից, ու ջուրն էլ ոչ շշերի մեջ է, ոչ հատուկ սարքի վրա, գուցե ոչ էլ շատ մաքուր, բայց հաստատ անկեղծ, հանգստացնող ու մի տեսակ երևանյան: «Ջուրը կյանք ա, մարդու 60 տոկոսը ջրից ա, դրանով ամեն ինչ ասված ա», — իրար մեջ խոսում են բիձեքն ու շարունակում դուռակի բաժանել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8,2013

Այս թեմայով