28 Օգոստոս 2014, 12:18
1422 |

Գետնից բարձր

Շատրվանները անհիշելի ժամանակներից քաղաքային միջավայրի բաղկացուցիչն են եղել: Սկզբում դրանք բնական աղբյուրի վրա կառուցված շինություններ էին, որոնցից ջուրը հորիզոնական ուղղությամբ էր դուրս հորդում: Հետագայում սկսեցին կառուցել նաև արհեստական շատրվաններ, որոնցից ջուրն ուղղահայաց դեպի վեր է բարձրանում մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր: Այսօր շատրվաններն իրենց չափերով, բազմազանությամբ և կառուցման հնարամտությամբ շարունակ մրցում են միմյանց հետ, գրանցվում Գինեսի ռեկորդների գրքում, իսկ լավագույնների ու ամենահայտնիների մոտ զբոսաշրջիկների այցելությունների պակաս երբեք չի զգացվում:

Բախտագուշակը
Տրևիի շատրվանը բարոկկո ոճի աշխարհի ամենամեծ շատրվանն է: Կառուցվել է 1732-1762թթ. ճարտարապետ Նիկոլա Սալվիի կողմից: Այն հարում է Պոլի
պալատին, որի ճակատի հետ շատրվանն ընկալվում է որպես մեկ ամբողջություն: Այդ աղբյուրից են կառուցել այն ակվեդուկը, որով ջուրը հասնում էր Հռոմ. ակվեդուկը, ինչպես և աղբյուրը, ստացել է Acqua Vergine (Acqua' ջուր, Vergine՝ աղջիկ) անվանումը: Շատրվանի հետ կապված մի հավատալիք կա, որ այնտեղ մետաղադրամ նետողին սպասվում է վերադարձ Հռոմ, երկուսը նետողին՝ սիրային հանդիպում, երեքի դեպքում՝ ամուսնություն, չորսի՝ հարստություն, իսկ հինգ մետաղադրամ նետողին՝ բաժանում: Զարմանալի չէ, որ դա Տրևիին հնարավորություն է տվել հավակնելու աշխարհի ամենաշահութաբեր շատրվաններից մեկի տիտղոսին: Տարեկան դրանից քաղաքի գանձարանը համալրվում է մոտ 700 հազար եվրոյով:

Ե՛վ կրակ, և՛ ջուր
Կանադական Մոնրեալում գտնվող այս շատրվանը նկարիչ Ժան-Պոլ  Ռիոպելն ստեղծել է 1969-ին: Ամեն օր շատրվանից սկսում է ջրի շիթ հոսել, ապա ջրի վերևում գոլորշի է բարձրանում, որը դանդաղորեն ծածկում է շատրվանն ու շրջապատող հրապարակը: Հետո մշուշը ցրվում է, և շատրվանի շուրջ օղակով կրակ է բռնկվում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե կրակը ջրի վրա է այրվում: Այն չի հանգչում գրեթե 7 րոպե, իսկ ողջ գործընթացը տևում է մոտ 32 րոպե և տեղի է ունենում ժամը մեկ՝ ժամը 19:00-ից 23:00-ը:

Անամոթները
Բրյուսելի ամենահայտնի խորհրդանիշը փոքրիկ տղայի արձանն է, որն այնպես է հոգում իր կարիքները, որ դարձել է մոլորակի ամենահայտնի շատրվաններից մեկը: Այդ բրոնզե արձանը ընդամենը 61 սմ բարձրություն ունի, այնպես որ բազմաթիվ չգայթակղված զբոսաշրջիկներ հաճախ մոլորության մեջ են ընկնում, թե ինչու է այդ շատրվանն այդքան հայտնի: Ընդ որում, ոչ ոք անգամ հստակ չգիտի, թե երբ և ինչպես է այն առաջին անգամ հայտնվել Բրյուսելի փողոցում, ինչը մեծ թվով լեգենդների առիթ է տվել: Դրանցից մեկի համաձայն՝ մի անգամ տղան միզել է մի տան դիմաց, որի տեղում այժմ շատրվանն է և որտեղ նախկինում վհուկ է ապրել, որը այնքան է վրդովվել, որ երեխային արձանի է վերածել: Մեկ այլ լեգենդի համաձայն՝ շատրվանն ու արձանը ուրախացած հոր ձեռքի գործն է եղել. նա իր կորած որդուն նման անհարիր տեսքով է գտել: Շատերը համակարծիք են, որ արձանն ու շատրվանը գոյություն են ունեցել դեռևս 15-րդ դարում, սակայն ներկայիս տեսքը ձեռք են բերել 1619 թվականին: Դրա ստեղծողը պալատական քանդակագործ Ժերոմ Դյուկենուան է: Սակայն XX դարի հատկապես երկրորդ կեսում արձան-շատրվանը բազմիցս գողացվել է, և չարժե մտածել, թե այսօրվանը հենց Դյուկենուայի հեղինակածն է: «Միզող տղայի» հետ կապված բրյուսելցիների ամենագունեղ ավանդույթը նրա պարբերական հանդերձավորումն է զանազան հագուստներով, որոնց թիվն արդեն անցնում է 600-ից: 1985-ին Բրյուսելում՝ վերոնշյալ արձանից ոչ հեռու, տեղադրվել է Դենի-Ադրիան Դեբուվրիի «Միզող աղջիկը» արձան-շատրվանը: Այն մոտ կես մետր բարձրություն ունի և տեղադրվել է իբրև ծաղր «Միզող տղայի» հանդեպ:

  

Արյունոտ շատրվանը
Ուելսի Սուոնսի քաղաքի բնակիչները տարին մեկ զարմանալի տեսարանի ականատեսն են դառնում. ամրոցի հրապարակում գտնվող շատրվանից արյունոտ ջուր է սկսում հոսել: Դա տեղի է ունենում մարտի 1-ին՝ Սուրբ Դավիթ Ուելսցու օրը, որը Ուելսի հովանավորն է: Նրան վերագրվող ամենահայտնի հրաշքը կապված է Լլանդևի Բրեֆի տաճարում տեղի ունեցած պատմության հետ: Երբ նա արտասանում էր իր ճառն ընդդեմ պեղագիացիների, այն հողը, որի վրա նա կանգնած էր, բարձրացավ և բլուրի վերածվեց, որպեսզի բոլորը կարողանան լսել նրա քարոզը: Միաժամանակ Դավթի ուսին նստեց աղավնին՝ Սուրբ Հոգու խորհրդանիշը: Հենց այդ դեպքից հետո էլ Դավիթը դարձավ ողջ Ուելսի արքեպիսկոպոսը: Լեգենդի համաձայն՝ Դավիթը մահացել է 589թ. մարտի 1-ին. նրա պատվին ամեն տարի այդ օրը ջուրը կարմիր են ներկում, և այն այդպես մնում է մինչև մարտի 9-ը: Այդ իսկ պատճառով Ուելսի բնակիչները շատրվանը Արյունոտ են անվանում: Մյուս օրերին շատրվանը բավականին հասարակ է, դրանից սովորական ջուր է հոսում:

 

Էյֆելյան աշտարակից էլ բարձր
Ջիդա քաղաքում գտնվող Ֆահդ արքայի շատրվանի բարձրությունը 312 մետր է, ինչը, երևակայեք, ավելի շատ է, քան Էյֆելյան աշտարակի բարձրությունը: Ավելորդ է անգամ նշել, որ այն աշխարհի ամենաբարձր շատրվանն է: Կառուցվել է 1985-ին՝ Ֆահդ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդ արքայի օրոք, դրա համար էլ այն հաճախ անվանում են Ֆահդ արքայի շատրվան: Ջրի հոսքն անդադար է և երկինք է սլանում 375 կմ/ժ արագությամբ: Շատրվանի աշխատանքը դժվարացնում է այն, որ ջուրը ծովային է, իսկ գերագույն կետին հասնելիս ջրի զանգվածը կազմում է 19 տոննա: Շատրվանը լուսավորում են 500 հզոր լուսարձակներ, որոնք հինգ արհեստական կղզիների վրա են գտնվում:

Ջրի փոխարեն սնդիկ
Բարսելոնայում գտնվող շատրվաններից մեկն անվանում են աշխարհի ամենաանվտանգը: Դրա կողքին կանգնած լինելով անգամ դժվար թե հնարավոր լինի ջրի սովորական ճողփյուն լսել, որովհետև դրանում ջրի փոխարեն սնդիկ է հոսում: Աշխարհի միակ սնդիկի շատրվանը ստեղծել է Ալեքսանդր Կալդերը: Շատրվանը ստեղծվել է Իսպանիայի Հանրապետության կառավարության պատվերով՝ ի հիշատակ Ալմադենա քաղաքի պաշարման: Սկզբում շատրվանը բաց էր. ոչ ոք չէր մտածում մարդկանց առողջության վրա սնդիկի ազդեցության մասին: Իսկ այսօր, որպեսզի մարդիկ չթունավորվեն սնդիկի վտանգավոր գոլորշացումներից, շատրվանը կարելի է դիտել միայն հատուկ պաշտպանիչ ապակու միջով:

Անվտանգ ջրապտույտ
Անգլիական Սանդերլենդ քաղաքում կարելի է իսկական ջրապտույտ տեսնել՝ չվախենալով դրա մեջ ներքաշվելուց: Քարիբդիսի ջրապտույտ-շատրվանը նկարիչ Ուիլյամ Պայուի ստեղծագործությունն է: Շատրվանի շուրջ պլաստիկից պատրաստված թափանցիկ թաղանթ է: Յուրաքանչյուր 15 րոպեն մեկ շատրվանում ջրապտույտ է գոյանում, որը ջրին ձագարի տեսք է տալիս: Շատրվանի անվանումը կապում են մի լեգենդի հետ: Քարիբդիսը հին հունական դիցաբանության աստվածություններից մեկի անունն է, որը հանդգնել էր մի քանի եզ գողանալ Զևսի նախիրից: Դրա համար զորեղ աստվածը Քարիբդիսին հսկայական ջրապտույտի է վերածել, որն իր հատակն է տանում տարբեր նավեր:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2013

Այս թեմայով