16 Սեպտեմբեր 2014, 10:54
8015 |

Տապալվածները

5 երևանյան արձաններ՝ կերտված տարբեր հեղինակների կողմից, կանգնեցված տարբեր մարդկանց պատվին ու տարբեր ժամանակներում: Դրանք այլևս իրենց տեղերում չեն, տապալվել են: Ու եթե պահպանվել են, ապա միայն լուսանկարներում կամ կտոր-կտոր եղած:

Վլադիմիր Լենին
Բրոնզ և գրանիտ: Բարձրությունը՝ 7,5 մետր: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Լևոն Վարդանյան: Կանգուն տարիներ՝ 1940-1991 թթ.: Վայրը՝ Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակ:
Անձը
1870-1924 թթ., ռուս հեղափոխական գործիչ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ ղեկավար:

Ստեղծման պատմություն
Երևանի կենտրոնական հրապարակում Ժողովուրդների առաջնորդի արձան կանգնեցնելու որոշումը կայացվել էր դեռ 1924-ին՝ Լենինի մահվան հետ կապված միջոցառումների ընթացքում: Այդուհանդերձ, իր իսկ անունը կրող հրապարակում այն տեղադրվեց միայն 1940-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձին՝ նոյեմբերի 24-ին: Սերգեյ Մերկուրովի՝ «Իմ աշխատանքները» հոդվածից («Իզվեստիա», 25 հունվարի, 1941թ.). «Արձանը կանգնեցված է քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ տոնական օրերին ցույցեր են անցկացվում: Հուշարձանը հանդիսավոր կերպով վեր է խոյանում հայոց երկնքի ներքո, բուլվարի կանաչի և հորիզոնում ձգվող հեռավոր լեռնային շղթայի ֆոնին: Վլադիմիր Իլյիչի արձանի վրա տարված աշխատանքը ինձ մեծ բավականություն է պատճառել: Այն յուրահատուկ է նախ և առաջ կատարման տեխնիկայի տեսանկյունից՝ 7,5 մետրանոց ֆիգուրը կատարված է թերթավոր կարմիր պղնձից: Լենինը պատկերված է պիջակով, ոլորված թղթերի փաթեթը աջ ձեռքին և մի փոքր առաջ բերված ձախ ձեռքով: Մինչ օրս մետաղական քանդակը որպես կանոն արվում էր ձուլված բրոնզից, իսկ ավելի փոքրերը՝ չուգունից: Ես փորձեցի ստեղծել մեծ ձուլված արձան կարմիր պղնձից՝ հետագա պատինավորմամբ: Փորձը լավ անցավ: Այսպիսով, սկիզբ է դրվել թերթավոր պղնձից մոնումենտալ քանդակի կերտմանը»:

Տապալումը
1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց: Այս իրադարձությունը շատերի համար դիտվում էր որպես Խորհրդային Միությունից ազատվելու ևս մեկ խոհրդանիշ: Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանը (որը, ի դեպ, արձանի ապամոնտաժման համար քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել) բրոնզաձույլ Լենինի տապալումը մեկնաբանել էր այսպես. «Մենք քաղեցինք մոլախոտը»:

Տապալումից հետո
Արձանը՝ գլուխն ու մարմինը, գտնվում են Ազգային պատկերասրահի բակում: 1993-ին Առաջնորդի քանդակի բեկորների հետ հանդիպում է ունեցել Հայաստան այցելած երգչուհի Շերը: 1996 թվականին ապամոնտաժվեց նաև Լևոն Վարդանյանի նախագծած պատվանդանը (շատերի կարծիքով՝ բոլորովին իզուր), մնացորդներն այժմ պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:

1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց
1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց

Ինչ տեղադրվեց տեղում
Առայժմ՝ ոչինչ: 2001 թվականին, երբ Հայաստանում մեծ շուքով նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ արձանի տեղում հսկայական խաչ կանգնեցվեց: Մի քանի տարի անց դրա տեղում արդեն գովազդային էկրան հայտնվեց: Բացի այդ, վերջին տարիներին Հանրապետության հրապարակի վերակառուցման մի քանի մրցույթ է անցկացվել, որոնց գլխավոր նախապայմաններից մեկը արձանի տապալումից հետո ազատ մնացած հատվածը ինչ-որ բանով զբաղեցնելն է եղել: Վերջին մրցույթն անցկացվել էր անցյալ տարի, տարբերակների թվում էին՝ եկեղեցի, խաչ, հաղթակամար և այլն: 2007 թվականին «Ереван» ամսագիրը դիտարկում էր այդ վայր Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու տարբերակը՝ զուտ տեսականորեն:

 

Իոսիֆ Ստալ ին
Բրոնզ և գրանիտ: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։ Կանգուն տարիներ՝ 1950-1962 թթ.։ Վայրը՝ «Հաղթանակ» զբոսայգի:
Անձը
1879-1953թթ., 1920-ականներից մինչև կյանքի վերջը՝ ԽՍՀՄ ղեկավար:

Ստեղծման պատմություն
Մերկուրովի Ստալինը ոչ միայն ամենախոշորն էր Միությունում, այլև, ասում են, միակը, որ իսկապես դուր էր եկել առաջնորդին: Բացման օրը ուժեղ մառախուղ էր, նորմալ երևում էր միայն պատվանդանը: Թերթերում տպվեց այն լուսանկարը, որում լուսանկարիչ Նեմրութը համադրել էր նախօրոք արված կադրերը բացման օրվա լուսանկարների հետ:

Ապամոնտաժում
1956 թվականին՝ Ստալինի մահից երեք տարի անց, տեղի ունեցավ Կոմկուսի պատմական, 20-րդ համագումարը, որի ժամանակ Խրուշչովը վերջ դրեց նախկին գործընկերոջ անձի պաշտամունքին: Դրան հետևեց Ստալինի արձաններից շատերի ապամոնտաժումը ողջ ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում: Այդուհանդերձ, գլխավոր՝ մերկուրովյան քանդակը, կանգուն մնաց ևս մի քանի տարի: Ըստ որոշ տվյալների, հանրապետության ղեկավար Յակով Զարուբյանը չէր շտապում ապամոնտաժել այն, հարևան վրացիներին չնեղացնելու համար: 1962-ին, սակայն, վերջապես, դա տեղի ունեցավ: Լեգենդի համաձայն՝ ապամոնտաժման ժամանակ քանդակն անհաջող էին իջեցրել, որի արդյունքում բանվորներից մեկը զոհվել էր:

Ինչ կառուցվեց տեղում
1965-ին որոշում կայացվեց դատարկ պատվանդանին կանգնեցնել նոր հուշարձան՝ Մայր Հայաստանը: Պատվերը ստացավ Արա Հարությունյանը: Նախքան աշխատանքին անցնելը քանդակագործը մտաբերել էր, որ Ստալինի արձանի գոյության օրոք շատերը նշում էին, որ այն շատ փոքր է՝ հսկայական պատվանդանի հետ համեմատ: Այդ պատճառով Հարությունյանը որոշել էր, որ նոր արձանը պետք է նախորդից մեկ ու կես անգամ ավելի խոշոր լինի: Մասշտաբներն ավելի լավ պատկերացնելու համար քանդակագործը որոշեց գտնել Ստալինի գոնե որոշ մնացորդներ՝ դրանց հիման վրա աշխատելու համար: Արդյունքում հայտնի չէ թե որտեղից հայտնաբերվել և արվեստանոց էին բերվել բրոնզե գեներալիսիմուսի կոշիկն ու աչքը: Դրանք օգնեցին հաշվարկներին՝ Մայր Հայաստանը իսկապես պատվանդանի հետ շատ ավելի համահունչ է դիտվում, քան Ստալինը, իսկ վերջինիս աչքը մինչ օրս պահվում է Հարությունյանի ընտանիքում:

 

«Փառք աշխատանքին» Բանվորի արձան
Չուգուն: Քանդակագործ՝ Արա Հարությունյան, կանգուն տարիներ՝ 1982-1997 թթ.։ Վայրը՝ «Գործարանային» մետրոյի կայարանի հարևանությամբ:
Անձը
Բանվոր դասակարգի հավաքական կերպար:

Արա Հարությունյանը կառուցվող «Բանվորի» հետ
Արա Հարությունյանը կառուցվող «Բանվորի» հետ

Պատմություն
Քանդակագործ Արա Հարությունյանի վերջին աշխատանքներից մեկն էր և իր ամենասիրելի գործերից մեկը: Բացումը տեղի է ունեցել 1982-ին: Մինչ օրս շատերը վստահ են, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ: Իրականում այն եղել է այնպիսին, ինչպիսին պահպանված լուսանկարներում՝ դատարկաձեռն: Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարողության ժամանակ այն բոլորովին դուր չի եկել առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որին վերագրում են «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը: Ֆորմալիստական ոճով կատարված «Բանվորը» կարճ ժամանակում սիրվեց ժողովրդի կողմից և դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Ինչպես պնդում էր ինքը՝ Հարությունյանը, արձանը ոչ թե սոցիալիստական գաղափարների մասին էր, այլ դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայ մարդու խորհրդանիշ էր:

Ապամոնտաժում
Քանդակի հեռացումը պետական որոշում էր՝ պաշտոնական պատճառը «Բանվորի» ոչ ամուր լինելն էր և վտանգը, որ կարող է շրջվել ու վնաս պատճառել անցորդներին: Սակայն, ինչպես վստահեցնում են այսօր մասնագետները, իրականում այն ամրացված էր երկար ռելսով, որը գետնի տակ ամուր հիմք էր հանդիսանում: Ենթադրվում է, որ անկախացումից հետո արձանը այլևս գաղափարապես չէր համապատասխանում երկրում տիրող իրավիճակին: Արձանը, որը ներառված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, ապամոնտաժվել է մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իմացել է այդ մասին առավոտյան, նույնիսկ չի հասցրել որևէ կերպ խանգարել ընթացքին: Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղի գործարաններից մեկի տարածքում, մի մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն:

Ինչ կառուցվեց տեղում
Արձանի տապալումից մի քանի տարի անց իր զբաղեցրած և հարակից տարածքները զբաղեցրեցին ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութերի կրպակները: 2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մասին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործարանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով:

 

Ղուկաս Ղուկասյան
Բազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1990 թթ.: Բարձրությունը պատվանդանի հետ՝ 6 մետր 20 սանտիմետր: Վայրը՝ Ղուկասյանի (այժմ՝ Ուսանողական) պուրակ՝ Երևանի պետական համալսարանի դիմաց։
Անձը
1899-1920 թթ., բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործիչ, 1920 թվականի Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից:

Արձանը
Որոշվել էր, որ ստեղծագործական աշխատանքները քանդակագործը պետք է կատարի ապագա արձանի հարևանությամբ տեղակայված ժամանակավոր տաղավարում: Մնում էր հարկավոր նյութը՝ գրանիտի երկու հսկայական բեկոր, յուրաքանչյուրը՝ երկու տոննայից ծանր, հասցնել ժամանակավոր արվեստանոց: Մինչև քաղաք բեկորները բերվում էին երկաթուղով, իսկ կայարանից դեպի Աբովյան փողոց հասցնելու համար անհրաժեշտ էր դրանք բարձել տրամվայի վրա: Մնում էր մի խնդիր՝ ինչպես հասցնել հաջորդ մի քանի տասնյակ մետրերը տրամվայի գծերից մինչև բուն արձանի վայրը: Տարբերակներից մեկը տրամվայի գծի ժամանակավոր ճյուղի տեղադրումն էր: Բայց արդյունքում վարորդներից մեկը առաջարկեց միավորել «մեջք մեջքի» երկու բեռնատար մեքենա, որոնք այդպիսով կկիսեին տուրբինայի ծանրությունը, և այդպես գրանիտները տեղ հասան: Պատվանդանը զարդարված է եղել երեք թեմատիկ բարձրաքանդակներով, որոնք պատկերում էին Հայաստանում կոմերիտմիության հիմնադիր Ղուկասյանի և իր մարտական ընկերների գործունեության առանձին դրվագներ («Մայիսյան ապստամբությունը», «Ընդհա-տակյա նիստ», «Կռիվ դաշնակցականների և բոլշևիկների միջև»):

Ղուկաս Ղուկասյանի անվան պուրակը, հետին պլանում աստղադիտարանն է
Ղուկաս Ղուկասյանի անվան պուրակը, հետին պլանում աստղադիտարանն է

Ապամոնտաժում
1990 թվականին՝ անկախության շարժման օրերին, պայթեցվել է անհայտ անձանց կողմից, գիշերով: Դատարկ պատվանդանը կանգուն էր դեռ մի քանի տարի: Ինչ կառուցվեց տեղում 2009-ի դեկտեմբերին Ուսանողական պուրակում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց Վիկտոր Համբարձումյանի քանդակը (քանդակագործ՝ Տարիել Հակոբյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան): Արձանի համար այս տեղ խորհրդանշական է քաղաքային աստղադիտարանի հարևանությամբ: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ Համբարձումյանի 100-ամյակի շրջանակներում:

 

Մեշադի Ազիզբեկով
Բազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1988 թթ։ Վայրը՝ Ազիզբեկովի (այժմ՝ Սախարովի) հրապարակ:
Անձը
1876-1918 թթ., առաջին ադրբեջանցի մարքսիստներից մեկը, տեղական հեղափոխական շարժման առաջնորդ, Բաքվի 26 կոմիսարներից մեկը:


Արձանը
1934-ին տեղադրված քանդակը երբեք չի դասվել Ստեփանյանի հաջողված գործերի թվին: Մ. Ս. Սարգսյանը այսպես է գրում կիսանդրու մասին. «Այստեղ գտնված է անձնավորության արտաքին նմանություն, սակայն կիսանդրու արտահայտչական միջոցները և քանդակագործական ձևերը պլաստիկական չեն, դրանք բավական չոր են ու ժլատ: Մարդու կերպավորման այդ սահմանական միջոցները հասնում են պարզունակության: Դրականը այս ստեղծագործության մեջ իրականությունը տեսնելու քանդակագործի պարզ, անմիջական և ոչ կանխակալ մոտեցումն է»:

Ապամոնտաժում
Ադրբեջանցի հեղափոխականը կորցրեց իր արդիականությունը Ղարաբաղյան շարժման մեծ թափ հավաքելուն պես: Զարմանալի չէ, որ Ստեփանյանի աշխատանքը հեռացվեց 1988-ին: Ինչ կառուցվեց տեղում 1991 թվականին՝ արդեն անկախության ժամանակ, բոլշևիկ Մեշադի Ազիզբեկովի հրապարակը վերանվանվեց և կոչվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի անվամբ,
որը հատկապես Ղարաբաղյան շարժման ժամանակ հայանպաստ դիրքորոշում ուներ: Իսկ տասը տարի անց՝ գիտնականի 80-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպեցին մրցույթ նրա հուշարձանի համար։ Շուրջ մեկ տարի շարունակվող քննարկումների արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը (ճարտարապետ՝ Լևոն Ղալուկյան), որի բացումը տեղի ունեցավ 2001 թվականի մայիսի 29-ին:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N9, 2014

Այս թեմայով