13 Հունիս 2014, 12:55
3471 |

Հայ քաղաքապետերը գրավել են աշխարհը

Քաղաքապետ լինելը հեշտ գործ չէ, բայց, ինչպես փորձը ցույց տվեց, հայերին հոգեհարազատ է: Քանի որ Հայաստանի քաղաքները շատ չեն, իսկ քաղաքապետ դառնալու ցանկություններ և հավակնություններ ունեն շատերը, ուստի հայերն անցան մոլորակը նվաճելուն: Ավելին, աշխարհում քաղաքներ կան, որոնց քաղաքապետները գրեթե միշտ հայեր են եղել: Օրինակ, լիբանանյան Այնճար քաղաքի հիմնադրման օրից բոլոր քաղաքապետները հայեր են, գրեթե նույնն է նաև սիրիական Քեսաբի պարագայում: Հայ քաղաքապետերի մասին է այս քաղաքապետական հոդվածը:

Արթին Էթմեքջյան (Ավստրալիա, Ռայթ)
52-ամյա Արթին Էթմեքջյանն առաջին հայ քաղաքապետն է Ավստրալիայում: Ընտրվել է 2010 -ին: Նա Ավստրալիայում է ապրում երկու տարեկանից: Էթմեքջյանները այստեղ տեղափոխվել են Եգիպտոսից: Հայ քաղաքապետն իր գործութնեության ընթացքում, ինչպես ինքն է նշել հարցազրույցներից մեկում, միշտ աշխատել է այնպես անել, որ հայրեը հնարավորինս ներգրավված լինեն կառավարման գործընթացում: Էթմեքջյանը մեծ նշանակություն է տալիս հայապահպանութան գործին, տանը' ընտանիքի անդամների հետ խոսում է բացառապես հայերեն, գտնում է, որ հայ պետք է հավատարիմ մնա կրոնին և ծագմանը: Հայազգի քաղաքապետն այժմ ամեն ջանք գործադրում է, որ Ռայթի մոտ 10 000 հայերը եկեղեցի ու դպրոց հաճախեն: Մասամբ նաև Էջմեքջյանի շնորհիվ է, որ 2005-ին Ռայթի քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

 

Ֆիլիպ Կիզիրյան (Ֆրանսիա, Սեն -Շամոն)
Ֆիլիպ Կիզիրյանը ծնվել է Ֆրանսիայի Սեն-Շամոն քաղաքում 1959-ին: Մասնագիտությամբ իրավաբան քաղաքպետը երկար տարիներ աշխատել է որպես դատավոր, բայց հետո անցել քաղաքական գործունեության: 2008-ին հաղթել է Սեն-Շեմոնի քաղաքապետի ընտրություններում և դարձել 36 000 բնակիչ ունեցող ֆրանսիական քաղաքի քաղաքապետը: Կիզիրյանն ինքը մարզասեր է, սիրում է գոլֆ խաղալ, ու մեծ կարևորություն է տվել քաղաքում սպորտի զարգացմանը:

Հայ քաղաքապետը գտնում է, որ յուրաքանչյուր հայ հնարավորության դեպքում ժամանակ առ ժամանակ պետք է այցելի իր հայրենիք: Ինքը՝ Կիզիրյանը, առաջին անգամ Երևան եկավ 2010-ին՝ ամառային արձակուրդների ժամանակ: Քաղաքային կառավարման մեծ փորձ ունեցող մասնագետը նկատել էր, որ Երևանը բավական ժամանակակից է, որ և որ ամենակարևորն է' աշխարհի ջերմ քաղաքներից մեկն է: Պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո Կիզիրյանը ևս մեկ անգամ առաջադրվեց, սակայն այս տարվա մարտին կայացած ընտրություններում պարտվեց Հարվեյ Ռեյնադին:

 

Ջեյմս Հանն (ԱՄՆ, Լոս-Անջելես)
Լոս –Անջելեսի 40-րդ քաղաքապետը նույնպես հայ է' Ջեյմս Հանն: Քաղաքական գործիչների ընտանքում ծնված Հաննը քաղաքապետարանում գործունեությունն սկսել է որպես փաստաբան, 2001-ին ընտրվել քաղաքապետ ու կառավարել մինչև 2005-ը: Տարբեր հոդվածներում նշվում է, որ նրա պաշտոնավարման տարիներին Լոս-Անջելեսում լրջորեն նվազել էր հանցագործությունների մակարդակը. սա Հաննի քաղաքային կառավարաման ծրագրի կարևոր կետերից էր:

 

Էլիաս Սարգիս (Լիբանան, Բեյրութ)
Լիբանանի 6-րդ նախագահ Էլիաս Սարգիսը՝ պաշտոնավարած 1976-1982 թթ, նախքան նախագահելը Բեյրութի քաղաքապետն էր: 1968-1970՝ ընդամենը երկու տարի աշխատելով քաղաքապետի պաշտոնում՝ նա 1970-ին առաջադրվեց նախագահական ընտրություններում, սակայն պարտվեց հիմնական մրցակից Սուլեյման Ֆրաժիին ընդամենը մեկ քվեով: Սարգիսը չընկճվեց, հաջորդ ընտրություններին կրկին առաջադրվեց ու հաղթեց: Նա սերտ կապեր է ունեցել Դաշնակցության անդամների հետ, եղել հայտնի դաշնակցական գործիչ Հակոբ Բագրատունու ընկերը:

 

Լարրի Զարյան (ԱՄՆ, Գլենդել)
Լարի Զարյանն առաջին հայն է՝ ընդգրկված Գլենդելի քաղաքային խորհրդում: Քաղաքապետի պաշտոնում ընտրվել է մի քանի անգամ'1991-ին, 1994-ին և 1998-ին: Զարյանը քաղաքային խորհրդում ընդգրկվել է դեռ 1983-ին, բազմամյա գործունեության համար նրան անվանում էին «ազգային քաղաքապետ»: Զարյանը նաև Լոս Անջելես նահանգի տրանսպորտային կառավարման ղեկավարն է եղել: Հետագայում Գլենդելի իշխանությունը քաղաքի տրանսպորտային կենտրոնը կոչվեց նրա անունով: Կյանքի վերջին տարիներին Գլենդելի «ազգային քաղաքապետը» աշխատում էր հեռուստատեսությունում՝ հայկական AMGA հեռուստաընկերության եթերում վարելով քաղաքական հաղորդում:

 

Արա Նաջարյան (ԱՄՆ, Գլենդել)
Նաջարյանը Գլենդելի քաղաքապետ է դարձել 2 անգամ: 2007-ին նա փոխարինեց Րաֆֆի Մանուկյանին, իսկ 2010-ին վերընտրվեց: Արա Նաջարյանն ու ԱՄՆ գործող նախագահ Բարակ Օբաման միասին են սովորել: Հետագայում Արա Նաջարյանը խոստովանել է, որ թեև Օբաման բավականին խելացի էր, բայց որևէ մեկի մտքով չէր անցնի, որ նա ԱՄՆ նախագահ կդառնա: Նաջարյանը նաև կատակել էր, որ այն ժամանակ իր հեղինակությունը շրջապատում շատ ավելի բարձր էր, քան Օբամայինը:

 

Բիլլ Փափարյան (ԱՄՆ, Փասադենա)
Փասադենայի քաղաքապետ դարձած առաջին հայը 1995-ին առաջադրվեց որպես անկուսակցական և ընտրվեց: 1997-ին դարձավ սենատոր: Համարվում է Փասադենայի ամենաակտիվ քաղաքական գործիչներից մեկը, նրա վայելած մեծ հեղինակության շնորհիվ նահանգային շատ խնդիրներ լուծվում են նրա միջոցով: Բիլ Փափարյանը այն փաստաբաններից էր, որ պաշտպանեց Գուրգեն Յանիկյանին, երբ վերջինս 1973-ին Սանտա Բարբարայում գնդակահարեց երկու թուրք պաշտոնյայի' վրեժխնդիր լինելով Հայոց ցեղասպանության համար: Սկզբում Յանիկյանին դատապարտեցին, բայց Փափարյանը տարիներ շարունակ վիճարկեց գործը և 1984-ին հասավ նրան, որ Յանիկյանին ազատ արձակեցին:

 

Զարեհ Սինանյան (ԱՄՆ, Գլենդել)
Գլենդելի գործող քաղաքապետ Սինանյանն ընտրվել է նախորդ տարի ու մտադիր է առնվազն մեկ անգամ էլ վերընտրվել: Նա ծնվել է Երևանում, ԱՄՆ տեղափոխվել 14 տարեկանում: 1998-ից զբաղվում է ԱՄՆ հայերի խնդիրներով՝ ներգրավվելով Հայ Դատի աշխատանքներին: 2013-ին առաջադրվեց Գլենդելի քաղաքապետի ընտրություններում և հաղթեց:

 

Սքոթ Ավետիսյան (ԱՄՆ, Վարվիք)
Վարվիքի գործող քաղաքապետն առաջին անգամ այդ պաշտոնում ընտրվել է 2000-ին և մինչև օրս վերընտրվել բոլոր հաջորդ ընտրությունների ժամանակ՝ 5 անգամ: Ասում են՝ նա ամենահաջողակ քաղաքապետն է Վարվիքի պատմության մեջ: 2011-ին Նյու-Յորք թայմսի կազմած ամենավարկանիշային քաղաքապետերի աղյուսակում Սքոթ Ավետիսյանը 6-րդն էր:

 

Ռոբերտ Սաբոնջյան (ԱՄՆ, Վոքիգան)
Երկրորդ հայը, որը դարձավ քաղաքապետ Վոքիգանում, առաջին անգամ ընտրվել է 1995-ին և զբաղեցրել պաշտոնը մինչև 1999-ը: Վերընտրվել է 2008-ին և մինչ օրս Վոքիգանի քաղաքապետն է:

 

Րաֆֆի Մանուկյան (ԱՄՆ, Գլենդել)
Լարի Զարյանից հետո Գլենդելի քաղաքապետ դարձած 2-րդ հայը այդ պաշտոնում ընտրվել է 2 անգամ՝ առաջին անգամ՝ 2003-ին, այնուհետև՝ 2006-ին: Րաֆֆի Մանուկյանը ստեղծել է Raffi Manukyan Foundation բարեգործական հիմնադրամը, որը կրթաթոշակներ է հատկացնում Օքսֆորդում սովորել ցանկացող հայ երիտասարդներին:

 

Բոբ Յուսեֆյան (ԱՄՆ, Գլենդել)
Յուսեֆյանը 3-րդ հայն է այս պաշտոնում: 2004-2005-ը ղեկավարելով հայառատ Գլենդելը՝ հետագայում նա դարձավ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի գլխավոր խորհրդականն ու լքեց քաղաքապետի պաշտոնը:

 

Փիթեր Թորջինյան (ԱՄՆ, Փիբոդի)
Թորջինյանը 14 անգամ անընդմեջ ընտրվել է քաղաքապետի պաշտոնում՝ քաղաքը ղեկավարելով 1984-ից մինչև 2004-ը: Ամենաերկարակյաց քաղաքապետներից մեկը լքեց պաշտոնը, քանի որ 2004-ին սենատոր ընտրվեց ու գնաց իր քաղաքն ավելի բարձր ատյաններում ներկայացնելու:

 

Գարի Թութունջյան (ԱՄՆ, Տրոյ)
Ներկայումս սենատոր Թութունջյանը մինչ այդ ղեկավարում էր ԱՄՆ Տրոյ քաղաքը: Ընտրվել էր 2004-ին և այդ պաշտոնում անցկացրել 8 տարի:

Այս թեմայով