20 Ապրիլ 2013, 20:12
2462 |

Շրջագայություն երաժշտության աշխարհում

Չունենալով երաժշտական կրթություն՝ նա գրեց իր առաջին ստեղծագործությունը։ Նոտաները մտքում գրվեցին, մեխանիզմն էլ սեփական արտադրության գաղտնիքն է։ Արդեն աշխարհահռչակ երաժիշտ Յանին խոստովանում է, որ ստեղծագործելիս հիմա էլ երբեմն օգտվում է մանկության տարիների հնարքից։

Երաժշտության մեջ կանոնները Յանիի համար չեն: Նա պատրաստ է իր ստեղծագործություններում գործածել ցանկացած երաժշտական գործիք, միայն թե այն արտահայտի բոլոր հույզերը, որոնք նախատեսված են տվյալ գործի համար:
Մեկ երաժշտությունը, մեկ էլ օվկիանոսը աշխարահռչակ երաժիշտի տարերքներն են։ Ծնվելով ու մեծանալով Հունաստանում՝ հենց Միջերկրական ծովի ափին նա ձեռք բերեց հոբիների մի ամբողջ ցանկ՝ լող, դայվինգ, սերֆինգ, բայց երաժշտությունը մնաց նրա կյանքի գլխավոր իմաստը:

Կյանքի իմաստը դարձած գործով նա այսօր շրջագայում է ամբողջ աշխարհում: Ունի թիմ, որը, ինչպես ինքն է ասում, բաղկացած է աշխարհի լավագույն երաժիշտներից: Նրանցից մեկն էլ հայազգի ջութակահար Սամվել Երվինյանն է: Յանին անկեղծանում է՝ իրենց համագործակցության տարիներն Սամվելը նրան անգամ հայերեն մի քանի բառ է սովորեցրել. «Ես փնտրում էի աշխարհի լավագույն ջութակահարին և գտա Սամվելին: Պետք է խոստովանեմ, ես ուրախ եմ, որ նա հայ է, չէ որ հայերն ու հույները յուրահատուկ նմանություն ունեն»:

Շուրջերկրյա ճանապարհորդության հերթական կանգառը Հայաստանն էր, և սա առաջին անգամը չէր: 2011-ին նա արդեն համերգային ծրագրով ներկայացել էր հայ հանդիսատեսին: Այս անգամ օդանավից իջնելիս արդեն ծանոթ զգացողություն կար․ «Ոտքս հայկական հողին դնելուն պես տպավորություն էր, թե տանն եմ»: Երաժիշտը ուրախ է, որ կրկին հնարավորություն ունի ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար, քանի որ նախորդ անգամ խոստացել էր նորից գալ. «Երևանյան նախորդ համերգն իմ կյանքի ամենալավ պահերից էր: Այնքան եմ պատմել հարազատներիս հայաստանյան ընդունելությունից, որ քույրս էլ է այս անգամ եկել ինձ հետ՝ անձամբ տեսնելու Հայաստանը»:

Յաննին խոստանում է՝ համերգի ժամանակ հանդիսատեսն իր հետ երաժշտական «շրջագայության» կմեկնի։ Կլինեն հետաքրքիր անակնկալներ, որոնց փակագծերը Յանին, բնականաբար, չբացեց: Համերգները կկայանան ապրիլի 20-ին, 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս թեմայով