11 Օգոստոս 2014, 11:45
4275 |

Մաքուր լույս

Ամեն անգամ Օպերա գնալիս շատերիս մի հարց է տանջում՝ «Ինչպե՞ս են լվանում հսկայական ջահը, բա որ ընկնի՞»: Ինչպես պարզվեց, այդ գործընթացը մի առանձին ներկայացում է, որը, սակայն, բեմադրվում է ոչ թե ամեն թատերաշրջանում, այլ երեք տարին մեկ:

Դահլիճը այնպիսին չէր, ինչպիսին բոլորս սովոր ենք տեսնել. մեծ ու բեմից աջ գտնվող փոքր ջահերը ոչ թե իրենց տեղում էին՝ վերևում, այլ պարտերում: Փոքրերը լվանում են տարին մեկ անգամ: Ջահը լվացող կանանց կողքին սև տաբատով, վերնաշապիկով, ալեհեր մի տղամարդ էր կանգնած: Ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ինժեներ Արտավազդ Ամիրխանյանն էր: «Ջահերը լվանալու պապական ձև կա' վեց-յոթ հոգով, լեբյոդկաներով, բռնակներով չարչարվում պտտացնում ու իջեցնում ենք լյուստրան: Ոչ մի հատուկ նյութ էլ պետք չի, դուք ձեր տանը ինչո՞վ եք մաքրում ապակեղենը», — ասում է պարոն Ամիրխանյանը:

2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում աշխատողները ջահից հանել են բոլոր բյուրեղապակիներն ու հատ-հատ մաքրել դրանք' հենց շենքի բուֆետում: Դրանից հետո ջահը մաքրվում է տեղում, պարզապես ներքև իջնելով: Ամիրխանյանը շարունակում է բացատրել ջահամաքրման նրբություն-ները. «Ամբողջ հարցն այն է, որ շղթաները, որոնց վրա կախված են բյուրեղիկները, շատ ծանր են, յուրաքանչյուրը' 3-5 կիլոգրամ: Իսկ ջահը մոտ 3 տոննա է: Հետո հետևել եմ, որ այդ շղթաների վրայից չժանգոտվող պողպատով նորից ամրացնեն, որ որևէ մեկը հանկարծ չպոկվի»:

Մեծ ջահը մաքրում են մեկ օրում' առավոտից երեկո: Լամպերը երեք տարի դիմանում են' «բայց եթե չհետևես, երկու ամսում կփչանան», հավելում է ինժեները: «Նայի վերև, տեսնում ե՞ս այս հաստ սև պարանը որտեղից է իջնում: Տանիքում բետոնե ֆորմաներ կան, այնտեղ է ամրացված: Ուզում ե՞ս տեսնել»:

Վերելակ նստեցինք ու բարձրացանք իններորդ հարկ: Ներքևում բեմն էր, փորձ էր ընթանում, երաժշտությունը խլացնում էր: Ամիրխանյանը բարձրաձայն նախազգուշացնում է' «այստեղ ուշադիր եղիր, տես ես ոնց եմ անցնում, դու նույն կերպ վարվի, հանկարծ չընկնես»: Սա Օպերայի «ուղեղն է», այստեղ են գտնվում բեմում հայտնվող դեկորները, վարագույրները կառավարող 54 վերելակները' «պոդյոմները», 8 սոֆիտ-ները ու, վերջապես, մեկ մեծ ու չորս փոքր ջահերը կառավարող ռեդուկտորները: Ամիրխանյանը շարունակում է. «Հիմա վերանդայում ենք, դահլիճից նստած որ նայում ես վերև, այստեղի հատակն է: Արի այս անցքից ներքև նայի' կաբելն է ու ջահը, տեսնում ե՞ս»: Իսկ 10-րդ հարկում տեղակայված են սոֆիտների հակակշիռները:

12 տարի որպես գլխավոր ինժեներ աշխատող Արտավազդը գիտի Օպերայի ամեն «ծակ ու ծուկը»: Յուրաքանչյուր դռան, պարանի, աստիճանի հանդեպ նրա նուրբ ու ուշադիր վերաբերմունքից երևում է, որ Ակադեմիական թատրոնը իր երկրորդ տունն է: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ Օպերայի ջահերը չեն ընկնում:

«Հիմա մի լավ լվացվի, լրիվ փոշի ես», հրաժեշտ տալով հոգատարությամբ ասում է պարոն Ամիրխանյանը:

Այս թեմայով