27 Մայիս 2014, 17:06
2624 |

Եվրոմտքեր

Մի քանի օր առաջ Երևանում ավարտվեցին Եվրոպայի օրվա տոնակատարությունները։ Դրանց շրջանակներում քաղաքը հյուրընկալել էր մի շարք արվեստագետներ աշխարհի տարբեր կետերից։ Նման առիթը բաց թողնելն աններելի կլիներ. մենք բռնացրեցինք նրանց փորձերի ընթացքում, ելույթների ընդմիջումներում ու հանգստի եզակի րոպեներին, հարցուփորձ արեցինք՝ ինչպիսի՞նն է Երևանը, ի՞նչն է գրավել այստեղ, իսկ ի՞նչը կփոխեին առաջին իսկ պատեհ առիթի դեպքում։

Դանիել Ուեյփլս, Մեծ Բրիտանիա
Երևանը չափազանց խաղաղ է, բաց, հարմարավետ մարդկանց համար։ Ես շատ եմ ճանապարհորդում, աշխարհում շատ են քաղաքները, ուր wifi-ով սրճարան գտնելը խնդիր է։ Իսկ այստեղ պարզապես հրաշք է, նույնիսկ հեռախոսի կրպակներում կապ կա։

Lավ ստացվեց, որ եկա այստեղ հենց գարնանը. բնությունը շուրջբոլորս այնքան գեղեցիկ է, ոգեշնչող, օդը՝ մաքուր, տեսարանը՝ կանաչ։ Մի խոսքով արդեն երեք օր է՝ ձեր քաղաքում եմ ու միայն դրական զգացումներ եմ ապրում։

Միակ բանը, որ կփոխեի՝ փոքրիկ ծովափ կավելացնեի Երևանին, այդ դեպքում քաղաքը պարզապես հրաշք կդառնար։ Bոլորն այնքան լավ են անգլերեն խոսում, որ ափսոսում եմ, որ շատ զբոսաշրջիկներ չունեք այստեղ։ Դա էլ, կարծում եմ, կավելացնեի։

DJ Pixie, Գերմանիա
Սա իմ երրորդ այցն է Երևան, այնպես որ առաջին տպավորությունս վաղուց է եղել։ Առաջին անգամ եկա 1999-ին բոլորովին պատահաբար։ Երբ Լեյպցիգում ուսանող էի, որոշել էի կողքից փող աշխատել. առևտրային ցուցահանդեսի թարգմանիչ էի։ Ինձ կցեցին Հայաստանի քաղաքաշինության նախարարին, ինքն էլ կարծես թե հավանեց ինձ ու հրավիրեց Հայաստան։ Ասեց, կարող ես գալ ու մի տարի, երկու տարի անհոգ ապրել։ Համաձայնվեցի, բայց միայն երեք շաբաթով։ Հաջորդ անգամ Հայաստան եկա 2008-ին գերմանական մի խմբի հետ, որը Հայաստանում ու Վրաստանում համերգներ ուներ։ Գնացինք Արցախ։ Այդ խումբը Գերմանիայում, մեղմ ասած, հայտնի չէր, բայց Ստեփանակերտում նրանց դիմավորեցին ինչպես ռոք աստղերի՝ ուշաթափություններով, մեծ պաստառներով ու ծափահարություններով։

Երևանը տարեցտարի դառնում է ավելի եվրոպական. այստեղ ամենուր կա wi-fi, գեղեցիկ խանութներ, սրճարաններ։ Քաղաքը մաքուր է ու կոկիկ։ Դե այն, որ երևանցիները բարեհամբույր են, նորություն չէ անձամբ ինձ համար։ Ու դա եվրոպական չէ, այլ զուտ հայկական։

Խորհուրդ կտայի ավելի ուշադիր լինել շինարարության հանդեպ. հիմա այն խենթ է ու անկառավարելի։ Լավ կլինի՝ պահեք այն, ինչ ունեք, վերահսկեք, թե ով ինչ շենք է գնում ու ինչ կարող է կառուցել։

Լուկա Նիժետիչ, Խորվաթիա
Հայաստան գալուց առաջ ոչինչ չգիտեի Երևանի մասին, գաղափար անգամ չունեի՝ ինչ ակնկալել։ Իսկ հիմա պարզապես ապշած եմ այն ամենից, ինչ տեսնում եմ. մարդիկ այնքան բարի են, սիրալիր։ Ձեր քաղաքում ամեն ինչ արտիստիկ է։

Երբ զբոսնում եմ քաղաքով, անընդհատ նմանեցնում եմ Երևանը Բարսելոնային։ Այնտեղ հինգ անգամ եմ եղել, ու իմ զգացողությունը նույնն է թե՛ այնտեղ, թե՛ այստեղ։ Այդպես եմ ընկալում քաղաքը։

Երևանում ամեն ինչ այնքան հեշտ է թվում, թեթև, մարդիկ անընդհատ շարժման մեջ են, միշտ ինչ-որ բան է կատարվում այս քաղաքում։ Երկու օր եմ այստեղ անցկացրել, ու այս ընթացքում չեմ կարող հիշել մի բան, որ հավանած չլինեմ։ Հիացած եմ ու ապշած։

Պիետրա Հուլթման, Շվեդիա
Արդեն երրորդ անգամն է՝ Երևանում եմ։ Առաջին անգամ 2012-ին էր՝ կամավորական ծրագրի շրջանակներում։ Քանի որ Հայաստանն ինձ համար առաջին երկիրն էր տարածաշրջանում, սկզբում բավականին անսովոր էր, կային երևույթներ, որոնց չգիտեի՝ ինչպես արձագանքել։ Փողոցում զբոսնելիս պարբերաբար զգում էի ինձ ուղղված հայացքներ, իսկ երբ ի պատասխան ժպտում էի, մարդիկ պարզապես թեքում էին հայացքը։ Դրանից ենթադրեցի, որ այնքան էլ բարեհամբույր չեն երևանցիները։ Հիմա եմ հասկանում, որ դա ամոթխածության նշան է, գուցե որովհետև իրենք չգիտեն, թե ինչ լեզվով է պետք ինձ հետ խոսել։ Ժամանակի ընթացքում մի փոքր սովորեցի հայերեն, ու, չնայած, հիմա էլ լավ չեմ տիրապետում լեզվին, շփումը տեղացիների հետ բավականին հեշտացել է։

Ամենից շատ Երևանում ինձ դուր է եկել մարդկանց երեկոյան զբոսանքները ընտանիքներով, ընկերների հետ։ Շվեդիայում հաճախ չես հանդիպի, որ երեկոյան ժամերի երեխաները դրսում խաղան, ինչպես դա անում են Ազատության հրապարակում։

Չնայած ինձ բավականին անվտանգ եմ զգում Երևանում, կա մի բան, որ ինձ անհարմարություն է պատճառում. երբ միայնակ զբոսնում եմ քաղաքում, նկատում եմ չափից դուրս համառ հայացքներ տղամարդկանց կողմից։ Կգերադասեի, որ դա փոխվեր, շատ եմ զգում անձնական տարածքի կարիք։ Այդ պատճառով զբոսնելիս գլուխս սովորաբար կախում եմ, քանի որ եթե հայացքս հանդիպի որևէ մեկին, չես իմանա՝ ինչով կավարտվի։

Գիլյերմո Ռոխաս, Իսպանիա
Երևան եկա հունվարի սկզբին ու մինչև վերջերս ապրում էի Հարավ-Արևմտյան թաղամասում։ Շատ սիրեցի այդ թաղամասը, չափազանց հետաքրքիր է այնտեղ։ Սիրում եմ նման թաղամասեր, քանի որ այնտեղ մարդիկ իրենք են կառուցում իրենց միջավայրը։ Քաղաքի կենտրոնում էլ փորձում եմ գտնել թաքնված վայրեր, որտեղ պահպանվել է հին քաղաքի ոգին։ Այն, ինչ հիմա է կատարվում Երևանում, այդ ռուս իմպերիալիստական ճարտարապետությունը՝ ահռելի մեծ փողոցներ ու հսկա շենքեր, ինձ տհաճ է տեսնել։
Հուսով եմ՝ հաջորդ անգամ, երբ գամ Հայաստան, կտեսնեմ փոփոխություններ. կուզեմ, որ մարդիկ դառնան ավելի բաց նորույթների ու փոփոխությունների համար։ Լավ կլինի , որ կառավարությունն էլ մեղմացնի քաղաքականությունը, օրինակ, հարկերի հետ կապված։ Կարծում եմ՝ քաղաքն այլևս փոխել անհնար է, մնում է, որ բնակիչները «տեր կանգնեն» նրան, փորձեն պահել այն քիչ հին շենքերը, որոնք դեռ մնացել են։

Այս թեմայով