21 Հոկտեմբեր 2013, 11:41
3570 |

Հաղարծինի արաբական վերածնունդը

Ցնծա, բյուրվիշապ Հայաստան աշխարհ… Արաբը հայկական եկեղեցի է վերանորոգել ու ոչ ավելի, ոչ պակաս` հենց մեր երկրում։

Հաղարծինի 9-13-րդ դարերի վանական համալիրը հիմնովին վերանորոգել է Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Մեծություն Շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմին։ Մեր հուշարձանաշինության ու հուշարձանների վերականգնման պատմության մեջ առաջին անգամ է ազգությամբ արաբ բարերարը հովանավորում հայկական հուշարձանի հիմնանորոգման աշխատանքները։ Հաղարծինի վերանորոգման խնդիրը 2000-ականներին պարբերաբար բարձրաձայնվում էր։ Անտառի մեջ կառուցված վանական համալիր տանող ճանապարհից մինչև գմբեթ, խորան ու հատակ ֆինանսական լուրջ ներդրումներ էին պահանջում։ Վերջին անգամ Հաղարծինը վերականգնվել էր 1960-ականների վերջերին' այն էլ մասնակի։ Ներթափանցող ջրերն ամբողջությամբ քայքայել էին համալիրը, ժամանակն ու անուշադրությունն էլ իրենց հերթին էին խարխլել այն։

Մեր պետական բյուջեին բարեկամության ձեռք մեկնած արաբական գթառատությունն իր պատմությունն ունի։ Որտեղից-որտեղ 2005-ին մեր երկիր եկավ Շարժայի շեյխը, որին պետական այրերը Հաղարծին տարան։ Վանական համալիրի հոգևոր հայերից մեկը շեյխին մանրամասն ներկայացրեց ավելի քան 1 հազարամյակ ապրած, ավեր ու ավար տեսած հուշարձանի պատմությունը։ Արաբ հյուրը պատրաստակամություն հայտնեց վանական համալիրը սեփական միջոցներով նորոգել։ Մերոնք անմիջապես գործի անցան. կազմվեց համալիրի վերականգնման նախագծային առաջադրանք, չափագրություններ արվեցին, ուսումնասիրվեցին արխիվային նյութերը։

Արդյունքում հաստատվեց վերջնական նախագիծը, որի հեղինակներն են ճարտարապետներ Էդուարդ Գրիգորյանն ու Մերի Դանիելյանը։ Վերականգնման ու շինարարական աշխատանքներն ավարտվեցին 2012-ին։ Վերականգնված Հաղարծինի պաշտոնական բացմանը դոկտոր Սուլթան Բին Մոհամմեդ Ալ Քասսիմին չկարողացավ ներկա լինել, ուղարկեց պաշտոնական ներկայացուցչին' Համիդ Դիա Ջաֆարին։ Շեյխի նվիրած 5 մլն դոլարով փոխվեցին քայքայված տանիքածածկերը, ամրացվեցին ու ջրամեկուսացվեցին համալիրի հիմքերը, վերականգնվեց խարխլված պատերը, հատակը, պատուհաններ տեղադրվեցին, հոսանքի լարեր անցկացվեցին։

Արաբ հյուրերը պատմում են, որ Շարժայի շեյխը Հաղարծինը շատ է հավանել, անգամ նկարն է տեղադրել իր գրասենյակում, ու գնացող-եկող հյուրեին ծանոթացնում է հայկական միջնադարյան եկեղեցական համալիրի պատմությանը։

Այս թեմայով