06 Սեպտեմբեր 2013, 19:14
2587 |

Հավատա՞մ, թե՞ չէ

«Չորս կարիճ» ՀԿ-ն ծրագրում է 2014-2015-ին Երևանում անցկացնել Infinity Art Festival ժամանակակից արվեստի փառատոն: Նախագծի հեղինակները պատրաստվում են համագործակցել Մշակույթի նախարարության հետ, նրանք մտադիր են նաև իրենց նախաձեռնությունում ներգրավել ոչ պետական կառույցների ներկայացուցիչներին: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀԿ-ն նախատեսում է մեկնարկել իր պրոմո-ակցիաները՝ փառատոնի մասին ավելի լայն շրջանակներին իրազեկելու և նախապատրաստելու համար: Նախաձեռնությունը գովելի է, ինչի արդյունքում արժանացավ նաև մեր ուշադրությանը: Մանրամասները փորձում է պարզաբանել «Չորս կարիճ» ՀԿ նախագահ Հայկ Մութաֆյանը:

Ի՞նչ է նախատեսվում պրոմո-ակցիաների շրջանակում:
- Առայժմ աշխատում ենք ԶԼՄ-ների հետ, պատրաստում ենք մեկ ամիս տևողությամբ հաղորդումների շարք, որը կհեռարձակվի Դար 21-ի եթերում և որի շրջանակում տարբեր արվեստագետներ կխոսեն նախագծի կարևորության մասին:

Ո՞վ է նախագծի հեղինակը և ի՞նչ նպատակներ այն ունի:

- Նախագծի հեղինակը ես եմ, այն կրում է «Աշխարհն ինչպիսին է և ինչպիսին պետք է լինի» խորագիրը: Մենք միշտ սպասում ենք, թե երբ է գալու այդ լուսավոր օրը, երբ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն ժամանակակից արվեստին:

Նախագծի կոնցեպտը կպարզաբանե՞ք:

- Ի՞նչը:

Փառատոնը ծրագրում եք 2014-2015 թվականներին, իսկ ե՞րբ պարզ կլինի ավելի հստակ ժամկետը:

- Նախ ասեմ, թե ինչու ենք ասում 2014-2015: Առաջին՝ որովհետև մեր ճանապարհը փշոտ է, և երկրորդ՝ որովհետև նախագիծը կոչվում է Infinity 2, այսինքն՝ «Հավերժություն 2»: Մեզ մոտ ամեն ինչն այդպես երկու հատ է, թվականներն էլ ենք երկուսը ասում: Իհարկե, ուրախ կլինեինք անցկացնել հենց 2013-ին, բայց հսկայական միջոցների հարց է դա, քանի որ ուզում ենք հրավիրել ժամանակակից արվեստի համաշխարհային ճանաչում ունեցող ներկայացուցիչների, ընդ որում՝ ոչ թե թոշակառուների, այլ գործող, ակտիվ արվեստագետների: Անուններ տալու կարիք չկա, բոլորս էլ շատ լավ ճանաչում ենք փոփ-արտում ակտիվ գործող մարդկանց:

Օրինակ, ո՞ւմ նկատի ունեք:

- Օրինակ, Բեյոնսեին:

Իսկ նա ի՞նչ կապ ունի ժամանակակից արվեստի հետ:

- Նա ժամանակակից երգչուհի է, փոփ-արտ է: Ընդհանրապես, Խորհրդային Միության փլուզումից հետո միանգամից չենք ունեցել թանգարաններ, արվեստը միանգամից չի գնահատվել: Եղել է անցումային փուլ, և մենք պետք է շատ բարձր գնահատենք փոփ-արտը: Ես պատահական չեմ ընտրել «Աշխարհն ինչպիսին է և ինչպիսին պետք է լինի» նշանաբանը, դա հենց արվեստի խորագիրն է՝ արվեստագետը ինչ է տեսնում և ինչ է ուզում ցույց տալ: Դրա համար էլ համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչ-քանդակագործների ենք ուզում ընդգրկել նախագծում:

Նկարիչ-քանդակագործներից մի քանիսին կնշե՞ք:

- Ճիշտն ասած, բոլորի անունները չեմ հիշում, մի քանի հոգու կարող եմ ասել: Օրինակ՝ Ծերեթելին, Չեփմըն եղբայրները և շատ ուրիշներ:

Ի՞նչ է նախատեսվում փառատոնի շրջանակում:

- Ցուցահանդեսներ, երաժշտական միջոցառումներ «Աշխարհն ինչպիսին է և ինչպիսին պետք է լինի» նշանաբանի ներքո: Այ, օրինակ, վիդեո-արտը, մենք ունենք տեսահոլովակ, որը դեռևս չենք կարողանում YouTube գցել, asekose կայքը խոստացել է տեղադրել, բայց առայժմ այն կարող եք դիտել odnoklassniki.ru կայքում: Այնտեղ գրանցված եք, չէ՞:

Ոչ, մի փոքր կպատմե՞ք:

- Այնտեղ ներկայացված է «Հավերժություն 2»-ի և սիմետրիայի գաղափարը, ամեն ինչ բաժանված է երկուսի: Օրինակ, բարոկկո ոճը երկու մասի է բաժանված, երկու սյուների վրա է: Նույնն է Մայքլ Ջեքսոնի «Earth Song»-ի դեպքում, հիշո՞ւմ եք այն հատվածը, որտեղ երգիչը ծնկի էր գալիս՝ բռնվելով երկու ծառերից: Տեսնո՞ւմ եք, այստեղ էլ կա երկուսի խորհրդանիշը, երկու ծառ կա:

(Հընթացս դիտեցինք հոլովակը. մոտ 20 րոպեանոց փրոմո-հոլովակը կազմված էր  Էմինեմի, Թուփաքի, Բեյոնսեի, Բրիթնի Սփիրսի, և, իհարկե, PSY-ի «Գամ-գնամ սթայլ» տեսահոլովակներից՝ համեմված համաշխարհային ճարտարապետական կոթողների նկարներով և Ֆաբերժեի ձվերով: Ի դեպ, այդպես էլ չհամարձակվեցի «Չորս կարիճ» ՀԿ նախագահին հարցնել՝ ինչո՞ւ չորս կարիճ:)

Հոլովակում պարբերաբար հայտնվում են Երևան – Փարիզ, Երևան – Ռիգա, Երևան – Մոսկվա, Երևան – Սոֆիա գրություններ. ի՞նչ գաղափար են դրանք կրում:

- Դրանք այն քաղաքներն են, որոնց հետ նախատեսվում է համագործակցել փառատոնի շրջանակում: Մենք զբաղվում ենք ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ժամանակակից արվեստի զարգացմամբ, որովհետև դա մեր պատմությունն է, թե մենք, լինելով այդ կայսրության մեջ, ինչ մշակույթով ենք ապրել, աշխատել, հանգստացել:

Իսկ հայ արվեստագետները որքանո՞վ են տեղեկացված ծրագրվող փառատոնի մասին:

- Ում որ գտել ենք, ով որ պետք է, տեղեկացված է:

Գոնե մեկ-երկու անուն կնշե՞ք:

- Շատ են, հիմա չեմ կարող ասել: Դե, Նուռն է տեղյակ մեր նախագծի մասին, Սոս Սարգսյանը և շատ-շատերը:

Ի՞նչ կուզենայիք ավելացնել ասվածին (հարց՝ ծնված անճարությունից, քանի որ խոսակցությունը գնալով ավելի սյուր մակարդակներում սկսեց սավառնել: Երբևէ չկիրառված և, ըստ իս, ամենատափակ հարցը):  

- Ինչպես ասացի, փառատոնն անում ենք փոփ-արտում, արվեստասերների համար: Ժամանակակից արվեստը պետք է զարգանա, որովհետև մարդն իր կառուցվածքով դադարում է մարդ լինել, եթե հոգևոր սնունդով քիչ է զբաղվում և քիչ է շփվում: Հիմա շատ քիչ նման նախագծեր են անում, չնչին գումարով ու երբ հետո հիշում ես այդ նախագծերի մասին, հիշում ես քո վատ անցած հանգիստը, թե ինչպես չստիկներից մեկը մնաց ծովում:

Հ.Գ. Բոլոր հարցուպատասխանները իրական են, խոսակցության ձայնագրությունը սրբորեն պահպանվում է: Ոճական, քերականական և տերմինաբանական սխալների համար պատասխանատվություն է կրում միմիայն դրանք արտաբերողը:

 

INFINITY 2 from Klara on Vimeo.

Այս թեմայով