16 Օգոստոս 2013, 11:34
2730 |

Բացառության կարգով

Այս պատմությունը սկսվել է այն ժամանակների համար անիրականանալի թվացող երազանքից: Սրընթաց ընդլայնվող հայկական մայրաքաղաքին ժամանակակից ու ֆունկցիոնալ շինություն էր անհրաժեշտ, որտեղ կարող էին հարմարավետ աշխատել քաղաքապետն ու իր աշխատակազմը: Այսօր քաղաքապետարանի շենքը կարելի է համարել Երևանի՝ անկախության շրջանի ամենահաջող շինություններից մեկը: Նախագծի հեղինակներ, ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Ռոմիկ Մարտիրոսյանը (հետմահու), կոնստրուկտոր Հենզել Հակոբյանն ու կառուցապատող Գագիկ Գալստյանը 2007 թվականին արժանացել են Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի:

Նախագահի գործը
Մուրադ Մուրադյանը զբաղեցնում էր Երևանի քաղխորհրդի կազմկոմիտեի նախագահի պաշտոնը 1975-1985 թթ. ընթացքում: Մի քանի ամիսը նրան բավարար էր հասկանալու համար, որ մայրաքաղաքային իշխանություններին նոր շենք է հարկավոր: 1952 թվականին կառուցված քաղգործկոմի հին շենքը չէր բավարարում նույնիսկ նվազագույն պահանջները: Երևանն արագորեն զարգանում էր, ավելի ու ավելի դժվար էր կառավարել միլիոնանոց քաղաքը նեղվածքի պայմաններում, երբ բոլոր բաժիններն ու ծառայությունները ցրված են, իսկ աշխատակազմի մեծամասնությունն աշխատում է կիսանկուղային հաստատություններում, այնտեղ էլ ընդունում երևանցիներին: Սակայն առանց Մոսկվայի թույլտվության նոր քաղաքապետարանն անհնար էր կառուցել, առավել ևս, որ Խորհրդային Միությունում այն ժամանակ ուղղակի արգելված էր վարչական շենքերի կառուցումը:

Բարեբախտաբար, Մուրադյանը շատ համառ մարդ էր, ով սովոր էր գնալ մինչև վերջ, ու այս անգամ էլ իրեն հավատարիմ մնաց: Նոր շենքի մասին հարց բարձրացնելիս, նա հիանալի գիտակցում էր, որ պտուղներն արդեն այլոք են քաղելու: Երեք անգամ էր քաղգործկոմի նախագահը դիմել Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին, ու երեք անգամ էլ խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը նամակներ էր հղել Մոսկվա, Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի հետ միասին առաջ տանելով այդ նախագիծը: Նրանք համոզված էին, որ վաղ թե ուշ Երևանն անպայման կունենա քաղաքին արժանի վարչական շենք:

Դրա համար էլ, չսպասելով Կրեմլի որոշմանը, Մուրադյանն անմիջապես հրահանգեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանին նախագիծ պատրաստել: Ու հենց որ 1983 թ. հուլիսի 29-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Հեյդար Ալիևը ստորագրեց՝ «Համաձայնել բացառության կարգով», Երևանում նույնիսկ չսպասեցին պետական հատկացված գումարներին, անմիջապես սկսելով շինարարությունը: Այն ժամանակ ոչ ոք չէր էլ ենթադրում, որ այն կտևի շուրջ երկու տասնամյակ: Իսկ 1976 թվականի մայիսին Մուրադյանի առաջին դիմումից մինչև 2004 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանի շենքի բացման հանդիսավոր արարողությունն անցավ քառորդ դար: Այս ընթացքում փլուզվել էր գերտերությունը, Երևանը տեսել էր 11 քաղաքապետ: Փոխվել էր մի ողջ դարաշրջան:

Վարպետ
Ջիմ Թորոսյանի կարծիքով՝ եթե ճարտարապետությունը փորձում է կատարել իր հանրային առաքելությունը, ապա այն պետք է մնա որպես գեղարվեստական կերպար, արվեստի գործ, քանի որ մնացած ամեն ինչ փոփոխական է, նույնիսկ ֆունկցիան ժամանակի ու պահանջների փոփոխմամբ կարող է հարմարեցվել նոր պայմաններին: Այդպես էր պատահել Թորոսյանի ճարտարապետական արվեստանոցում կերտված ստեղծագործություններից մեկի՝ Երևանի քաղաքապետարանի շենքի հետ: Կիսով չափ կառուցված շինությունը ԽՍՀՄ փլուզումից, երկրում կատարված փոփոխությունների ու ծանր սոցիալական պայմանների պատճառով սառեցրեցին երկար տարիներով: Երբ շինարարությունը վերսկսեցին, ստիպված էին զգալիորեն փոփոխել նախագիծը, քանի որ նախկին քաղխորհուրդը վերածվել էր քաղաքապետարանի, բազմաթիվ վարչություններ ուղղակի վերացել էին, իսկ շենքի կառուցվածքում ներառվել էր նաև քաղաքի թանգարանը:

Իսկ սյուների վրա դաջված են նախկին մայրաքաղաքների անվանումներն ու դրանց հակիրճ պատմությունը: Ջիմ Թորոսյանը կարծում է, որ հենց այդպես է քաղաքապետարանը դառնում հայկական մայրաքաղաքների հիշատակի ճարտարապետական ձոն: Ինքը՝ շենքը, ինչպես նաև դրա առջևի հրապարակը, եզրափակում են քաղաքի գլխավոր վարչական առանցքն ու առաջին ճարտարապետական կառույցներից են, որ դիմավորում են Էջմիածնի կողմից քաղաք մտնողներին: Եվ նախագծման ժամանակ էլ բազմաթիվ հարցեր էին առաջադրվել. շրջակա միջավայրի հետ համադրության խնդիրը, ազգային յուրատիպության ու ժամանակակից հնչողության հարցերը, նյութերի ճիշտ ընտրությունը... Երևանում Զարգացման հայկական բանկի շենքի, Կասկադ համալիրի, Հայկական պետականության հուշարձանի, Սպիտակի կենտրոնական հրապարակի, ու բազմաթիվ այլ օբյեկտների հեղինակ Ջիմ Թո-րոսյանը խոստովանում է, որ այս նախագիծն իր համար առանձնակի թանկ է:

Ամենալուսավորչականը
Երևանի քաղաքապետարանի շենքի ճակատը զարդարված է բազմաթիվ ռելիեֆային զարդանախշերով: Այնտեղ է նաև Կենաց Ծառի պատկերը: Միայն թե նախագծի հեղինակներից մեկն այդպես էլ չտեսավ այն իրականացված: Ռոլանդ Մարտիրոսյանը հետմահու արժանացավ պետական մրցանակի, իսկ երկրի նախագահից ոսկե մեդալը ստացավ նրա եղբայրը՝ Ջոնը: Նախագիծը ստեղծելով ազգային ճարտարապետության ոգով, հեղինակները չեն մոռացել 21-րդ դարի մասին: Շենքն ուղղակի չէր կարող լինել որևէ այլ քաղաքում, քանի որ ճարտարապետությունը չափից ավելի երևանյան է ստացվել:

Չափից ավելի երևանցի տղա էր նաև Ռոլանդը, ով մանկուց պատասխանելով մեծահասակների ավանդական հարցին՝ ով ես լինելու, երբ մեծանաս, համառորեն ասում էր՝ տներ եմ կառուցելու: Հասակ առնելով նա հասկացավ, որ այդ մասնագիտությունը կոչվում է ճարտարապետ: Ու իր ոչ երկար կյանքում նույնպես համառորեն շարունակում էր համարել, որ ավելի լավ մասնագիտություն գոյություն չունի: Նրա նախագծերը մշտապես առաջ էին ընկնում ժամանակից: Գուցե և հենց այդ պատճառով էլ նրա դիպլոմային աշխատանքի պաշտպանությունը, որն ի դեպ, համակուրսեցիների կարծիքով ամենապրոֆեսիոնալն էր ու առաջադեմը, հանձնաժողովի պարսավանքն առաջացրեց: Այն համարեցին ավանդույթից հեռացած ու այդ պատճառով էլ՝ անընդունելի: Ընկերական շրջապատում միշտ աշխույժ Ռոլանդը ինքնամփոփ դարձավ, և այս «դատավճիռը» դեռ երկար էր նրան հետապնդում: Դրա փոխարեն տաղանդավոր շրջանավարտին անմիջապես գնահատեց Ջիմ Թորոսյանը և աշխատանք առաջարկեց իր արվեստանոցում:

Թորոսյանի արվեստանոցն այն ժամանակ գտնվում էր նույն վայրում, ինչ և այսօր՝ «Բերմուդյան եռանկյունու» ամենակենտրոնական մասում: Այդպես էր կոչվում հայտնի երևանյան թաղամասը, որը հայտնի էր երեք սրճարաններով՝ «Պոպլավոկ», «Սկվոզնյաչոկ» ու «Համար 4 խանութի»: Անցյալ դարի 60-ականներից սկսած այստեղ էր հավաքվում մայրաքաղաքային ինտելիգենցիան, այստեղ էին հասունանում համարձակ գաղափարները, այստեղ էին պատմում ամենաթարմ անեկդոտները, որոնք միջանցիկ քամով տարածվում էին քաղաքով մեկ: Ճարտարապետներն այստեղ էին քննարկում, թե ինչ անել, որ Երևանը չենթարկվի համընդհանուր խորհրդային միանմանությանն ու չկորցնի իր դեմքը: Այստեղ էին քննարկվում նաև այն նախագծերը, որոնց ստեղծմանն անմիջական մասնակցություն էր ունենում նաև իր սերնդի ամենակիրթ ճարտարապետներից մեկը՝ Ռոլանդ Մարտիրոսյանը. պետգործկոմի, Զարգացման հայկական բանկի շենքերը, Վիենայում Ֆրանց Վերֆելի արձանը, Նորքի սրտաբանական կենտրոնը: Այնպես զուգադիպեց, որ հենց այն պահին, երբ այն ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կտրում էին կարմիր ժապավենը քաղաքապետարանի շենքի բացման հանդիսավոր արարողությանը, քաղաքի մյուս ծայրում, Սրտաբանական կենտրոնի պատին Ռոլանդի ընկերները հուշատախտակ էին տեղադրում ճարտարապետի անվամբ:

Վերջին մեխը
Քաղաքապետարանի թերակառույց շինությունը լուռ կշտամբանք էր երիտասարդ պետությանը: Հայկական կառավարությունն ամեն կերպ փորձում էր միջոցներ հայթայթել գոյություն ունեցող ստատուս-քվոյի փոփոխման համար: Որոշ գործարարներ այն ժամանակ նույնիսկ առաջարկում էին նախագիծը հարմարեցնել սուպերմարկետի համար: Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ: Ձգձգված շինարարության վերջին մեխը խփեց «Միջազգային բիզնես-կենտրոնը», որը 2001 թվականին Հայաստանում ստեղծել էր ռուսական ՌԱՍԿՈկոնցեռնի նախագահ Կարեն Սաֆարյանը: Այստեղ էր նա սկսում իր ներդրումներն արտադրության մեջ. գնում էր չգործող գործարաններն ու վերածնում արտադրությունը, ապահովելով աշխատատեղեր, միջոցներ ներդնելով շինարարական նախագծերի մեջ: Այսօր կենտրոնը Հայաստանի խոշորագույն ֆինանսաարդյունաբերական խմբերից մեկն է: Իսկ այն ժամանակ, 2003-ին հոլդինգը ստանձնել էր սառեցված նախագծի վերածնումը, շահագործման հանձնելով երրորդ կառավարական շենքը: Արդյունքից գոհ հանրապետության ղեկավարությունն առաջարկեց տրամաբանական ավարտի հասցնել ևս մեկ սառեցված նախագիծ՝ Երևանի քաղաքապետարանի շենքը: Մոտավոր հաշվարկներով, ներդրումները պետք է կազմեին 3 մլն դոլար, սակայն, իրականում ծախսերը հասան 5,7 միլիոնի: Ներդրողները չէին կարող թույլ տալ, որ այդ շքեղ նախագիծը զրկվեր իր գոհարից՝ հրաշագեղ ռելիեֆային քանդակներից: Վերսկսելով շինարարությունը, նրանք ավարտեցին այն մեկ տարի անց:

Քաղաքի բնակիչներն այն ժամանակ նույնիսկ խաղադրույք էին կատարում՝ կհասցնե՞ն արդյոք շինարարները հայտարարված ժամկետին, թե ոչ: 2005 թվականի նոյեմբերին անասելի ձգձգված պատմությունը բարեհաջող ավարտվեց: Իհարկե, այն ժամանակ, Հայաստանն առաջարկելով գործարք, պարտք չմնաց, և դրա դիմաց հոլդինգը ստացավ երկու օբյեկտ, որոնցից մեկը դուք ճանաչում եք՝ Երևանի պետգործկոմի հին շենքն է: Բացի այդ՝ երևանյան նոր քաղաքապետարանի աշտարակը, Երևանի խորհրդանիշը: Բնականաբար, Սաֆարյանը չցանկացավ անդամահատել քաղաքապետարանն ու հրաժարվեց աշտարակից: Չնայած ֆունկցիոնալ առումով գործկոմի շենքը չէր բավարարում ժամանակակից պահանջները, այնուամենայնիվ, հանդիսանում էր մայրաքա-ղաքի խորհրդանիշ: Կապիտալ վերակառուցումից հետո, արտաքուստ ավելի համահունչ ու ժամանակակից դարձած շենք տեղափոխվեց հոլդինգի ստորաբաժանումներից մեկի՝ «ԱրդշինԻնվեստԲանկի» գլխավոր գրասենյակը: Իսկ Երևանն էլ մեկի փոխարեն ստացավ երկու գեղեցիկ շենք:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով