06 Օգոստոս 2013, 12:30
2708 |

Այստեղ դեռ սիրում են

Լիբանանահայ տենոր Գևորգ Հաճյանն արդեն ութ տարի է՝ թողել է ծննդավայր Այնճարն ու ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: Հայաստանցիների սրտաբացությունն ու հյուրասիրությունն էին նաև պատճառը, որ նա ժամանակին մերժեց Նյու Յորքում ապրելու և աշխատելու փայլուն հնարավորությունն ու հաստատվեց Հայաստանում:

Իմ մտերիմ ընկերներից մեկի՝ Դանիել Երաժիշտի հետ հա-ճախ նկատում ենք. չնայած առօրյա բազմաթիվ խնդիրներին, մարդիկ Երևանում խաղաղ զբոսնում են, պուրակներում՝ անշտապ զրուցում: Աշխարհի մեծ քաղաքներում զբոսնում են միայն տուրիստները: Որովհետև, երբ ներաշխարհդ անհանգիստ է, տագնապ կա ուշանալու, չհասցնելու, դու չես կարող հանգիստ քայլել փողոցում: Նյու Յորքում, օրինակ, մայթերին և զբոսայգում ավելի հաճախ հանդիպում էի 80-ն անց տատիկների, ովքեր իրենց շնիկներին էին դուրս բերում զբոսանքի: Ուրախացնում է նաև մեր բակերում և խաղահրապարակներում երեխաների անհոգ ինքնուրույն խաղը: Արտասահմանում այս երևույթը վաղուց չկա, որովհետև այսօր ամբողջ աշխարհում երեխաների գողությունը տարածված չարիք է: Երևանում այս առումով ևս ապահով է: Եվ հետո, ի տարբերություն աշխարհի մեծ ու փոքր շատ քաղաքների, այստեղ դեռ սիրում են: Կյանքն Արևմուտքում մրցավազք է հիշեցնում. մարդիկ տարված են գումարներ աշխատելու և կարյերա ձեռք բերելու մոլուցքով: Հետևապես սիրահարվելու, սիրելու ժամանակ չունեն…

Աղավաղված դիմագիծ
Այսօր երևանցու դիմագիծը փոքր-ինչ աղավաղված է: Հատկապես երիտասարդների մոտ: Զարմանում եմ՝ տեսնելով երիտասարդ տղաների, ովքեր իրենց ուժերի ծաղկուն շրջանն անցկացնում են պատերի տակ կանգնելով, ծխելով՝ անգործ ու աննպատակ: Սրանք հատկանիշներ են կամ, գուցե, սովորույթներ, որոնք բոլորովին հարիր չեն հայ տղային, հայ մարդուն: Մի անգամ է՛լ ավելի տգեղ դրսևորման ականատեսը եղա. համալսարանի դիմացի մայթին ուսանող տղաները մրցում էին, թե ում թուքն ավելի հեռու կթռնի: Մոտեցա, ասում եմ. «Ախր սա ձեր հողն է, այն պետք է սրբություն լինի ձեզ համար…»: Տեսեք, վերջին շրջանում որքան են բարեկարգվել քաղաքի փողոցները: Որքան գեղեցիկ են դեղին զոլավոր անցումները: Նայում ես՝ սիրտդ ու միտքդ հրճվում են: Բայց շատերը դեռ փողոցն անցնելու տարրական կուլտուրա չունեն: Մի անգամ երկու երիտասարդի ասացի. «Ինչո՞ւ եք անցնում՝ դեռ կանաչ լույսը չի վառվում», — պատասխանեցին. «Այ ախպեր, քո ինչ գործն է, թե մենք փողոցը ոնց կանցնենք»: Ես նրանց բացատրեցի, որ բարեկիրթ և գեղեցիկ դիմագիծ ունեցող քաղաք մենք միայն միասնաբար կարող ենք ստեղծել: Դա անհատների գործը չէ միայն: Պիտի բոլորս ներդաշնակ անցնենք փողոցը, աղբը չնետենք ուր պատահի, չթքենք մայթին, չհայհոյենք փողոցում: Կինս ինձ մի օր ասաց. «Հերիք է անծանոթ մարդկանց դիտողություն անես, վերջը գլխիդ փորձանք ես բերելու»: Բայց եթե ես հիմա ապրում եմ այստեղ և անտարբեր քաղաքացի լինել չեմ կարող, ուրեմն ինչպես լռեմ: Եվ հետո, քանի դեռ Երևանը քաղաքակիրթ չի դարձել՝ հանրապետության մյուս քաղաքներն էլ չեն զարգանա: Գյումրիում, Գորիսում նույնպես հանդիպեցի հետիոտնի համար գեղեցիկ գծագրված, բարեկարգված փողոցների: Բայց այնտեղ էլ մարդիկ անցնում են փողոցն ինչպես պատահի: Եվ ուրեմն, Երևանը պետք է որպես կենտրոն, որպես մայրաքաղաք իր քաղաքակրթության ճառագայթները սփռի հանրապետության մյուս քաղաքների վրա ևս:

Քաղաքի պոզիտիվը
Գիտեք, եթե ուզենք բացասական երևույթների մասին խոսել, կարող ենք անվերջ թեմա գտնել: Բայց խնդիրների մասին անընդհատ բարձրաձայնելն այնքան էլ օգտակար չէ: Պետք է կարողանալ նկատել և գնահատել նաև գեղեցիկը, որը մեր շուրջն է: Լուսավոր մտքերից է, ի վերջո, ստեղծվում քաղաքի դրական մթնոլորտը: Եվ այդ ընդհանուր դրական, լավատեսական միջավայրն է, որ կօգնի դժվարություններն ավելի արագ հաղթահարել: Ուրեմն ինչո՞ւ ավելի հաճախ չժպտանք ու ագրեսիայի փոխարեն միմյանց վարակենք լավատեսությամբ: Ես և իմ ընտանիքն արդեն ութ տարի է Հայաստանում ենք: Ինքս կարող եմ թվարկել այս տարիներին երևանյան կյանքում տեղի ունեցած դրական տեղաշարժերը. ճանապարհաշինություն, դպրոցների և համալսարանների վերանորոգում, զբոսայգիների բարեկարգում, փողոցների մաքրություն և կարգ ու կանոն... Ճիշտ է, սրանք ընդամենը արտաքին փոփոխություններ են, բայց չէ՞ որ համեմատաբար հարմարավետ են դարձրել քաղաքացիներիս կյանքը: Իսկ երբ մեր երեխաներն ուրախ թռչկոտում են կանաչների վրա, խաղում են իրենց համար կառուցված գեղեցիկ խաղահրապարակներում, նրանք ակամայից սիրում ու կապվում են Երևանին: Փոփոխություն եմ տեսնում նաև քաղաքացիների հոգեվիճակում և գիտակցության մեջ: Ընտանիքս հիմա կարող էր ապրել Մոնրեալում կամ Նյու Յորքում: Բայց ես հավատում եմ Հայաստանի վաղվա օրվան, այլապես տղայիս, ով այսօր իր ինքնուրույն կյանքը կառուցելու շեմին է, չէի բերի Հայաստան…

Քաղաքացիություն
Երբ Հայաստանում ընդունվեց երկքաղաքացիության օրենք՝ մենք առաջիններից էինք, որ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրինք: Այնքան սպասված հայկական անձնագրի ստանալն ինձ համար խորհրդանշական ստացվեց: Բանն այն է, որ կառավարության պատվերով ֆիլմ էր նկարահանվում երկքաղաքացիության մասին, և ես ընտրվեցի որպես այդ ֆիլմի հերոս: Նկարահանվեց երդմանս արարողությունը, անձնագրի հանձնման հանդիսավոր պահը: Ես բախտավոր էի կրկնակի…

Հաճախ մարդիկ տքնում են, չարչարվում, որպեսզի Եվրոպայի կամ Ամերիկայի քաղաքացիություն ձեռք բերեն: Ես դեմ չեմ՝ մարդկային ձգտում է: Բայց հայի համար իր հողի վրա ապրելն ու Հայաստանի քաղաքացի լինելը նույնացնում եմ մայրական կաթով սնվելու հետ: Իսկ մայրական կաթը, ինչպես գիտենք, իր օգտակարությամբ անփոխարինելի է երեխայի համար:

Պռոշյանում
Մենք հիմա ապրում ենք Երևանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Պռոշյան գյուղավանում: Հրաշալի հարևաններ ունենք: Այստեղ բնակվում են հիմնականում սասունցիներ և մշեցիներ՝ Արևմտյան Հայաստանից գաղթականների ժառանգներ: Մեզ՝ բոլորիս, կապողն ու մտերմացնողը կորցրած երկրի նույն կարոտն է: Մշտապես հանդիպում ենք, հավաքվում, խնջույքներ կազմակերպում, հաճախ՝ առանց առիթի: Պատահում է մեքենայով անցնում եմ ու ճանապարհին փոխանակած սովորական բարևը վերածվում է տևական ջերմ զրույցի: Երբեք չենք զլանում միմյանց օգնել, օգնում ենք ինչով կարող ենք: Տիկնոջս ասում եմ. «Իսկական երջանկություն է ապրել հայրենի հողի վրա, որտեղ բոլորս խոսում ենք միևնույն լեզվով, բոլորիս զարկերակն աշխատում է միևնույն ռիթմով: Եվ որտեղ դեռ պահպանվել է ուրիշի հոգսը կիսելու մարդկային ունակությունը…»:

Նորոգված սեր
Մարդիկ, ովքեր հիասթափվում են և ցանկանում են հեռանալ Երևանից, երկրից, ուզում եմ՝ նախ այցելեն Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի պանթեոն, Եռաբլուր… Վստահ եմ՝ այս վայրերում լինելուց հետո Երևանի հանդեպ նրանց սերը կնորոգվի, կապը քաղաքի ու հայրենի հողի հետ վերստին կամրանա: Եվ, գուցե, հեռանալու միտքն էլ ընդմիշտ լքի նրանց…

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2012

Այս թեմայով