07 Հուլիս 2013, 00:43
2240 |

Ջրատոնի ակունքներից

Հին հայերը Վարդավառի տոնին Դրախտի ծառեր են պատրաստել, զարդարել այն կնոջ ու տղամարդու, նաև պտղաբերության խորհրդանշաններով՝ խնձորներով, տանձերով, վարուգներով, ցորենի հասկերով, նաև ճերմակ վարդերով։

Նախաքրիստոնեական ժամանակներից Վարդավառը հայոց սիրելի տոնն է: Այն փառաբանում է բերքն ու պտուղը։ Տոնական ծիսակատարություններից գլխավորը ցորենի երկրպագումն է. մարդիկ հավաքվել են ցորենի արտի շուրջբոլորը, կրակ վառել, ցորեն բովել ու կերել, հասկերից ու պտուղներից ծիսական տիկնիկներ պատրաստել։ Աղջիկները, պսակները գլխներին, շուրջպար են բռնել ցորենի արտի չորսբոլորը։ 5-6 հազարամյակ Վարդավառի ծիսակատարությունները պահպանվել են ու փոխանցվել։ Գրիգոր Լուսավորիչն էլ է հաղորդում, որ ավանդական տոնակատարությունները դարեդար եկել-հասել են նաև քրիստոնեական ժամանակներ, որովհետև ժողովուրդը էությամբ ու գիտակցությամբ կապված է եղել դրանց։

Ավանդության համաձայն՝ վիշապը գողանում է Աստղիկ դիցուհուն։ Վահագն աստվածը կռվում է վիշապի դեմ, հաղթում նրան ու ազատում Աստղիկին։ այստեղից էլ անունը՝ Վիշապաքաղ Վահագն։ Նրա հաղթանակից հետո Աստղիկը շրջում է հայոց մեջ ու վարդաջուր ցողում։ Ավանդությունը մեկն է բազմաթիվ այն զրույցներից, որոնք ժողովրդական բանահյուսության հարուստ գանձարանն են ներկայացնում։ Հնում հայերը Վարդավառի տոնին Դրախտի ծառեր են պատրաստել, զարդարել այն կնոջ ու տղամարդու, նաև պտղաբերության խորհրդանշաններով՝ խնձորներով, տանձերով, վարուգներով, ցորենի հասկերով, նաև ճերմակ վարդերով։ Ծառը տեղադրվել է աճեցրած ցորենի՝ ածիկի մեջ։ Հետո հսկայական ծառը գյուղի ամենատարեց մամիկը գլխին դրած՝ պտտվել ու երգել է. «Խնդում ունեմ վարդով լի, չըլբը փչեց խնձոր լի, վախենամ քունս տանի, խնդումս յախեքը տանեն»։ Երեխաները մամիկի գլխի ծառի պտուղները թռցրել-տարել են։

Քրիստոնեական շրջանում ծառի ճերմակ վարդերը փոխարինվել են կարմիրով՝ ի նշան Քրիստոսի արյան։ Քրիստոնյա հայերը նաև ցորեն են բերել եկեղեցի՝ օրհնության, հետո օրհնված հատիկները պահել եկեղեցում՝ հավատալով, որ հաջորդ տարի ցանելով՝ առատ բերք են ունենալու։

Վարդավառին հայերը կերել են առաջին խնձորը։ Մինչ այդ՝ արգելված է եղել տարվա խնձորի բերքը համտեսել։ Խարույկ են վառել, խնձորը մեջը խորովել ու կերել։ Սիրահարված երիտասարդները կարմիր խնձոր են գլորել սիրած աղջկա ոտքերի մոտ։ Եթե աղջիկը կռացել-վերցրել է խնձորը, վրան թելով գործել ու վերադարձրել տղային, ուրեմն ընդունել է սիրո առաջարկությունը։ Առավել համարձակները սեփական նախաձեռնությամբ են կարմիր խնձորի շուրջբոլորը գործել ու տվել հավանած տղային։ Վարդավառին սկեսուրները լաչակ ու դարձյալ խնձոր են նվիրել հավանած աղջկան։

Հին հայերը Վարդավառին տոնածիսական տիկնիկների մեջ ամենաշատը Նուրիին են պաշտել, որը երկնքի ու երկրի կապն է խորհրդանշել։ Նուրի տիկնիկին են խնդրել, որ արև կամ անձրև տա։

Վարդավառին նաև մեկմեկու ջրել ու ջրվել են, բայց ոչ թե տներում կամ փողոցներում, այլ գետափներին, աղբյուրների մոտ։ Վարդավառը միակ տոնն է, որ հավասարության նշան է դրել մեծի ու փոքրի, նաև սկեսրոջ ու հարսի, պապի ու թոռան միջև։ Ջուր են լցրել՝ ում վրա ուզել են և ինչքան ուզել են։

Դարերի փորձությունը հաղթահարել է միայն հենց ջրոցու ավանդույթը: Այն համահայկական տոնի է վերածում Վարդավառը: Սակայն այսօր էլ որոշ հայկական օջախներումպահպանվել է տոնի ավանդական ծիսակարգը: Եթե Վարդավառին հյուրընկալվեք նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն, նրա տանը մի քանի տասնյակ Նուրիներ ու այլ տիկնիկներ կտեսնեք, որնցից յուրաքանչյուրն իր ծագման պատմությունն ու խորհրդանիշն ունի։ Այս օրերին Լուսիկ Ագուլեցուն շատերն են հրավիրում՝ մասնակցելու հասարակական միջոցառումների ու հանդիսությունների՝ ներկայացնելու հայ ազգային մշակույթը։ Նա սիրով է համաձայնում, բայց առաջանում է գլխավոր խնդիրը։ Ծիսական ծառերը, տիկնիկները, ուտեստները պատրաստելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Իսկ տիկին Լուսիկն ուզում է հավուր պատշաճի ներկայացնել հին հայկական ծեսերը։ Այստեղ է, որ հրավիրող կողմը տարակուսում է ու հետ քաշվում իր մտքից։ Ծիսատոնական զարդերն առաջին հայացքից են պարզ թվում, իրականում ծախսատար ու աշխատատար են։

Լուսիկ Ագուլեցին հորդորում է. ազգային ավանդույթներն ու ծեսերը չմոռանալու համար բացի մեկմեկու ջրելուց, Վարդավառը դիմավորել տոնական ծառով ու ցորենի տիկնիկներով։ Ազգագրագետը համոզված է, որ նման ծեսերը գաղափարական խորը արմատներ ունեն՝ իրենց հերթին կապված տիեզերական հզոր ուժերի հետ, որոնք զորակցում են հային։

Այս թեմայով