18 Հունիս 2013, 19:05
2482 |

Հայրենադարձներ համայն Հայաստանի

Հունիսյան կիզիչ արևը, որն ավելի է սաստկանում երեկոյան ժամը հինգի կողմերը, չկարողացավ տանը պահել մի խումբ երիտասարդների, ովքեր կիրակի օրը հավաքվել էին Հանրապետության հրապարակում իրականացնելու իրենց ֆլեշ-մոբը:

Երիտասարդներին միանգամից նկատեցի, նրանք նախապատրաստվում էին ֆլեշ-մոբին ու կրում ՄԱԿ-ի գրասենյակի հատկացրած միանման վերնաշապիկներն ու գլխարկները: Արևից պաշտպանվելու համար ինձ էլ գլխարկ բաժին հասավ: Հավաքվածների շարքերում նկատեցի կազմակերպչին, ում դեռ ֆիքսել էի Ֆեյսբուքից: Սարգիս Ռշտունին Սիրիայից է, անցյալ տարի է տեղափոխվել Հայաստան: Նա պատմեց, որ Հալեպում իրենք Art Camping կոչվող երիտասարդական շարժում ունեին, որում ներգրավված էին ամենատարբեր ազգության և կրոնի երիտասարդներ: Այն, ինչ պետք է տեղի ունենար րոպեներ անց հրապարակում, մեծ հաշվով, այդ շարժման շարունակությունն է: «Մեր «Կորցրած երկրի նախշերը» ծրագիրն իրականացվել է նաև Հալեպում, սակայն տեղի խառը իրավիճակը ամեն ինչ փչացրեց: Հիմա ուզում ենք նման մի բան անել մեր հայրենիքում: Մտադիր ենք արտատպել շենքերի վրայի նախշերը ու ապացուցել, որ արվեստը բացի դասականից, կարող է լինել նաև էժան», - բացատրեց Սարգիսը: Սարգիսը նաև նշեց, որ ֆլեշ-մոբի գաղափարը համահունչ է Փախստականների համաշխարհային օրվան, երբ մեկ րոպեում մարդը կարող է կորցնել ամեն ինչ, բայցև մեկ րոպեում կարող է վերականգնել կյանքը նոր հայրենիքում:

Մինչև երիտասարդները կբաժանվեին խմբերի՝ թափառելու Երևանի փողոցներով ու գեղեցիկ նախշեր որոնելու, նկատեցի վառ հագուստով ու շատ յուրօրինակ ակնոցով մի աղջկա: Թամար Վարդանյանը Իրաքից է, արդեն ութ տարի է՝ Հայաստանում է: «Այստեղ ամեն ինչ շատ ավելի լավ է, միայն թե գործ չկա», - ասաց նա, իսկ հարցիս, թե ինչ կարծիք ունի այս մոբի մասին՝ ժպտալով վեր տնկեց երկու բթերը, որոնք այնքան նման էին ֆեյսբուքի լայքերին:

Երիտասարդների հոսքը չէր դադարում, խմբից քիչ հեռու կանգնած էր Usher-ի արտաքինով մի երիտասարդ: Ժորա Կարապետյանը Պարսկաստանից է: Նա խոսում էր արագ-արագ և ընդգծված ակցենտով, ֆլեշ-մոբի գաղափարը գնահատելիս զարմացրեց իր ածականների իմացությամբ՝ ողջունելի, գովելի, ուրախալի: Ուժգին այրող արևից պաշտպանվելու համար երիտասարդները տեղափոխվեցին դիմացի մայթ՝ Ֆինանսների նախարարության շենքի շրջակայք: Նրանք արդեն հագել էին Փախստականների միջազգային օրվան նվիրված վերնաշապիկները՝ գրավելով անցորդների ուշադրությունը: Նրանցից մեկը՝ ավելի տարիքովը, թերահավատորեն նայելով ենթադրեց՝ երևի հերթական էկոլոգիական արշավն է: Միջամտեցի՝ այո, արշավ, բայց՝ համերաշխության: Քիչ հեռվում կանգնած՝ Թամարը սովորության համաձայն բթերը վեր տնկեց՝ ի նշան հավանության:

Շուտով երիտասարդների նոր խումբ միացավ: Վրաստանից էին: Մոտեցա նրանցից մեկին, ով մի քիչ վախվորած աչքերով էր այս ամենին նայում: Անահիտ Մանասյանն առաջին տարին է, որ Հայաստանում է, ապագա բժիշկ է: Հարցերիս պատասխանելիս անընդհատ մեջբերում էր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի անունը, երևի խորհրդի անդամ էր: «Մեր խորհուրդը միշտ ակտիվորեն մասնակցում է նման նախաձեռնությունների, հենց իրենցից եմ իմացել ու եկել»,-ասաց Անահիտը:
Նկատեցի մի շիկահեր աղջկա՝ Օլգա Օրֆանիդի: Նա Հունաստանից է: Նա այնքան ոգևորված էր այս նախաձեռնությամբ, որ նույնիսկ որոշեց համապատասխան ցուցանակ բռնել անցորդներին տեղեկացնելու համար: Օլգան Հայաստանում իրեն զգում էր՝ ինչպես ձուկը՝ջրում: «Ամենից շատ մարդկանց եմ հավանում, անկեղծ են, բաց ու հյուրընկալ: Ի դեպ, չեմ հավանում տրանսպորտը», - անկեղծացավ Օլգան:

Հայրենադարձ երիտասարդների մի ամբողջ բույլ, որոնց մի մասը նոր-նոր էին ծանոթանում, իսկ մյուսները վաղուց իրար գիտեին, թուղթ ու մատիտները ձեռքներին պատրաստ սպասում էին համապատասխան հրահանգի, որպեսզի բաժանվեն երեք խմբի ու կատարեն իրենց առաքելությունը: Նրանց շարքերում անհնար էր չնկատել ակտիվորեն աջուձախ վազվզող ու հրահանգներ տվող մի երիտասարդի: Լևոն Վարդանյանը, ում հայերենը գրեթե չէր տարբերվում տեղացիների խոսակցականից, մասնագիտությամբ ճարտարապետ է ու ակցիան հրաշալի առիթ է մեկ անգամ ևս ծանոթանալու Երևանի փողոցների նախշապատ շենքերին:

Թվում էր՝ երիտասարդների հոսքը չի դադարելու, իսկ ես րոպե առաջ ուզում էի տեսնել, թե ինչպես են պատրաստվում արտատպումներ անել: Ի վերջո, նրանք պատրաստ էին գրավելու Երևանի կենտրոնական փողոցները: Երեք խումբ երիտասարդ շարժվեցին տարբեր ուղղություններով՝ ճանապարհին հանդիպած յուրաքանչյուր հետաքրքիր նախշ արտատպելով սպիտակ թղթի վրա: Փախստականների օրվա առիթով կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ դրանք կտեղադրվեն ցուցանակի մեջ և կհանձնվեն հանրության դատին:

 

Այս թեմայով