05 Հունիս 2014, 14:21
5305 |

Քաղաքը գրոհում են անձրևանոցավորները

Արդեն մի քանի օր է' մայրաքաղաքի բանուկ փողոցներում շրջում են 20-ից ավելի սև անձրևանոցներով երիտասարդներ։ Նրանք անցորդների հետ չեն խոսում, իրենց մասին էլ ոչինչ չեն պատմում և միայն անհամբեր ժամացույցներին են նայում: Ֆլեշ-մոբի կազմակերպիչներն էլ նախընտրում են չհայտնվել ուշադրության կենտրոնում ու որքան հնարավոր է գաղտնապահ են: Միակ հուշող տարրը, որից կարելի է որոշակի եզրակացություն անել, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի վահանակների մոտ տեղադրված դուռն է, որի մոտ էլ ավարտվում է այս տարօրինակ ֆլեշ-մոբը։ Սևազգեստ մասնակիցները կանգնում են դուռ-վահանակի մոտ, որի վրա ժամանակացույց է դրված և սկսում են նորից նայել ժամացույցներին։

Վահանակի վրա գրված «28 օր» և «պրեմիերա» բառերը անսպասելի իրադարձության են պատրաստում երևանցիներին։ Ըստ այդմ՝ դեռևս անհայտ պրեմիերան տեղի կունենա հուլիսի 3-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Ովքե՞ր են այս ֆլեշ-մոբի կազմակերպիչները, ի՞նչ պրեմիերայի մասին է խոսքը, ինչի՞ մասին են հուշում անձրևանոցները, անհայտ է։ Ամեն դեպքում մշակութային իրադարձության մեկնարկը խոստումնալից է։

Այս թեմայով