07 Հունիս 2013, 12:01
4082 |

Ա~խ, վերնիսաժ, ա~խ, վերնիսաժ

Վերնիսաժում տիրում է իրերի ու տրամադրության անախրոնիզմ: Խանի կարպետ, ցարի ինքնաեռ, սովետական երանելի տարիների շաբլոն ատրիբուտներ, վաղ անկախության տարիների սարսափազդու ֆուջիկա ու, մինչև անգամ, մեր ժամանակակից շուն ու կատու: Հնէաբան, ապրանքագետ, լրագրող, լուսանկարիչ, պոետ… բոլորն այստեղ իրենց ոգեշնչող մի բան կգտնեն:

Very good, 100% silver, handmade. վաճառողների անգլերենը սկսվում ու ավարտվում է այսքանով: Ո~նց են կաշվից դուրս գալիս իրենց այցով Վերնիսաժը պատված տուրիստի հետ խոսելիս: Շատ դեմոկրատ «պետություն» է Վերնիսաժը՝ թուրք, պարսիկ, արաբ, ռուս, եվրոպացի… բոլորն այստեղ վաճառողի աչքի լույսն են: Վերնիսաժն ունի իր «օրհներգերը»՝ սփյուռքահայի սիրտը հուզող, գրպանը դատարկող, իսկ արտասահմանցի զբոսաշրջիկին՝ ոչինչ չասող:

Վերնիսաժի աստղերից, գերակատարներից է մորթին՝ բոլոր ժամանակների բոլոր կանանց փափուկ ու տաք երազանքը: Աղվես, կզաքիս, սկյուռ… Ռուսաստանի ցուրտ հյուսիսում մուշտակ էին դառնում՝ հիմնականում տաքացնելով մինիստրների, բարձրաստիճան չինովնիկների ու «տաք» բյուջե ունեցող կանանց: Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ եղանակներ էին, ու գլոբալ տաքացումները յոթը սարի հետևում էին… Կանայք իրենց մորթե դեֆիլեն ավարտում էին՝ աչքի լույսի պես մուշտակը պահելով հաջորդ ձմռան համար:

Վերնիսաժի անբաժան մասը հին սարքավորումներն են, հատկապես՝ «Ռադուգա» ռադիոն, ոմանց համար' «պրիյոմնիկ»: Մինչև համատարած թվայնացման ժամանակաշրջանն այս հսկան իր պատվավոր տեղն ուներ յուրաքանչյուր ընտանիքում: «Ռադուգա»-ի ռեպերտուարը նույնն էր, ունկնդիրները՝ անդավաճան: Էվոլյուցիայի ընթացքում 1x50սմ-անոց այս հսկան այնքան փոքրացավ, որ տեղավորվեց նույնիսկ բջջային հեռախոսների մեջ: Ինչեր են անցել այս ծակոտկեն խեղճի գլխով:

Չիգանկան էլ հետ չի մնում Վերնսաժի ֆավորիտների ցանկում։ Մետաղյա քառակուսիների անունը կապված է նրա հետ, որ դրանց պորտը Չիգանկայի գործարանում էին կտրում: Խորհրդային եղբայր-հանրապետությունների տեսարժան վայրեր, մուրճ ու մանգաղ, օլիմպիական արջուկ ու սրանց մնացած բոլոր ցեղակիցները դուրս էին գալիս նույն գործարանից 70 կոպեկ արժողությամբ ու կախվում տարբեր բնակարանների պատերից:

Հաշվապահների ու «գործակատարների» փայտյա օգնական չոտկն այսօր չինարեն լեզվի նման բարդ ու անհասկանալի է կոպյուտերացված սերնդի համար: Մի ժամանակ ռուբլի, հիմա արդեն դրամ ու տարադրամ հաշվելու համար հերթը թվային հաշվիչներինն է:
Փոխանցիկ դրոշի նման սրճաղացն ընտանիքի ամենապարապ մարդու ձեռքում էր: Սուրճ խմելու ախորժակը պահպանվել, իսկ աղալու ձևը փոխվել է: Սրճաղացը «մեխանիկականից» դարձավ էլեկտրական, որովհետև սուրճն աղալու համար նախ ժամանակ, հետո էլ հավես չկար: Սրճաղացի դերը մասամբ կրճատվեց լուծվող սուրճի, մասամբ էլ՝ ժամանակի սղության պատճառով:

Ի տարբերություն դրան՝ լոտոն ու դոմինոն երկու կյանք ապրեցին: Խորհրդային տարիներին դրանք հարևան, բարեկամների հետ օրվա պարապը լցնելու անվնաս խաղեր էին, իսկ 90-ականներին դարձան «մութ ու ցուրտ տրամադրության» սպեղանին: 3-րդ հանրապետության «սուրբ երրորդություն» բնակիչներն ամեն խաղաքարի հետ շփում էին սառած մատներն ու ջերմանում «սովետի տարիների» տաք ուրվականով: Այսօր լոտո ու դոնինո խարելի է խաղալ օնլայն, կամ էլ' խաղատոմս գնելով:

Շաբաթական 5 անգամ, գերմանական ճշտապահությամբ «բուդիլնիկն» աշխատավոր դասակարգին աշխատանքային կոլեկտիվ էր ուղեկցում: Ճիշտ է, զարթուցիչն այսօր ավելի մելոդիկ է դարձել, բայց կիրառողներն են քիչ: Տնտեսական ճգնաժամի, արտագաղթի, կադրային կրճատումների ժամանակաշրջանում շատերի աչքն է ջուր կտրում, թե երբ կարթնանան զարթուցիչի զանգից ու կշտապեն աշխատանքի:
Թե ինչ խոսակցություններ են եռացել ինքնաեռի շուրջ, միայն աստծուն է հայտնի: «Փաթեթիկով» թեյի սերնդի համար ինքնաեռն էկզոտիկա է:

Չեխական սպասքը, օծանելիքն ու կամբինացիան սովետական կանանց սրտի բանալիներն էին: Տուրիստներից, հավելյալ գումարով, «տակից», ծանոթով էին ձեռք բերվում ֆրանսիական mage noir–ն ու ռուսական Красная Москва-ն: Կոբալտ, ռոկոկո… ի~նչ կապեր էին պետք չեխական սպասքին տեր դառնալու համար… «Յուգասլավսկի կամբինացիաները» Մոսկվայի ГУМ-ЦУМ-երից հասնում էին Հայաստան ու մի ակնթարթում սպառվում: Այնպես, ինչպես դիպլոմն օրիորդների օժիտի կարևոր բաղկացուցիչն էր, կամիբանցիան էլ պարտադիր պիտի լիներ, այն էլ՝ 1-ը 12-ի հարաբերությամբ: Էվոլուցիան «սպանեց» կամբինացիային: Այսօր հագուստը՝ որքան թափանցիկ, այնքան՝ լավ:

Գեղեցիկ, բարի, բարոյական այս անշունչ տիկնիկները դարձան անճոռնի Շրեկ, Սարդ-մարդ, սեքսուալ Բարբի ու Վինքս: Բակային տուն-տունիկների գլխավոր հերոսներն իրենց վինտաժային խաղն այսօր Վերնիսաժում են խաղում: Տուժեցին բոլորը։ Փոքրացան նաև հեռախոսի չափերը, ավելացան հնարավորությունները, ֆունկցիաներն ու րոպեավճարները գլխապտույտ տեմպով: Հեռախոսից անփոփոխ է մնացել միայն միավանկ «ալո»-ն:

…Սա Վերնիսաժն է: Այստեղ տրամադրություն է կաթում:

Շարքը՝ շարունակելի…

Այս թեմայով