22 Հոկտեմբեր 2013, 09:14
3090 |

Զանգեր՝ ջազի ու աջաբսանդալի ոճով

Վերնիսաժի մշտական բնակիչը զանգերի պատրաստման հարցում ամեն օր գերազանցում է ինքն իրեն: Զանգերի աշխարհում անելիք դեռ շատ կա, գաղափարները բազում են, մարդկային կյանքը՝ կարճ:

Վերնիսաժի մշտական բնակիչներից մեկը Աբգարյան Աշոտն է: Նրա պատրաստած զանգերը, ինչպես ինքն է պնդում, մոլորակի վրա միակն են, որ մեկ նոտայից ավելի հնչողություն են տալիս: Կլոր զանգերի յուրահատուկ հնչողության գաղտնիքը խաչաձև հարված ստանալու մեջ է: Այսպիսի հարվածի ժամանակ զանգի լեզվակի յուրաքանչյուր շուրթ մեկ նոտա է հնչեցնում: Հնչյունները տարբեր են. ճիշտ է, նրանք բոլորն էլ չորս նոտա հնչողություն ունեն, բայց տարբեր զանգեր տարբեր ակորդներ են խփում և ձայնի տարբեր ուժգնություն ունեն: Որքան մեծ է զանգը, այնքան բարձր է նրա հնչողությունը:

-4 տարի առաջ էր, երբ նրա երևակայությունը ծնունդ տվեց այսպիսի գործերի: Մեծ էր ցանկությունն ստեղծել մի այնպիսի բան, որն ամբողջովին կլիներ իրենը, մի բան, որ մարդիկ կսիրեն, կգնահատեն ու իրենց հոգուն հարազատ ինչ-որ բան կգտնեն նրա մեջ: Առաջինը պատրաստված զանգը վաճառել է, չնայած շատ կուզենար, որ այն հիմա իր մոտ լիներ: Աստիճանաբար զանգերը ավելի գեղեցկացան ու կատարելագործվեցին, չափերն էլ մեծացան:

Աշոտի բոլոր գործերը խոսում են հայրենի բնաշխարհի խորհրդանիշների լեզվով' ժայռապատկերներ, հայկական ամրոցներ, եկեղեցիներ, խաչ, արև, Արարատ: Նրա սեղանին միայն զանգեր չէ, որ կարելի է տեսնել: Բրոնզե բոժոժներ, խնկամաններ, բանալիներ, որոնք, ի դեպ, հիմնականում սիրահար զույգերն են գնում: Զարդեր էլ կան' հիմնականում պղնձից, լատունից, արծաթից ու մելխիորից: Բայց այնպես է ստացվել, որ զանգերը ամենաշատն են գրավում մարդկանց. «Ինձ համար զանգի հետ հինգ րոպե շփումը համարժեք է մեկ ամիս սանատորիայում անցկացնելուն», - խոստովանում է վարպետը:

Վարպետ Աշոտի ամեն նոր գործը նոր ձևով է պատրաստվում, երբեք չի կրկնում նախորդին: Զանգերը պատրաստում է տանը, արհեստանոց չունի: «Մեր տուն մտնողը մտածում է, որ այն քիմիական լաբորատորա է: Մի հարևանն անիծում է, մյուսը' կշտամբում: Ես դեռ չեմ նեղվում: Ինչպես երաժշտության մեջ ջազն է, նկարչության մեջ' աբստրակտը, ճաշատեսակների մեջ' աջաբսանդալը, այդ նույն խառնաշփոթ ոճով էլ ստացվում են իմ գործերը»:

Ծնունդով Շամշադինի վարպետը պատմեց նաև գնորդների մասին. «Որսի պես մի բան է, չես կարող ասել' երբ ով կգա: Աշխարհի բոլոր անկյուններում էլ կան զանգի սիրահարներ: Բայց եթե ռուս չկա, ուրեմն համարենք՝ տուրիստ չկա: Եթե ռուսին դուր եկավ որևէ գործ, գին չի իջեցնում, իսկ էդ իրանցիներն ինձ ուղղակի ջղայնացնում են: Հարցնում են' ինչ արժի, ասում եմ' հարյուր դոլար, ասումա' դե, հազար դրամով տուր տանեմ»:

Շատերը նրան վարպետ Աշոտ են դիմում, թեև ինքն իրեն վարպետ չի համարում: Սակայն նաև չի ժխտում, որ իր աշակերտը դառնալ ցանկացողների հերթ է գոյացել. «Շատերն իրենց գաղտնիքները ուրիշին չեն վստահում, մեռնում են ու էդպես էլ հետները տանում գերեզման: Բայց ես պատրաստ եմ փոխանցել գործի նրբությունները»:

Այս թեմայով