12 Ապրիլ 2013, 14:31
2602 |

Ստորգետնյա խողովակներ

... Գոյություն չունեցող Կիև գաստրոնոմից գնենք կիևյան կոտլետ ու սառը-սառը ուտելով գլորվենք Կիևյանով, անցնենք Կիևյան դարպաս-շենքերն ու մեկ էլ հոպ՝ հայտնվենք Կիևյան կամրջի վրա: Սա վերգետնյա սյուռ մասն էր, իսկ հիմա ռեալիստականը:

Կամրջի կեսին կանգնած ես ոչ Ձախափնյակում եմ, ոչ էլ Աջափնյակում: Անորոշ վիճակի մեջ եմ, չնայած մի բան հաստատ գիտեմ՝ գետի ափերը որոշելու համար պետք կանգնել մեջքով դեպի հունը, նույնն է թե՝ դեմքով դեպի գլորվող հոսանքը: Հիշենք դասականին.

- Այսուհետև թող կարգ լինի...գետերը թող երկու ափ ունենան՝ աջ ու ձախ:
Քաջ Նազար

Եթե կամրջի միջնամասից նայենք Աջափնյակի քարափին, կտեսնենք երկու կամարաձև ծակ, ավելի շուտ' անշունչ թունել: Դրանք մետրոյի խողովակ-թունելներն են, բայց խցանված: Մետրոյի ծնունդը Երևանում ծանր երկունքի ցավերով եղավ, պետք էր համոզել Մոսկովին, որ մեր քաղաքը «հավերժ թշնամի-մրցակից» Թբիլիսիից ու Բաքվից վատը չի ու արժան է մետրո կոչվածին: Երբ 1981-ին մետրոն բացվեց՝ կար չորս կայարան՝ Բարեկամություն, Սարալանջի, Երիտասարդական, Սասունցի Դավիթ: Հետո ավելացան հաջորդաբար՝ Հանրապետության Հրապարակը, Գործարանայինը, Շենգավիթը, Գարեգին Նժդեհը, Անդրանիկը, Չարբախը: Բարեկամություն կայարանը վերջինը դարձավ: Ծրագիր կար դարձնել նախավերջինը, հետո էլ՝ վերջից երրորդը: Կիսատ մնաց: Աջափնյակ ու Նազարբեկյան կայարանները դեռ մնում են մետրոյի քարտեզին՝ կառուցվելիքների բաժնում: Բայց կարծես նորից մտնում ենք ստորգետնյա սյուռ աշխարհ: Բարեկամության գետնանցումը հիմա քյաբաբի, կոկա-կոլայի, ծաղիկի ու խառախուռա ապրանքի մղձավանջ է: Քայլելուց պիտի ինչ-որ անհասկանալի խոչընդոտներ հաղթահարես: Հետիոտն գետնանցման առաջնային ֆունկցիան իր տեղը զիջեց առևտրական տաղավարներին, օդափոխության բացակայությանն ու անդադրում ժխորին:

2013-ի գարնանը Երիտասարդականի՝ շարժասանդուղքներից դեպի կառամատույց տանող անցման լայնության մոտ մեկ երրորդը զավթեցին խոստումնալից կրպակները: Խոստումնալից, որովհետև դրանց վրա գրված էր՝ «այստեղ վաճառվելու են գրքեր» մոգական արտահայտությունը: Բոլորին պարզ էր, որ կրպակները դառնալու էին բջջային հեռախոսները վերակենդանացնելու, օծանելիք կաթացնելու ու անիմաստ բիժուների տոնավաճառ: Հետո լույս եղավ-իջավ ու պարզվեց, որ քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները տեղյակ չէին: Միգուցե էդպես էր, միգուցե՝ ոչ, ամեն դեպքում ծիծաղելի էր: Հետո նորից լույս եղավ ու կրպակներն ապամոնտաժեցին, ավելին՝ մետրոյի տնօրենին «անկյուն կանգնեցրին»:

Քաղաքի հյուսիսից հասանք հարավ: Մի ժամանակ Գարեգին Նժդեհի հրապարակում ջրավազան էր ու շատրվան: Հետո որոշեցին Երրորդ մասը քաղաքին ինտեգրել նոր զարկերակով՝ մետրո գցեցին: Ջրային կառույցները քանդվեցին ու մարդիկ իջան ընդհատակ: Սուրեն Սպանդարյանի արձանի պատմությունն էլ հետաքրքիր ստացվեց: Մեր բոլշևիկ հայրենակիցը 1916-ին մահացավ Սիբիրում ու տենց էլ չտեսավ Խորհրդային Հայաստանը: Նրա արձանը տեղադրվեց 1990-ին, երբ սովետ որպես այդպիսին կար, բայց նաև չկար. հոգեվարքի մեջ էր: Ինչ-որ ժամանակավրեպ ստացվեց էս մարդու կյանքը, հիմա էլ մետրոյի կայարանն ու հրապարակը Նժդեհի անունով են, բայց գերիշխող ուղղահայաց դոմինանտը Սպանդարյանի արձանն ա: Լավ, թե վատ՝ մեր պատմությունն է, չես ջնջի:

… Մի քանի օր առաջ կեսօրին Ազատության հրապարակում էի, «կինոն» հետաձգվեց մինչ երեկո, որոշեցի գնալ տուն, բայց ընթացքում ֆռֆռացի ֆեյսբուքում ու պարզվեց, որ Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում բախումներ են երիտասարդների ու հրեշտակ-ոստիկանների միջև: Մետրոյի Երիտասարդական կայարանի մոտ էի, դեպքի վայր արագ հասնելու համար որոշեցի մետրոյով գնալ Բաղրամյան կայարան ու գլորվել մի 100 մետր ներքև: Վազելով հասա շարժասանդուղքին, ընթացքում հեռախոսիս մեջ թարմացնելով ֆեյսբուքիս էջը, հասա այն անցմանը, որը բարեհաջող ազատվել էր «գրքի կրպակներից», հասա վագոնին, հաշվում էի 60 վայրկյանը, որ իջնեմ Բաղրամյան կայարանում, բայց… գնացքը կանգ չառավ Բաղրամյանում, սլացավ դատարկ կայարանով…Հետո թերթերը գրեցին, որ դա տեղի է ունեցել «տեխնիկական պատճառներով»...

Այս թեմայով