15 Նոյեմբեր 2016, 20:40
1456 |

IEEE EWDTS 2016 Yerevan. դասերից առաջ մարզանք անելու օգտակարության մասին

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Օֆելյա Մադաթյան

Սիմպոզիում... Դե ի՞նչ ասեմ, լիքը հետաքրքիր ու հավես պահեր եղան 4 օրվա ընթացքում: Առաջին օրը բավականին հագեցած էր թե՜ էմոցիաներով, թե՜ դասախոսություններով և իհարկե լրատվամիջոցներով: Էս լրատվականների մարդիկ եկան, իրենց ամեն ինչը դասավորեցին, բան, կրթության և գիտության նախարարը խոսեց, հավաքվեցին գնացին: Ախր ինչի՞: Էնտեղ էդքան հետաքրքիր բաներ էին լինում ու լինելու: Ինչևէ...

Բացման արարողության ժամանակ խոսեց Երվանդ Զորյանը: Շատ էի լսել իր մասին, բայց առաջին անգամ տեսա: Շատ հաճելի, դրական ու անմիջական մարդ է: Եկել էին մարդիկ նաև IBM-ից, Intel-ից, Qualcomm-ից: Հիմնականում խոսվում էր մեքենաների ավտոմատացման մասին:

Ինձ համար ամենատպավորիչը հենց առաջին օրն էր, որովհետև հենց էդ օրը ելույթ ունեցավ սիմպոզիումի երևի թե ամենաօրիգինալ մարդը` Մագդի Բայումին Լուիզինայի համալսարանից: Տեսքն արդեն իսկ տրամադրող էր` գուլպաները փողկապի հետ էր համադրել` վարդագույն գուլպաներ և վարդագույն փողկապ: Բայումին ամբողջ դահլիճին չթողեց քնել ու ինքը առաջինն էր, որ բեմից չխոսեց: Իր ելույթը սկսեց նրանով, որ պատմում էր, թե իր համալսարանական դասախոսությունների ժամանակ ուսանողներին ինչպես չի թողնում, որ քնեն: Ասում է, երբ առավոտյան շուտ կամ լանչից հետո է դաս ունենում, միշտ մարմնամարզություն է անում ուսանողների հետ, հետո նոր սկսում դասախոսությունը (կարելի է փորձարկել Հայաստանում): Նույնը առաջարկեց և մեզ, քանի որ լանչից էինք հետ էկել:

Մի փոքր թարմանալուց հետո լսեցինք ելույթը` թեման կոչվում էր «Սիլիկոնե ուղեղ»:Ասում էր, թե ինչքան լավ կլիներ, եթե մարդ էնպիսի սարք ունենար, որ մտքերդ կարդար ու ասեր էդ ուզածդ անե՞ս, թե՞ոչ: Դե ես էդքան էլ կողմ չեմ նման բաներին, բայց ինքը էնքան հավեսով էր խոսում, որ մտածում եմ` կարո՞ղ ա... Ու ինքը հենց իր ընտանեկան օրինակներն էր բերում, վերջում էլ վիդեո ցույց տվեց, որտեղ գլխավոր դերում հենց ինքն էր, իրեն էլ կոչելով “this young man”:     

Եզրափակեմ նրանով, որ անկախ ամեն ինչից` լիքը նոր ու օգտակար բաներ սովորեցինք ու մեր բնագավառի հետաքրքիր ու խելացի մարդկանց հետ շփվեցինք:Իսկ էդ մարդիկ հեռացան` հայկական մշակույթով հիացած ու տպավորված:

Այս թեմայով