15 Նոյեմբեր 2016, 10:37
2786 |

IEEE EWDTS 2016 Yerevan. 4 օր, երբ ես 15-ից 1-ն էի

Հոկտեմբերի 14-ից 17-ը Երևանում կայացավ IEEE խոշոր ամերիկյան ինժեներական կազմակերպության East-West Design & Test 14-րդ ամենամյա սիմպոզիումը, որին մասնակցեցին 170-ից ավելի մասնագետներ աշխարհի 31 երկրից և քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներին վերաբերող ամենակարևոր հարցերը: Եվրոպական միության աջակցությամբ սիմպոզիումին ներկա եղան 15 հայ ՏՏ-ուսանողներ, որոնք մեր խնդրանքով պատմում են իրենց տպավորությունների մասին` բլոգ-գրառումների տեսքով:

Դիանա Վիրաբյան

Այս տարի IEEE East-West Design & Test Symposium-ը Երևանում անցկացվեց: Դրա շրջանակում Երևան էին եկել միկրո և նանոէլեկտրոնիկայի, ինտեգրալ սխեմաների (ԻՍ) նախագծման և թեստավորման, ռադիոէլեկտրոնիկայի մասնագետներ, պրոֆեսորներ տարբեր երկրներից: Սիմպոզիումի ժամանակ նրանք ներկայացնում էին իրենց կողմից գրված հոդվածները կամ ուղղակի իրենց կատարած հետազոտությունները: Ես Սինոփսիս Արմենիա ուսումնական դեպարտամենտի ուսանող եմ ու դարձա ընտրյալ 15-ից մեկը, ում մասնակցությունը կոնֆերանսին ֆինանսավորում էր ոչ այ ոք, քան Եվրամիությունը:
Երբ լսում ես էսպիսի խելացի անունով ինչ-որ սիմպոզիումի մասին, ուզում ես լրջանալ, գնալ կոստյում գնել հագնել ու մի տոննա հանրագիտարան լցնել գլուխն ու նոր գնալ... Ես էդպես էլ արեցի: Ու կազմ պատրաստ գնացի հոկտեմբերի 14-ին ՀԲԸՄ-ի շենք: Նախապես նշեմ, որ սիմպոզիումի 4 օրերի ընթացքւմ ինձ համար ամենավառ տպավորություններն ու հիշողությունները կապված են ընկերներիս հետ, որոնցից ոմանց հետ հենց էնտեղ էլ ծանոթացա: 

 

Օր 1, 14-ը հոկտեմբերի

Սկզբում ոգևորված էի շատ, ուշադիր լսում էի ու փորձում ամեն ինչ հիշել: Մի քանի դոկտորների պրեզենտացիաներից հետո, որոնցից մեկն Intel-ից էր, մյուսը` IBM-ից, իր ելույթը սկսեց Xilinx ընկերությունից մի դոկտոր, ով բացի շատ հետաքրքիր ինֆորմացիա տալուց, եկավ ու անամոթաբար ասաց, որ բաժինը, որտեղ ես աշխատում եմ, շուտով կփակվի, որովհետև մեր պրոդուկտի և մեր մոտեցման վերջը եկել է իրենց ընկերության պրոդուկտի շնորհիվ: Շուտով ասելով` մոտ մեկ տարուց: Հմ... մտածեցի ես: Առանց ընկնելու մասնագիտական մանրուքների հետևից, պարզապես ասեմ, որ մոտակա հինգ տարում նման բան դժվար թե պատահի: Երևի շատ էր ուզում բարձրացնել FPGA-ների պատիվը: Մոռանալով վրդովմունքը, ես այդուհանդերձ հաճույքով լսեցի նրան ու ահագին նոր բան իմացա: Վերջում էլ, երբ դահլիճի մի մասն անցել էր Մորփեոսի արքայություն, զեկույցով ներկայացավ իտալացի պրոֆեսոր Մատեո Ռոնդան, ով բառի բուն իմաստով արթնացրեց բոլորին` թե իր հետաքրքիր պրեզենտացիայով, և թե իր էներգիայով լի ձայնով:

Օր 2, 15-ը հեկտեմբերի

Առավոտյան էրեխեքով իրար տեսանք ուրախացանք, հետո մի քիչ ձանձրացանք, բայց հետո եկավ նա~` Ամերիկայում, Մաունթին Վյուում աշխատող սինոփսիսցի մի գիտնական` Պատրիկ Գրոնեվելդը, ով պրեզենտացիա էր ներկայացնում էլեկտրական մեքենաների մասին: Ես չզգացի, թե ինչպես թռան 25 րոպեները, որոնց ընթացքում էնքան նոր բան իմացա~: Դուք գիտեի՞ք, որ ամեն երկրում չի, որտեղ էլեկտրականությամբ աշխատող մեքենաներն օգնում են օդի աղտոտվածության դեմ: Այո, այո~: Դա պայմանավորված է նրանով, որ կան էլեկտրաէներգիայի ստացման մաքուր (ատոմակայաններ, ՋրԷԿ-ներ, ՀԷԿ-եր) և կեղտոտ (ՋԷԿ-եր) եղանակներ: Օրինակ` Հնդկաստանն ու Չինաստանը` լինելով օդի բարձր աղտոտվածությամբ երկրներ, ստանում են էլ.էներգիան կեղտոտ եղանակով, այդ պատճառով էլեկտրական մեքենաների անցնելն իրենց չի օգնի ընդհանրապես: Էս ընտիր գիտնականը իմանալով, որ Հայաստան է եկել, լիքը օրինակներ էր բերում հենց մեր Հայաստանի վրա, ու ասեց, որ քանի որ մենք էլ.էներգիա ստանում ենք մաքուր եղանակով մեզ օդի աղտոտվածուքյան դեմ շատ կօգնի էլեկտրամեքենաների անցնելը... Այ էսպիսի բաներ: Շուտ անցեք Տեսլաների, յա:

 

Օր 3, 16-ը հոկտեմբերի

Ես բլոկնոտ էի հետս ման տալիս, որպեսզի գրի առնեի բոլոր հետաքրքիր իրադարձությունները ու հիմա նայում եմ` էս օրվա մասին գրել եմ երեք բառ` «կին, անհետաքրքիր սեսիաներ»: Կինը մի գերմանացի պրոֆեսոր էր, ով իր պրեզենտացիայի ֆոնին մեր Արարատն էր դրել ու էնքան հպարտ էր ինքն իրենով, որ չդիմացա` ես էլ հպարտացա: Այսքանը: 

 

Օր 4, 17-ը հոկտեմբերի

Պրեզենտացիա էր ներկայացնում Qualcomm ընկերության մասնագետներից հայազգի Կևորկ Կեչեչյանը, ում զեկույցներից մենք դեռ լսելու ենք Սինոփսիսում:

          

Պրեզենտացիաներից հետո հավաքվեցինք, նկարվեցինք ու մեզ հետ տարանք լիքը հետաքրքիր տպավորություններ, նոր գիտելիքներ ու ընտիր ֆոտոներ: Հրաշալի փորձ էր: Ոգևորող իրադարձություն:

Այս թեմայով