22 Հունվար 2016, 23:15
1708 |

ՏԱՌապած պատի քննարկումները

Օրեր առաջ Մաշտոցի 51-ից մինչև Սարմենի հատող փողոց տանող հատվածում իր բնակությունը հաստատեց «Հայոց գրերի երթ» արտ-ինստալացիան: Համացանցային տարատեսակ քննարկումներն ինստալացիայի շուրջ տրամաբանական են, շատ սպասված ու ցանկալի, սակայն` մի փոքր չարդարացված: Հայկական տառատեսակների հեղինակ Ռուբեն Թարումյանը, այլ մասնագետներ և պարզապես ոչ անտարբեր քաղաքացիներ մեղադրում են նախագծի հեղինակներին և պատվիրատուներին մաշտոցյան տառահիմունքից հեռանալու մեջ: Ինստալացիայի հեղինակ, կալիգրաֆիայի մասնագետ և գրաֆիկ դիզայներ Վահան Բալասանյանը, ով «Հայոց գրերի երթ» նախագծի տառերի ոճային ձևավորման հեղինակն է, մատչելի և բովանդակալից կերպով պարզաբանեց, թե ինչումն է նման բացասական կարծիքների հիմնապատճառը:

«Իրականում, քննարկման ժամանակ մարդիկ սխալ տերմիններ են օգտագործում և այդպիսով փոխում աշխատանքի ձևաչափը, դրա հետևանքով մարդիկ սուբյեկտիվ պատկեր են տեսնում` իրական իմաստի և նպատակի փոխարեն:

Նախագծի մասին ֆեյսբուքում գրում էին «հուշարձան» կամ «կոթող», մինչդեռ այդ  տերմինները բացարձակ  այլ նպատակներ ու իմաստ են իրենց մեջ կրում, և խիստ տարբերվում են արտ-ինստալացիայից: «Հայոց գրերի երթը» հուշարձան չէ: Ցուցանակի վրա անգամ գրված է` արտ-ռելիեֆ, ինչը որոշակի մտածելու տեղիք է արդեն տալիս: Նաև ասեմ, որ հնչած «գոթական տառաձև» արտահայտությունը այս աշխատանքին չի կարող վերաբերելլ. մննք մեր առջև խնդիր չէինք դրել գոթական տառաձև ստեղծելու: Այլ բան է, որ միայն որոշ էլեմենտներով այն կարող է  հիշեցնել այդ ոճը»:

Շատ մարդիկ կարծում են, թե հայոց տառերն անձեռնմխելի են, և  դրանք կալիգրաֆիկ փոփոխությունների ենթարկելը ոճրագործություն է: Բալասանյանը նշեց, որ խնդիրը ժամանակակից արվեստի ընկալման մեջ է, որն այսօր կաղում է պասիվության պատճառով: Դա նման է նրան, երբ գրաֆիտի արտիստին քննադատում են՝ համեմատելով նրա աշխատանքները Ռեմբրանտի գլուխգործոցների հետ: «Լուվրում» չի կարող գրաֆիտի լինել, այնպես, ինչպես արտ-ինստալացիաների և հուշարձանների ու կոթողների նպատակներն են տարբեր»:

Ժամանակակից արվեստը զարգանում է բանավեճի և էքսպերիմենտների միջոցով: Ցանկացած արտ-նմուշ ինչ-որ մարդկանց դուր է գալիս, ինչ-որ մարդկանց` ոչ, դրա շուրջ սկսվում են քննարկումներ, վեճեր, այդտեղից էլ ձևավորվում է վերաբերմունք, և արվեստը առաջ է շարժվում: Իսկ տառարվեստը արվեստի տեսակ է: Քննարկում առաջացնելը  մեր նպատակներից մեկն էր: Ասեմ ավելին, եթե չլինեին քննարկումներ ու վեճեր, մենք շատ կտխրեինք, քանի որ այլ կերպ  անհայտ է` երբ պիտի բարձրաձայնվեր ու խոսվեր այբուբենի մերօրյա հակասություններից: Իսկ այսօր մենք խոսում ենք, երկխոսում ենք և դա շատ դրական փաստ է»: 

Նախագծի ղեկավարներից Գայանե Մանուկյանը հստակեցրեց, որ հենց անվանումն արդեն իսկ հուշում է,  որ սա գրերի երթ է. այն գալիս է դարերի խորքից,  ցույց տալիս իր ուղին`անցյալը ու ներկան  և ուղևորվում է առաջ: «Մենք համադրել ենք ժամանակակից գրերը մեսրոպյան գրերի հետ` այդ կերպ ցույց տալով,  թե որքան են դրանք փոխվում ժամանակի ընթացքում: Այսօր հաստատված այբուբեն չկա, դպրոցներում սովորում են  հենց այս տառերը (սովետական ժամանակներում հաստատված այբուբենով, և ոչ ավանդական այբուբենով): Մենք էլ ենք սովորել նույն այբուբենով, և հիմա էլ գրաբարով չենք հաղորդակցվում: Բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք անտեսում ենք մեր գրերի պատմությունը և ավանդական տառատեսակները: Ամեն ցանկացող կարող է ծանոթանալ գրերի պատմության հետ հենց այս նախագծի միջոցով: Մեր նախագիծն արտ-ռելիեֆ  է, հուշակոթող չէ, այն չի պարտադրում ոչինչ: Այն մեր ժամանակի շունչն է ցույց տալիս, իսկ նպատակներից մեկն էլ հենց հանրության ուշադրությունը գրերի փոփոխման և չհաստատուն ձևավորման լինելու վրա սևեռելն էր և քննարկում առաջացնելը: Մենք գիտակցված գնացել ենք այն ռիսկին, որ որոշ մարդիկ չեն ընդունի նախագիծը, բնական է, որ կարծիքները տարբեր են: Կարևոր է նաև «Ու» տառի խնդիրը, որը հանգիստ չի տալիս սրտացավ երևանցիներին: Ժամանակակից այբուբենում կա 39 տառ: Մենք ընտրել ենք մաշտոցյան գրերի քանակը և վերարտադրել ժամանակակից հնչյունաբանությամբ. միախառնելով այդ երկուսը` ցույց ենք տվել տարբերությունը: QR կոդերը, որոնք տեղադրված են տառերի տակ, հատուկ նրա համար են, որպեսզի ցանկացողները կարդան տառի ձևավորման ամբողջ  պատմությունը. տեսնել դրա զարգացման ուղին Մեր ինստալացիայում "ու" տառի տակ նշել ենք  "ոu" `հնչոյւն  և "հյուն"` հուշելով, որ այս տառը "ո"- ի  և "հյուն"-ի համադրությամբ է ստեղծված: Ամեն դեպքում,  բոլոր մեկնաբանությունները  կարելի է տեսնել օգտվելով QR կոդից»

 

 

Հեղինակներն ու նախաձեռնողները հանգիստ են վերաբերվում բացասական մեկնաբանություններին, պարզապես ցանկանում են ևս մեկ անգամ շեշտել, որ հանրությունը պետք է գիտակցի գրերի երթի նպատակն ու խնդիրը: Հավանաբար, ուրբանիստական ինստալացիան, այսպես սուր ընկալվեց իր տեղանքի պատճառով (այն գտնվում է Մատենադարանի հարևանությամբ): Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ արտ-ռելիեֆը ենթակա է տեղափոխման. որոշ ժամանակ անց այն կգտնի իր նոր տունը: Իսկ այսօր այն ակտիվացրել է երբեմնի անշուք, դատարկ և լքված պատը, որի մասին ոչ ոք մինչ օրս չի էլ հիշել: 

Այս թեմայով