05 Փետրվար 2015, 13:53
1894 |

Երևանյան Reload. հանրային քննարկում

Փետրվարի 4-ին Marriott Armenia հյուրանոցում տեղի ունեցավ քաղաքի բարելավմանը, արտաքին տեսքի գեղեցկացմանն ու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի հանրային քննարկում: Մասնակցում էին Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունին, Ազգային պատկերասրահի գիտաշխատող, դրամագետ Արմինե Զորաբյանը, նկարիչ-գեղագիր Ռուբեն Մալայանը և ուրիշներ: Հանրային քննարկմանը ներկա էին նաև լրագրողներ:

Բաց քննարկման առանցքում էին «Երևան 2.0» գաղափարախոսության մեջ ներառված նախագծերի շարքում տեղ գտած մի շարք գաղափարներ:

«1000 ու մի մտոց» նախագծի առաջին փուլը
Երևանի մայթերի՝ կոնցեպտուալ առումով բոլորովին նոր գաղափարը մտոցների վերաբերյալ «Երևան Փրոդաքշնս» ընկերությունը հանրության դատին էր ներկայացրել դեռ նախորդ տարի գարնանը: Այսօր մեր քաղաքի մտոցներն աչքի չեն ընկնում գեղեցկությամբ և ինքնատիպությամբ, այն դեպքում, երբ աշխարհի շատ քաղաքներում դրանք համարվում են քաղաքային լանդշաֆտի անկրկնելի դետալ: «Երևան Փրոդաքշնս» ընկերության Զարգացման գծով տնօրեն Գայանե Մանուկյանի խոսքով՝ որոշ կոմերցիոն ընկերություններ այսօր հետաքրքրված են նախագծով և ցանկություն ունեն, օրինակ, Հանրապետության հրապարակի թվով 10-12 մտոցները ձևափոխել՝ դրանց փոխարեն տեղադրելով հին հայկական մետաղադրամների տեսքով մտոցի կափարիչներ:

Երևանի գլխավոր դիզայները համոզված է. «Գաղափարի իրականացումը քաղաքին կհաղորդի անկրկնելի հմայք, ինչը դրական կանդրադառնա տուրիզմի զարգացման վրա: Սակայն մտոցի նոր կոնցեպտը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել էթնիկ բոլոր առանձնահատկությունները»: Նրա խոսքերով՝ մտոցների կափարիչները նույնպես կարող են դառնալ յուրօրինակ քաղաքային գիդ՝ պարունակելով անհրաժեշտ ինֆորմացիա քաղաքի մասին: Պատմաբան Արմինե Զորաբյանի խոսքով՝ էսքիզների մշակման ընթացքում պետք է նաև հաշվի առնել այն փաստը, որ մտոցների վրա անցանկալի է տեղադրել հայ նշանավոր գործիչների դիմանկարներ:

«Սթրիթ Արտ. հայոց այբուբենը» նախագիծը
Մատենադարանին հարակից պատը ( Մաշտոցի պողոտա 57) ներկա պահին լքված եւ անհրապույր տեսք ունի: Շատ շուտով այն կարող է դառնալ Փոքր Կենտրոնի գրավչություններից մեկը: Դիզայներ եւ գեղագիր Ռուբեն Մալայանի հետ համատեղ նախատեսվում է պատին երկրորդ շունչ տալ: Դրա վրա կհայտնվեն հայոց այբուբենի տառերը: Ռուբեն Մալայանի խոսքով՝ բավական բծախնդիր աշխատանք է: Պատը վերջնական տեսքով չպետք է տարբերվի քաղաքի ընդհանուր ֆոնից: Այն պետք է դառնա ամբողջի մի մասը:

Երեւանի գլխավոր դիզայների պնդմամբ՝ քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի շենքերի ֆասադային հատվածներին չհայտնվեն վանդալիստական գրություններ կամ նկարներ: Չէ՞ որ քաղաքի ճարտարապետությունն ուրույն ձեռագիր ունի, ամեն գիծ կարող է խախտել այն:

«Ինչ վերաբերում է Մատենադարանին հարակից պատին, ես լիովին համաձայն եմ այն ձեւափոխելուն: Նախագիծը հաջողված է, այբուբենը անմիջականորեն ասոցացվում է մոտակայքում գտնվող Մատենադարանի հետ: Հայ ժողովուրդը առանձնահատուկ ակնածանք է տածում է հայոց գրերի նկատմամբ»,- համոզված է Գագա Ամատունին:

«Օղակաձեւ զբոսայգու վերականգման տեսլական» նախագիծը
Օղակաձեւ զբոսայգին քաղաքի ամենամեծ հանգստի վայրերից է: Այն սկսվում է «Այրարատ» կինոթատրոնից, ձգվում մինչեւ Մաշտոցի պողոտա: Լանդշաֆտային ճարտարապետներ Վրեժ եւ Վահե Հարությունյանները ներկայացրել են զբոսայգու վերակառուցման ծրագիր: Այն կդառնա ժամանակակից բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի: Դեռ խորհրդային տարիներից զբոսայգուն քիչ ուշադրություն է դարձվել: Այն կարող է դառնալ երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ամենասիրելի ու հաճախ այցելվող վայրը: «Այգին կարող է հեծանվորդների գլխավոր հավաքատեղին դառնալ», - համոզված է Վրեժ Հարությունյանը:

Այգում զրուցարաններից շատերը տանիք ու նստարաններ չունեն: Դա էլ մի խնդիր է, որ պետք է լուծում ստանա «Օղակաձեւզբոսայգու վերածնունդը» նախագիծով: Սլայդների միջոցով ներկայացվեցին տասնյակ հնարավորություններ, որոնք կարող են իրագործվել այգում: Դրանց բոլորի նպատակը մեկն է՝ Օղակաձեւ զբոսայգին դարձնել ժամանակակից, հարմարավետ եւ բազմաֆունցիոնալ: Հեծանվային ուղին կթեթեւացնի քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Էսքիզներն ու ծրագրի կոնցեպտը ներկայացվել են Երեւանի քաղաքապետարանին ու քննարկման փուլում են:

«Երեւանի թափանցիկ դռներ» նախագիծ
Քաղաքի շքամուտքերը նունպես «Երեւան 2.0» նախագծի ուշադրության կենտրոնում են: «Հաճախ մենք տեսնում ենք գեղեցիկ պատշգամբներով, յուրահատուկ ճարտարապետությամբ շենքեր: Դրանց արտաքին տեսքը փչացնում են երկաթյա անհրապույր դռները»,-պատմեց Գայանե Մանուկյանը:

«Երեւան 2.0» գաղափարախոսության շրաջանակներում նախատեսվում է փոխել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող շենքերի շքամուտքերը: Դրանք կհամապատասխանեն շինությունների ճարտարապետությանը: «Երեւան Փրոդաքշնս» ընկերությունն առաջարկում է տեղադրել քաղաքին ոճին համահունչ ապակե, փայտե կամ մետաղական նոր դռներ:

Այս թեմայով