15 Հունվար 2016, 16:46
5498 |

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծ. հայոց գրերը նոր մեկնաբանությամբ

Այսօր՝ հունվարի 15-ին, Կառավարության Ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Երևան 2.0»  քաղաքային ինկուբատորի «Հայոց գրերի երթ» (Eternal Alphabet` հարատև այբուբեն) արտ-ռելիեֆ նախագծի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառումը սկսվեց Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր  հովիվ Տ․ Շահե քահանա Հայրապետյանի՝  «Հայոց գրերի երթ» հարատև այբուբենի օրհնությամբ, որից հետո
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանի, ՀՀ Մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Մուրադյանի և «Երևան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար  Գայանե Մանուկյանի կողմից կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավենը:

Տոնական միջոցառումը շարունակվեց Կառավարության Ընդունելությունների տանը. նախաձեռնության մասնակիցներն ու  հեղինակները ներկայացրին նախագիծը, գործընկերներին և աջակից  ԶԼՄ-ներին հանձնվեցին շնորհակալագրեր:

 Նախագծի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ կառավարության, պետական և բիզնես ոլորտի, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, միջազգային հյուրեր:«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծն իրականացվել է ՀՀ Առաջին տիկնոջ`  Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը իր խոսքում նշեց. «Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Քաղաքի հարմարավետ և բարեկարգ միջավայրի ապահովմանը ուղղված «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագիծը «Մի պատի պատմություն» հայեցակարգի մաս է կազմում, որը ենթադրում է պատը դարձնել արվեստի հարթակ` ինտերակտիվ ցուցասրահ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար, որտեղ վեց ամիսը մեկ կներկայացվի նոր արտ-ինստալացիա, իսկ հին ցուցադրությունը կտեղափոխվի և կցուցադրվի Հայաստանի այլ քաղաքներում՝ հնարավորություն ընձեռնելով, արվեստի համապատասխան աշխատանքները ցուցադրել նաև իրենց քաղաքի բնակիչներին և հյուրերին: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է այս ուղղությամբ քաղաքականությունը և աջակցելու է նման նախաձեռնությունների իրագործմանը»:

 «Երեւան 2.0» նախագծի զարգացման գծով ղեկավար Գայանե Մանուկյանը, խոսելով նախագիծի մանրամասների մասին, նշեց. «Երևանը զբոսաշրջիկների և մեր հայրենակիցների համար ավելի գրավիչ և ակնահաճո դարձնելու նպատակով նախագծի ղեկավարի` Ալիսա Մուրադյանի հետ հերթական անգամ շրջում էինք քաղաքում և երկար փնտրտուքների արդյունքում մի օր բացահայտեցինք այս պատը: Անմիջապես մեզ մոտ  միտք հղացավ դրան նոր շունչ հաղորդել: Գաղափարները շատ էին, մի շարք նախագծերի մտքեր կային. որոշեցինք սկսել մեր տառերից: Նախ սա Մատենադարանի`մեր յուրահատուկ գրապահոց-թանգարանի  հարակից պատն է, իսկ այբուբենը մեր գոյության, ինքնատիպության խորհրդանիշն է և հայ ազգի կրած անարյուն ամենամեծ ճակատամարտը: Վերջին տարիներին հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել են այբուբենին նվիրված հրաշալի հուշարձաններ, իսկ մեր առջև խնդիր դրեցինք ստեղծել նաև մայրաքաղաքին հարիր, գեղեցիկ ու հաճելիորեն տարբերվող տառատեսակներ: Սա «Երևան 2.0»  քաղաքային ինկուբատորի հերթական ծրագրերից է, որն իր շուրջ համախմբեց բազմաթիվ հովանավորներ, բարերարներ և բարեկամներ  ՀՀ-ից և ՌԴ-ից: Որպես երևանցի շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք մեր քաղաքում ունենալ մշակութային նման ինտերակտիվ հարթակ»:

 

Նախագծի գրաֆիկ դիզայներ Վահան Բալասանյանը կարծում է, որ սա  հրաշալի միջոց է զբոսաշրջիկների ուշադրությունը մեր մշակույթի վրա կենտրոնացնելու համար․ «Այս հուշարձանը ես ավելի շատ կարևորում եմ՝ որպես արվեստի աշխատանք, որովհետոև արվեստը պետք է զարգանա, թեկուզ էքսպերիմենտալ ճանապարհներով։ Արվեստի մեջ պետք է օգտագործվեն նոր արտահայտչամիջոցներ։ Ինչ վերաբերում է տառերի տեղադրման վայրին՝ տրամաբանական էր, որ հենց Մատենադարանի հարեւանությամբ գտնվող տարածքը պետք է կապ ունենա այս նախագծի հետ»։

«Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի տառերի էսքիզների հեղինակ` Վահան Բալասանյան

 Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը և «Երևան Փրոդաքշնս» ընկերության տնօրեն` Աննա Ղասաբյան

 

Այս թեմայով