Լուսապսակ ֆազն ու նոլը

Ֆազի ու նոլի համերաշխ համագործակցության արդյունքում ամեն երեկո Երևանի փողոցներում վառվում է 58 հազար տարբեր ձևերի ու չափսերի լապտեր: Մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են աշխատում լապտերների անխափան պայծառության վրա, ինչը և ինչպես են լուսավորում դրանք, որպեսզի հաղթահարվի խավարը:

Լուսապետական հնարքներ

Մեր օրերում լույսը միայն լույս տալու իր բուն գործունեությունից նաև ստացել է գեղեցկացնելու կոչում: Ճարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կերպարը, իսկ դրա լուսային դրսևորումը լուսային մասնագետների խնդիրն է, ում կարելի է պայմանականորեն կոչել լուսային ճարտարապետներ կամ լուսապետներ: Ու եթե ճարտարապետները ցերեկային քաղաքի հեղինակներ են, ապա գիշերային քաղաքի տեսքի պատասխանատուները միանշանակ լուսապետներն են: