10 Դեկտեմբեր 2013, 10:23
637 |

Հայերի հաղթանակը Թուրքիայում

Թուրքիայում հաճախակի են կազմակերպվում քանդակագործական սիմպոզիումներ, որի ընթացքում աշխարհի տասնյակ երկների քանդակագործներ նույն վայրում՝ կողք կողքի, աշխատում են ու վերջում ստացվում է մոնումենտալ քանդակների բացօթյա թանգարան։ Արդյունքում օտարերկրացի արվեստագետները հարստացնում են Թուրքիայի մշակույթը, զարգացնում թուրքերի գեղագիտական ճաշակը։ Իսկ զբոսաշրջիկներն այդ երկիրն ընկալում են որպես բաց, պրագմատիկ, ազատ մտածելակերպի օրրան՝ շատ էլ ուշադրություն չդարձնելով՝ ով է մշակութային կոթողի հեղինակը, թո՞ւրք, թե հայ։

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված հերթական սիմպոզիումն անցկացվել է հումորային թեմայով։ Մասնակցության հայտեր է ներկայացրել տարբեր երկրների մոտ 400 քանդակագործ։ Ընտրվել են 20-ը, որոնցից երկուսը՝ Հայաստանից՝ Հայկ Թոքմաջյանն ու Տիգրան Հարությունյանը։ Քանդակագործներին կողմնորոշելու համար ներկայացվել են հումորային թեմաներ՝ Խոջա Նասրեդին, թուրք հումորիստներ և այլն։ Մեծ ջանքեր պետք չեն՝ նկատելու, որ այդ կերպարները մահմեդական աշխարհից են։ Թվում է՝ անմեղ ու իմիջիայլոց, բայց ուղիղ նշանակետին խփող թեմաներ են։ Իմանալով, որ սիմպոզիումը միջազգային է, և մասնակցելու են իտալացի, իսպանացի, արգենտինացի, ռուս, հայ, վրացի, սերբ քանդակագործներ՝ համենայն դեպս, չէր առաջարկվել քանդակել միստր Բինին կամ Չարլի Չապլինին. թուրքական խորոխորհուրդ ու հեռանպատակ դիվանագիտություն։ Հայկ Թոքմաջյանը որոշել է իրականացնել մանկության երազանքը. 15 օրում քանդակել է Աբու Հասանին իր մաշիկներով։ Տիգրան Հարությունյանն էլ մի հսկա կետ է քանդակել։ Երբ նույն տարածքում ու միաժամանակ աշխատում են տարբեր ազգերի քանդակագործներ, համեմատությունն ավելի ակներև է դարձնում մասնագիտական որակների տարբերությունները։ Հայ քանդակագործները դրսևորել են իրենց որպես ճկուն, հմուտ, բազմապրոֆիլ, հարմարվող պայմաններին ու արագ կողմնորոշվող։ Իսկ նրանց ստեղծագործական միտքն ու երևակայությունը մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում է։

Անթալիայի սիմպոզիումի կազմակերպիչները բոլոր մասնակիցներին պատվոգրեր են տվել։ Հայկ Թոքմաջյանի ու Տիգրան Հարություննյանի աշխատանքները լավագույնն են ճանաչվել։ Քանդակները շուտով իրենց ցուցադրման հատուկ վայրը կունենան։ Հունահռոմեական մշակույթի թանգարան հիշեցնող Անթալիան տարին բոլոր լի է զբոսաշրջիկներով։ Սեփական մշակույթից ի՞նչ կարող են ցույց տալ հնագույն ժողովուրդների հայրենիքին, պատմությանն ու մշակույթին տեր դարձած թուրքերը. իհարկե՝ ոչինչ։ Ստեղծագործական, արարման կարողություններից զուրկ լինելն իրենք էլ են գիտակցում ու փորձում դա քողարկել օտար արվեստագետների ուժերով։ Թուրքերը գրկաբաց են ընդունում օտարերկրացի արվեստագետներին, որովհետև նրանց պակասն ունեն։ Հայկ Թոքմաջյանը միայն Անթալիայում արդեն 2 խոշոր քանդակ ունի, 3-րդն Անկարայում է։ Դա էլ է թուրքերին նվեր մնացել 4 տարի առաջ միջազգային սիմպոզիումից։ Իսկ Տիգրանը երկրորդ քանդակը թողեց Թուրքիայում։ Տղաները երազում են իրենց հայրենիքում էլ մոնումենտալ աշխատանքներ անել, թեմաները շատ են, հետաքրքրվող չկա։

Այս թեմայով