29 Սեպտեմբեր 2014, 14:37
2195 |

Եվ դարից երկար ձգվում է օրը

Նա լուսանկարել է աշխարհահռչակ մարդկանց՝ քաղաքական, մշակութային, հասարակական գործիչների, արաբական աշխարհում՝ նաև արքայական ընտանիքներին: Լուսանկարել է իր հայտնի ժամանակակիցներին՝ Սադամ Հուսեյնի քեռին՝ Հասան Բաքըրը, Իրաքի արքա, Իրանի թագուհին, Ջիմի Քարտեր, Ջոն Քենեդի, Ռոնալդ Ռեյգան, Վիլյամ Սարոյան, Վազգեն Ա կաթողիկոս, Արմին Վեգներ, Կոստան Զարյան, Ալեք Մանուկյան, Սոս Սարգսյան: Ամերիկաբնակ լուսանկարիչ Ցոլակ Հովսեփյանն ամբողջ մոլորակն է ոտքի տակ տվել ու նախորդ դարաշրջանն իր հայտնի դեմքերով դրոշմել ժապավենին: Լուսանկարչական մի հսկա գործակալության արխիվ ունի Ցոլակ Հովսեփյանը. 72 տարվա համաշխարհային հարստություն՝ պատմական վավերագրերի արժեք ունեցող: Ծնվել է Բաղդադում, 1918 –ին. նույն տարում, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: 1966-ին Իրաքից տեղափոխվել ու հաստատվել է ԱՄՆ-ում: Ժամանակ առ ժամանակ այցելել էր Հայստան: Վերջերս նույնպես եկել էր, նրա 27-րդ այցի ժամանակ հայաստանյան ընկերները խոստացան, որ 100-ամյակիս մեծ տոն են կազմակերպելու: Գրեթե մեկ դար ապրած Ցոլակ Հովսեփյանի դիտարկումները նախորդ դարաշրջանից են սկսվում ու հասնում մեր օրեր: Ներկայացնում ենք նրա տեսած ու ապրած 100 տարին՝ հայության ու իր համար:

1910-1920
Արևմյան Հայաստանը վերածվեց սպանդանոցի, Արևելյան Հայաստանն ու Մերձավոր Արևելքը լցվեցին հայ գաղթականներով: 1918-ին թուրքերն արդեն Էջմիածին էին հասել: Բայց Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո թուրքերը հետ շպրտվեցին, ու մայիսի 28-ին Դաշնակցական կուսակցությունը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: Սակայն անկախությունը կարճ կյանք ունեցավ:

1920-1930
Դաշնակցականները համաձայնեցին երկիրը հանձնել բոլշևիկներին. պայմանավորվեցին, որ նոր իշխանությունները հներին չեն հալածի: Բայց կարմիրները դաժան հաշվեհարդար տեսան Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների ու առհասարակ դաշնակցականների հետ: Ես ծանոթ էի նաև վարչապետ Սիմոն Վրացյանի հետ: Նա պատմում էր, որ Հայաստանից հեռացած դաշնակցականներն արտասահմանում ամեն Նոր տարու բաժակ էին բարձրացնում ու ասում.«Եկող տարի Ամանորը Հայաստանում պիտի նշենք»:

Ցոլակ Հովսեփյան և Վիլյամ Սարոյան
Ցոլակ Հովսեփյան և Վիլյամ Սարոյան

1930-1940
Այս տարիները լավ եմ հիշում: Բաղդադում 25 000 հայ կար, որոնք զբաղվում էին շինարարությամբ, արհեստագործությամբ, սովորում էին Թարգմանչաց ազգային վարժարանում: Արաբ Ղազի թագավորի օրոք հայերին Բաղդադում հող տվեցին, ու նրանք սկսեցին նոր կյանք կառուցել Իրաքում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Կաթողիկոս և Ցոլակ Հովսեփյան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա. Կաթողիկոս և Ցոլակ Հովսեփյան

1940-1950
Լուսանկարիչ լինելու շնորհիվ նոր ծանոթություններ հաստատեցի Իրաքի բարձրաստիճան անձանց հետ՝ ընդհուպ թագավորի: Ֆեյսալ Երկրորդի օրոք լուսնկարչատուն բացեցի: Արքան ինձ հրավիրեց իր պալատ՝ լուսանկարելու: Ինձ անվանում էր ՀԱՍ՝ Ցոլակ Անդրանիկի Հովսեփյան: Լուսանկարեց նաև արքայական ձիարշավի մրցույթները: Իրաքի նախարարները մտերմացան հետս ու տվեցին այնպիսի անձնագիր, որով թույլատրվում էր անարգել գնալ աշխարհի ցանկացած երկիր: 1947 –ին ցանկացա գնալ ու հաստատվել Հայաստանում, բայց չստացվեց: Երկու եղբայրներս հայրենադարձ եղան ու անմիջապես էլ աքսորվեցին Սիբիր:

Ցոլակ Հովսեփյան և Ալեք Մանուկյան
Ցոլակ Հովսեփյան և Ալեք Մանուկյան

1950-1960
1958-ի հուլիսի 14-ին Իրաքում հեղափոխություն եղավ: Նախօրեին Պարսկաստան էի մեկնել: Մի կերպ վերադարձա Բաղդադ և օդի մեջ զգացի ինձ ձերբակալելու վտանգը. նոր իշխանությունները գահընկեց արքայի բոլոր մտերիմների հետ հաշվահարդար էին տեսնում: Անձամբ ներկայացա ոստիկաններին: Բախտս բերեց, հեղափոխության պարագլուխների մեջ էր նաև վաղեմի ընկերս՝ Բաղդադի հրամանատարը: Ինձ ազատ արձակեցին, սակայն շատ չանցած՝ հենց նրա դեմ մահափորձ իրականացվեց: Ինքնաթիռը, որի մեջ էր արաբ հրամանատարը, օդում պայթեցվեց:

Արամ Խաչատչյան
Արամ Խաչատչյան

1960-1970
Իրաքում կյանքը գլխիվայր շուռ եկավ: Տեղափոխվեցի ԱՄՆ: Դժվար էր ամեն ինչ նորից սկսել: Թերթում հայտարարություն կարդացի. «1968-ի մայիսի 25-ին Հայաստանում կբացվի Սարդարապատի հուշահամալիրը»: Որոշեցի Հայաստան գնալ: Ու եկա, առաջին անգամ ոտք դրեցի հայ հողի վրա: Անջինջ հիշողություններ ունեմ Սարդարապատի հուշակոթողի հանդիսավոր բացումից, հայ մտավորականների, քաղաքական գործիչների հետ հանդիպումներից, ամեն ինչ ֆոտոխրոնիկայով վավերագրել եմ: Առաջին անգամ եղա մայր թատրոնում ու տեսա «Արա Գեղեցիկը». Խորեն Աբրահամյանն էր խաղում:

Լուսինե Զաքարյան, Ցոլակ Հովսեփյան և Ռաիսա Մկրտչյան
Լուսինե Զաքարյան, Ցոլակ Հովսեփյան և Ռաիսա Մկրտչյան

1970-1980
Հայաստանի հետ կապն ավելի սերտացավ: Ամերիկայում կազմակերպվեցին մշակութային ու կրթական բազմաթիվ հանդիպումներ: Տարբեր առիթներով ԱՄՆ եկան հայաստանյան գործիչները՝ Վահագն Դավթյան, Ռազմիկ Դավոյան, Բելլա Դարբինյան, Հովհաննես Բադալյան և այլն: Հանդիպումներն ու երեկոները դարձյալ ֆոտոխրոնիկայի էջերում հայտնվեցին, դիմանկարների շարքեր ստեղծվեցին: Բեղուն շրջան էր:

Տիգրան Պետրոսյան
Տիգրան Պետրոսյան

1980-1990
Ամերիկայի հայության ձեռքը Հայաստանի զարկերակին էր: Արցախյան պատերազմը, շրջափակումը, անկախության խմորումները, երկրաշարժը տագնապի մեջ պահեցին սփյուռքահայությանը: Ամեն րոպե հայրենիքից լուրեր էինք սպասում: Սփյուռքն էլ բռունցքվեց Ազատության հրապարակում ու զինվորագրվեց Արցախի ազատագրական պայքարին:

Կոնստանտին Օրբելյան
Կոնստանտին Օրբելյան

1990-2000
Սփյուռքահայերի շարքերը համալրվեցին նոր հայերով: Նրանք Հայաստանից էին: 70 տարի սպասեցին, որ վերջապես մի օր ազատորեն բարձրաձայնեն Ցեղասպանության մասին, որ անկախ Հայաստան կերտեն, բայց հայերը շարվեշարան բռնեցին արտագաղթի ճամփան: Սպիտակ գենոցիդ սկսվեց…

Կոստան Զարյան
Կոստան Զարյան

2000-2014
Հայաստանում կյանքը նոր զգեստներ հագավ. ուրիշ մտածողություն, ուրիշ նպատակներ: Նայում էի օրեցօր բարձրացող նորակառույցներին ու տեսնում, որ բնակարանների մեծ մասը դատարկ են: Այդ դեպքում ինչո՞ւ կկառուցվեն այդչափ շատ շենքեր՝ չէի հասկանում: Շփվում էի հայ երիտասարդների հետ ու համոզվում, որ երբեք Հայաստանին մեջ այսչափ կրթված ու խելացի երիտասարդներ չեն եղել:

Այս թեմայով