14 Փետրվար 2014, 14:40
2051 |

Լույսի խաղերը խավարում

2010 թվականից սկսած ֆրանսաբնակ լուսանկարիչ Արմեն Քաթանասյանը Հայաստան կատարած ամեն այցելության ժամանակ անմահացնում է գիշերային Երևանի բակերը: Գլխավոր նախապայմանը որևէ լույսի առկայությունն է: Առանձին դեպքերում, սակայն, «Լույս է» նախագծի կադրերում կարելի է նշմարել Արմենի ընկերներին՝ Տիգրան Համասյանին, Արտո Թունջբոյաջյանին, Արտյոմ Մանուկյանին, Կարեն Միրզոյանին և ուրիշներին. «Պատկերը է՛լ ավելի է հարստանում, երբ դրանում հայտնվում են նաև ընկերներիս արտացոլումները», — ասում է լուսանկարիչը: Նա նաև վստահ է, որ մոտ ապագայում այդ մարդկանց շարքը կհամալրի նաև «Ռեինկարնացիայի» Ռոլանդը, որովհետև շարքն անվանվել է խմբի «Լույս է» երգի պատվին:

Արմեն Քաթանասյանը նախագծի մասին
«Շատ եմ սիրում թափառել գիշերները Երևանում, անցնելով այնպիսի վայրերով, որտեղ դեռ երբեք չէի եղել: Ու այդպես մի օր որոշեցի ներկայացնել լույսի և քաղաքի անհետացող շենքերի կապը: Հետո կենտրոնացա լույսի վրա: Շատ եմ սիրում լույսի խաղը, նայել, թե ինչպես է այն տարածվում պատերին, ծառերի տերևներին, գետնին, ստեղծելով մի ամբողջ ստվերային աշխարհ: Մոտ ապագայում նաև կսկսեմ հեռանալ կենտրոնից՝ արդեն լավ տեղեր եմ նշմարել Երրորդ մասում, Կոմիտասում, Չերեմուշ-կայում ու նույնիսկ Երևանից դուրս՝ Գյումրիում ու Վանաձորում: Կարևորը խավարի մեջ մի փոքր լույս լինի»:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N12, 2013

Այս թեմայով