22 Հուլիս 2014, 10:20
1307 |

Ողջույն` Օպերայի կտուրից

Դերասան, սցենարիստ ու երգիչ Միքայել Պողոսյանը գիտի քաղաքի յուրաքանչյուր անկյունը, քարը, ճաքը: Նա վստահ է՝ էրևանցին իր սերը արարքներով արտահայտողն է: Իսկ սեփական սերը Երևանի հանդեպ Միքայելը արտահայտում է կինոյի, թատրոնի ու երգերի միջոցով, ինչպես նաև մայրաքաղաքի հետ զրուցելով:

Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել գարնան վերջին օրը՝ մայիսի 31-ին: Մայրս պատմում էր, որ այդ օրը ամբողջ քաղաքում զանգեր էին ղողանջում' հավանաբար Վազգեն Ա-ի՝ կաթողիկոս հռչակվելու կապակցությամբ:

Մեծացել եմ Գնունի փողոցում' «կոշիկի տան» դիմացի բակում: Աչքիս առաջ մի պատկեր կա' բարձր առաստաղներ ու պատուհան, որի գոգին եմ նստած: Բայց թե ո՞ւր եմ նայում, ի՞նչ եմ տեսնում՝ չեմ հիշում:

Վեց տարեկան էի, երբ Աջափնյակ տեղափոխվեցինք: Հայրս' Մովսես Միխայլովիչը, պատերազմից հետո Հայաստանի սոցապ բաժնի պետ էր նշանակվել: Պետությունը նրան շքեղ բնակարան էր հատկացրել, որը նա զիջեց ընկերոջը: Այդպիսի մարդ էր:

Մանկապարտեզ ինձ քույրս էր տանում: Երբեմն տուն էի փախչում: Մինչ քույրս ինձ տեղ հասցնելուց հետո կվերադառնար, ես արդեն տանն էի: Մանկապարտեզի երեխաների մեջ շատ անունով տղա էի: Մի օր մեկը խաղալիքս վերցրեց, պլաստիլինը մտցրեցի նրա ականջի մեջ:

Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում եմ սովորել: Առաջին դասարանում արդեն մենակատար էի' երգում էի 10-րդ դասարանցիների երգչախմբի հետ, զինվորական երգեր էինք կատարում: Հետո կիթառ սկսեցի նվագել: Հետագայում դարձա կոճակի գործարանի նվագախմբի մենակատար՝ երգիչ:

Չարաճճի, վատ սովորող ու հաճախ սիրահարվող տղա էի: 8-րդ դասարանում սիրածս աղջկա հետևից Ռիգա հասա:

14 տարեկան էի, երբ Երվանդ Քոչարի աշակերտը դարձա: Մանկուց նկարչությամբ ու քանդակագործությամբ էի զբաղվում: Մաեստրոն տեսավ աշխատանքներս ու վերցրեց ինձ իր մոտ: Այն վեց ամիսները, որ նրա կողքին էի, «Կիբեռնետիկայի մուսան» քանդակի վրա էր աշխատում: Այժմ այդ ստեղծագործությունս Մերգելյանի անվան ինստիտուտի բակում է՝ ոչ մի կերպ չենք կարողանում այդ քանդակը կենտրոն տեղափոխել:

Վարդան Աճեմյանը տվեց ինձ իր օրհնանքը: Մայրս տարավ ինձ նրա մոտ, որ տեսնի' «ինձնից մի բան կստացվի՞»: Վարդան Նիկիտիչն ինձ առաջադրանք տվեց, կատարեցի՝ մի լավ ծիծաղեց ու ասաց' «Շատ լավ ա, շատ»:

Դպրոցից հետո Գեղարվեստի ուսումնարանի խեցեգործական բաժին ընդունվեցի: Որոշ ժամանակ անց ճակատագիրս կտրուկ փոխվեց' թատերական ինստիտուտ ընդունվեցի' օպերետային բաժին: Թատերականում կերպարանափոխվեցի' սովորելու քաղց սկսվեց: Հենց այդ տարիներին կայացա:

Կամերային թատրոնի համահիմնադիրներից եմ: 1976 թվականից վեց տարի բեմ չեմ բարձրացել՝ թատրոնն էինք կառուցում:

Երևանը ինձ համար մի ամբողջական ձուլվածք է: Նոր զգեստ չեմ սիրում, նախընտրում եմ այն, որ ճանապարհ է անցել ինձ հետ: Ես Երևանի կոշիկն եմ, հագուստը, մաշվում եմ, մեծանում եմ, բայց ամեն տեղ կարող եք հագցնել ինձ, ծառերին, շենքերին: Իհարկե, այն շենքերին, որոնք պատմություն ունեն:

Երևանը ինձ համար ավանդույթներն են, չգրված օրենքները: Հենց դրա շնորհիվ է, որ Էրևանը' Էրևան է ու դեռ քաղաքի հոտ ունի: Բնականաբար, ձևավորվում է նոր Երևան, առաջ են գալիս նոր մտքեր, նոր գաղափարներ: Բայց ինձ համար դեռ չգրված օրենքներն են գործում:

Երբ դասում ես քեզ ավելի բարձր, քան քո հայրենիքն է, սկսում ես միայն թերությունները տեսնել ու ասում ես' ավելի լավն եմ, ավելիին եմ արժանի, հեռանամ այստեղից: Բայց դրանից ավելի լավը չես դառնում: Որովհետև խնդիրները երկրի մեջ չեն, այլ քո մեջ: Սկսում ես ավելի բարեկեցիկ պայմաններում ապրել, բայց դու նույնն ես մնում: Համեղ ուտելիք ուտելը միշտ չէ, որ առողջարար է: Երբեմն սովը ավելի առողջարար է:

Չես կարող ապրել ու անտեսել իրականությունը: «Խաթաբալադան», «Երևան բլյուզը», «Երևան ջանը» իմ ու ընկերներիս վերաբերմունքն էր իրականությանը: Մենք այնքան անկեղծ էինք, որ անվախ էինք:

Էրևանցին նա է, ով իր սերը արարքներով է արտահայտում: Անկախ նրանից, թե որտեղ ես ծնվել, ինչ քաղաքացիություն ունես, յուրաքանչյուրը կարող է էրևանցի լինել: Դա կոչում է, որը կարելի է վաստակել:

Ամեն անգամ, երբ մեր քաղաքում ինչ-որ մեկը հերթական պատմական շենքը կամ պուրակն է ավիրում, ես ուզում եմ գտնել այդ մարդուն ու հարցնել. ո՞վ ես դու, որ իրավունք ես վերապահում քեզ աղավաղելու իմ անցյալը: Չպետք է թույլ տանք ինչ-որ անհատների գողանալ այն, ինչ մեզ բոլորիս է պատկանում: Մարդկանց զայրույթը ուղղված է ոչ թե նախագահին, այլ այն «երևույթներին», ովքեր իրենց չակերտավոր սերն են ցուցաբերում քաղաքի հանդեպ: Վայելեք ձեր կյանքը, գումարները, բայց քաղաքին մի կպեք ձեր «սերերով»:

Երևանը շվարած ու զարմացած է' «Այս ի՞նչ եք ինձ հետ անում»: Հասել ենք նրան, որ ոչ միայն քառակուսի մետրերը, քաղաքի հոգին է վաճառվում: Չկա ճարտարապետական տրամաբանություն, քաղաքը կորցնում է իր արժանապատվությունը: Ինչպե՞ս կարելի է քաղաքին նման կերպ վերաբերվել ու շարունակել ապրել Երևանում: Այն, ինչ այսօր կատարվում է քաղաքաշինություն չէ' շենքաշինություն է: Սա մի մեծ ցավ է ինձ համար, որի պատճառով հաճախ ինձ էմիգրանտ եմ զգում իմ սեփական քաղաքում:

«Երևան ջան»-ում նաֆսից հանում եմ քաղաքը: Ես ցույց եմ տալիս այն նախագահին, որին ուզում եմ տեսնել, որի հետևից գնում է ժողովուրդը, որ եթե այդ ժողովուրդը բոբիկ է, նա պետք է հանի իր կոշիկները ու կանգնի ժողովրդի կողքին կամ էլ կարողանա նրանց կոշիկներ հագցնել: Երևանում կարող են հրաշքներ տեղի ունենալ, որովհետև իրականում սա հրաշքների քաղաք է: Եվ հրաշքներից մեծագույնը ամեն օր Մասիս սարին նայելու հնարավորությունն է, որ մեզ ընձեռել է Աստված, որ մենք նրա փեշին ապրենք: Դժբախտաբար, մերը թողած, աշխարհում հրաշքներ ենք փնտրում: Այդպիսի ժամանակներ են՝ մարդիկ նույնիսկ միմյանց չեն ուզում ճանաչել, ինչ մնաց հայրենիքը:

Մի օր մի աղջկա հետ անցնում էի Օպերայի կողքով: Մտածում էի' ինչպես նվաճել նրա համակրանքը: Առաջարկեցի՝ «ուզու՞մ ես բարձրանամ Օպերայի կտուրին ու այնտեղից քեզ ձեռքով նշան տամ»: Ասացի ու հետո նոր մտածեցի, թե' ախր, ինչպե՞ս եմ այնտեղ հայտնվելու՝ պահակներ, հերթապահներ, հազար ու մի դժվարություն... Հարկերն էլ շատ ավելին էին, քան կարելի էր ենթադրել դրսից նայելիս: Բայց դե, ինչ արած' արդեն ասել եմ: Մի կերպ հասա վեցերորդ հարկ: Ինչ-որ տղամարդ դուրս եկավ դիմացս: Ստիպված, պատմեցի ողջ ճշմարտությունը՝ «աղջիկ է ներքևում սպասում, պետք է կտուրից ձեռքով նշան տամ»: Երբ դա լսեց, ուղեկցեց ինձ վերև: Ձեռքով ողջույնի նշան արեցի այն ուղղությամբ, որտեղ ենթադրաբար կանգնած էր աղջիկը, շնորհակալություն հայտնեցի տղամարդուն, իջա... Աղջիկն արդեն այնտեղ չէր, գնացել էր:

Երևանը բոլոր աշխատանքներիս գլխավոր հերոսն է: Դրանցից մեկում՝ «Երևան ջան» ֆիլմում մի դրվագ կա: Կադրից դուրս ռադիոհաղորդավարի ձայնը. «Հեռարձակում ենք երևանյան լռությունը»: Ու հանկարծ իմ հերոսը' Հապետը սկսում է ոգևորված բղավել Օպերայի կտուրին կանգնած: Տարիներ անց ես կրկին այդ կտուրին էի, բայց այս անգամ գոռում էի իմ սիրո մասին արդեն Երևանի հանդեպ: Մի քաղաքի, որն ինձ երբեք չի լքի, կսպասի ինձ, ձեզ, մեզ' բոլորիս, նույնիսկ եթե մենք հեռու ենք ու շատ ենք ուշանում:

Ինձ համար ամենամեծ հաճույքը Երևան վերադառնալն է:

Երևանի հետ երկխոսությունը ներողությունների շարքից կսկսեի: Ներողություն կխնդրեի իմ, բնակիչների, ղեկավարների սխալների համար: Աղավաղելով այս քաղաքը՝ մեղք ենք գործում:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, 2013, N6

Այս թեմայով