29 Հոկտեմբեր 2013, 09:25
2931 |

Դեկորատիվ դեկորներ

Գրական հենքի խտացումների իմաստային նոսրացումը գերճշգրիտ դերաբաշխում է պահանջում, ինչում բեմադրիչ–ռեժիսորը մեծ հաշվով վրիպել էր: Ընտրված դերասանների մեծ մասը աբսուրդի դժվարընկալությունը պարզեցնող էքսցենտրիկ կոմիզմի խաղաոճին չէին տիրապետում:

Առաջին հայացքից հայ թատերագրության մեջ դժվար է պատկերացնել աբսուրդի դրամայի գոյությունը. մեր ազգն ի բնե ռացիոնալ մտածողությանն է հարում և նրա գենետիկ կանչը չի արձագանքում անհեթեթության էսթետիկային: Ու առավել քան արտառոց է, երբ հայաստանաբնակ գրողի հայացքն է ուղղվում էքզիստենցիալիստական դրամատուրգիային, ինչ էլ ավելի է սրում այդպիսի գործը բեմադրելու ցանկությունը: Գայթկղության նման մի քար էլ Աղասի Այվազյանի «Դեկորներ» անտիդրաման է: Այս պիեսում դրամատուրգը բռնակալ ունայնության դիրքերից ՏԵՂ-ի փիլիսոփայությունն է հնչեցնում, ձայնակցում արգենտինացի աշխարհահռչակ արձակագիր Խորխե Լուիս Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ստեղծագործության հանգուցալուծմանը: Բայց Այվազյանը աբսուրդային իր հայացքները տարածաժամանակային պայմանականության համատեքստում է հնչեցնում: Այդ հանգամանքը որպես ազատության գրավական է ներկայացնում, որ ծայրահեղության կործանարար գործակիցը խաղարկի: Այսինքն, որքան որ դատարկության չափազանցված պաշտանմունքն է վտանգավոր, նույնքան էլ շրջապատող դեկորացիոն միջավայրի գերարժեվորումը: Եվ իր սահմանած ֆինալով էլ հեղինակն ապացուցում է, որ դեկորի դեկորատիվ բնույթի անտեսումը նույնպես ոչնչացման է տանում:

Առաջադրված աբսուրդային դիլեման հանդիսատեսի համար հնարավորինս հասկանալի դարձնելու նպատակով Սամսոն Ստեփանյանը Գոյ թատրոնի բեմում հեքիաթ-կատակերգության արտահայտչաձևերից էր օգտվել: Չորս պայմանական կերպարների հագնվածքն ու խոսքը հեքիաթային թզուկների մանկավունության էր միտված, իսկ պլաստիկական գործողությունները համր կինոյի կոմիզմի չարաճճիությունն էին հիշեցնում: Բեմադրական նման քայլը, իհարկե, իր բանական պատճառն ունի. աբսուրդի դրաման ինքնին խտացված իրականություն է, որի իմաստային նոսրացումը էքսցենտրիկ-թատերային ներարկումներ է պահանջում: Պահանջը՝ պահանջ, բայց պետք է դրա իրագործման հումքը ճիշտ ընտրել' հաշվենկատ դերաբաշխում կատարել, ինչում բեմադրիչ–ռեժիսորը մեծ հաշվով վրիպել էր: Սխալ ընտրությունն էլ որպես կանոն իր վնասակար հետևանքներ է պարտադրում. ամպլուային անհամապատասխանության արդյունքում բեմում ձևավորվող հարաբերություններն աստիճանաբար ձանձրույթի շղարշով էին պատվում: Հետևաբար, ներկայացումը կերպարային անշուքությունից փրկելու համար հարկ է, որ առաջին մարդ, երկրորդ մարդ, երրորդ մարդ և չորրորդ մարդ պայմանական չորս կերպարների դերակատարներից երեքին փոխարինեն Սերգեյ Դանիելյանը¥Յոժ¤, Տրդատ Մակարյանն ու Մանուկ Հախվերդյանը:

Պատճառն այն է, որ ընտրված դերասանների մեծ մասը աբսուրդի դժվարընկալությունը պարզեցնող էքսցենտրիկ կոմիզմի խաղաոճին չեն տիրապետում: Աշոտ Տեր-Մաթևոսյանի պարային անցյալից եկող սլացիկ տեսքն իրոք բեմական է, բայց խոսքի բովանդակային կշիռն է խիստ սակավ, ինչն էլ նրան բուտաֆորային դերասանի սնամեջություն է հաղորդում: Սարգիս Չոլոյանն էլ անհրաժեշտ կոլորիտի առջև դիմախաղի աղքատիկությամբ էր մեղանչում: Նրանց համար դեռ վաղ է պայմանական կերպարներ կերտելը և վերջիններիս այս պարագայում մատչելի են շատ ավելի իրական' դեկորատորների կերպարները: Հատկապես, եթե հաշվի առնենք, այդ դեկորատորների ներկայիս դերակատարների անփառունակ ծիծաղները:

Իսկ շնորհալի դերասան Սամվել Թոփալյանը, ներկայացման շահերից իսկ ելնելով, գլխավոր դեկորատորի դերակատարումը պետք է ստանձնի: Շատ ավելի դադաիստական «Ռոստինանտ» բեմապատումի ընթացքում նա համանման դերակատարումով ցույց է տվել, որ ունակ է անձնավորել ու մարմնավորել մարդկային այդ տեսակը: Առաջարկված երեք դերասաններն իրենց բեմական կենսափորձով ավելի հասուն են և բեմում նրանց հետ հավասարապես կարող է հանդես գալ միայն Գուրգեն Սարգսյանը: Սամսոն Ստեփանյանի նախառեժիսորական ընտրությունը, թերևս ամենից անվրեպն այս դերակատարի դեպքում է գործել: Երիտասարդ դերասանը տարբեր առիթներով քանիցս ապացուցել է, որ գիտե, թե էմոցիոնալ ինչպիսի երանգներով կարելի է գունաներկել հիմարության ու միամտության միջև եղած զգայական սահմանագծի ամեն մի հատվածը:

Ինչ վերաբերում է կնոջ կերպարին, ապա ներկայացման բեմադրիչն այս հարցում անհասկանալի խաղամիջոցների է դիմել: Կերպարի ներրքին այլանդակությունը ցուցանելու նկատառումով վերջինիս մարմնական անբարոյականության պատվանդանին է կանգնեցնում: Ակամայից կասկածելի է դառնում, ինչու՞ է ռեժիսորը կատվային հանցանշաններով հանդես եկող Աննա Հարությունյանին դրդում իր սեռական գրավչությունը շահարկել: Կամ էլ Սամվել Թոփալյանի գլուխը նրա ոտքերի արանքից դուրս հանում: Ավելին, չբավարարվելով արածով' բեմադրիչը շրջազգեստը հանած և ներքնազգեստով ծածկված դերասանուհուն վերանորոգման փոսի վրա գտնվող ավտոմեքենայի դիրքի բերում և Գուրգեն Սարգսյանին ստիպում է պառկած սողալ նրա ոտքերի արանքով: Զուտ մասնագիտական տեսանկյունից դերակատարի դրությունը նույնիսկ զավեշտալի է: Սեռական ходовик-ի կարգավիճակում հայտնված դերասանը վեր նայելու դեպքում խաղընկերուհուն կվիրավորի, աչքերը փակելու պարագայում' ռեժիսորական խնդրի անտեսումով կերպարն ու տեսարանը կթերանան: Խե՜ղճ Գուրգեն Սարգսյան. հեղինակի դիլեման թողած' պետք է այս անհասցե երկսայրաբանությունից պատվով դուրս գա: Թեև շնորհաշատ դերասանը գռեհկատես գործողությունից հետո փորձում է «Ականջներդ կպոկեմ» բառերի օրգանական արտաբեմամբ մեղմել տեսարանի տհաճությունը, միևնույն է, բեմադրիչի դրդապատճառներն անընկալելի են:

Երևի կարծել է, որ Այվազյանի ստեղծագործական մտքին հասու չեն նման զազրելիությունները: Դե իհարկե.հանրահռչակ եռանկյունու հեղինակն ինչի տեր էր, որ հակաէսթետիկ հնարքներով գեղարվեստական չքավորության դուռը գնալ կարողանար: Արդարացված չէ նաև գրական հասցեատիրոջ որոշ ռեժիսորական ռեմարկների քամահրումը, ինչն աղճատում է ներկայացման գաղափարական ամբողջականությունը: Սամսոն Ստեփանյանի ինքնագործունեությունից թերի է նաև սիմվոլիկ զուգահեռման նպատակով կերպարների քանակը մեկով կրճատելը: Ներկայացումը դարձրել էր իննը մասից բաղկացած բեմադրապատում, որի գործող անձանց թվաքանակը նույնչափ է: Հնարքը թեև խորհրդանշական է, բայց ինքնանպատակության աստիճան ընդհանրական, քանի որ այդ մասերը տվյալ կերպարների տեսակային արտահայտիչները չեն: Ամեն դեպքում, կատարված է աշխատանք, որը ցանկության դեպքում էլ ավելի բարձրարժեք դառնալու հնարավորություններ ունի:

Այս թեմայով