17 Հոկտեմբեր 2013, 15:55
2841 |

Գունաբաժանում. Շմավոն Շմավոնյան

Նկարիչ Շմավոն Շմավոնյանը համոզված է՝ մեր ապրելակերպը կամա, թե ակամա առնչվում է գույնի հետ: Գույնը կարող է ոգևորել կամ հիասթափեցնել, թևեր տալ կամ կոտրել:

Երբ կանգնում եմ սպիտակ կտավի առջեւ, բնականաբար արդեն գիտեմ, թե ինչ եմ նկարելու: Հենց այդ տրամադրվածությունից ոգեշնչված, գիտեմ նաև, թե որ գույներով եմ սկսելու: Գույները ամեն մարդու ներքին աշխարհն են. միտքը, խոսքը, մտածելակերպը շաղախված է գույնով: Երբ մտքումս կա պատկերը, այն արդեն տեսնում եմ գունավոր:

 Հիմնականում բաց տոներով եմ նկարում: Դա իմ ներաշխարհի ինքնաարտահայտումն է, անցած ճանապարհս, պատմությունս: Ի՞նչ է նկարը' գույների միջոցով արտահայտված հույզ և տրամադրություն: Յուրաքանչյուր գույն օգնում է մյուսին' օժանդակում, որ կտավի վրա լիովին արտահայտի իր զգացումներն ու էմոցիաները:

Որևէ գույն երբևէ չի կարող փչացնել նկարը, որովհետև մյուս գույնը միանգամից օգնության կգա ու կծածկի սխալ ընտրված գույնը, երանգը: Գույներին հստակ բնորոշում տալը սխալ է: Կարմիր գույնի ագրեսիվությունը կախված է կտավի վրա օգտագործումից: Միևնույն գույնը կարող է ագրեսիա կամ նրբություն արտահայտել:

Պետք է սիրես գույները, կտավը, պալտիրան' այլապես ոչինչ չի ստացվի: Չսիրած գույն չունեմ: Սիրում եմ բոլորին ու զգում՝ նրանք էլ ինձ են սիրում: Գույները կարողանում են զրուցել մարդկանց հոգու և սրտի հետ: Յուրաքանչյուր գույն որոշակի ինֆորմացիա է կրում: Հենց դա է կենդանացնում կտավը:

Մարդիկ գունավոր չեն, բայց երանգներ ունեն: Երբեմն նրանց բնավորությունը գույն է ձեռք բերում: Լինում են միջակ, էությամբ՝ բացասական մարդիկ, նրանք մոխրագույն են, իսկ բարի ու անկեղծ մարդիկ պայծառ են, ծիրանագույն:

Իմ հոգում լուսավոր գույներն են, հազվադեպ եմ օգտագործում սևը: Հարուստ ներկապնակի գույները միևնույն է՝ չեն բավարարում, սկսում ես խառնել դրանք, որպեսզի ստանաս ուզածդ: Երբեմն ինքս եմ զարմանում, որովհետև գույները միմյանց խառնելուց հետո կտավի վրա հարաբերվում ու վերածվում են մի գունային կոլորիտի, որն անհնար է դառնում չսիրել: Արվեստագետը չի ընտրում իր այցելուին, գնորդին: Մարդիկ այնքան տարբեր են, պետք է տեսնեն, գնահատեն, զգան քո ներաշխարհն ու հասկանան, որ հենց քո աշխատանքներն են ավելի հոգեհարազատ: Նկատել եմ, որ գնորդները ավելի վառ գույների կտավներն են հավանում: Բայց դա չի կարող ստիպել ինձ միայն վառ գույներով նկարել:

Պետք չէ խառնել ներկն ու գույնը: Ինչու՞ ենք ասում ներկապնակ, որովհետեւ ի սկզբանե ներկն է, իսկ հետո երբ դիպչում ենք նրան, զգացումունք ենք փոխանցում ու հանձնում ենք կտավին, այն վերածվում է գույնի: Եթե սխալ օգտագործենք, ապա ներկը այդպես էլ կմնա ներկ:

Երևանը լավ ու պայծառ գույների մեջ եմ տեսնում: Երևանի մասին խոսելիս ես մարդկանց եմ պատկերացնում, ուզում եմ, որ երևանցիները ժպտան ու պայծառ լինեն:

Այս թեմայով