15 Նոյեմբեր 2013, 14:17
2816 |

Գունաբաժանում. Ավետիք Ավետիսյան

Նրա համար նկարելու ընթացքն աղոթք է, իսկ գույները խոսքերն են, լեզուն: Ասում է, որ առանց գույների նա համր է: Նկարիչ Ավետիք Ավետիսյանի գունապնակը լուսանկարեցինք նրա արվեստանոցում, երբ աղոթում էր:

Վախենալու պահ է, երբ մոտենում եմ դատարկ, սպիտակ կտավին: Իհարկե մոտավորապես գիտեմ, թե ինչ եմ նկարելու, բայց զգում եմ, որ կտավն իր մեջ ինչ-որ բան է թաքցնում: Հարթ մակերևույթ, որի դեմ դիմաց կանգնած ես միայնակ: Ի դեպ, այդ վախը տարիքի հետ ուժգնանում է, որովհետև իմաստանում ենք, ավելի ենք համոզվում, որ գիտենք միայն այն, որ ոչինչ չգիտենք: Հենց այդ պատճառով մի նկարը կարող է մոտ քսան անգամ փոփոխվել:

Գույնն իմ լեզուն է, որը փոխվում է ֆորմաների հաշվին: Եթե գույնը ներդաշնակ չէ ֆորմաների հետ, ուրեմն այն օդի մեջ կմնա, չի շնչի, չի կենդանանա ու ապրի: Չէ որ ես անդադար զրուցում եմ գույների ու ֆորմաների հետ, պետք է ներդաշնակ լինեն միմյանց, որպեսզի պատասխանեն ինձ:

Յուրաքանչյուր ֆորմա իր գույնն ունի՝ կարմիր, կապույտ: Գույները վիճում են միմյանց հետ ու պայքարում կտավի վրա տեղ ունենալու համար: Ֆորման կարծես ծիրան լինի, պետք է հասունանա, որ համապատասխան գույն ստանա:

Իմ աշխատանքներում հաճախ եմ օգտագործում տաք գույներից՝ դեղինը, կարմիրը, սառը գույներից՝ կապույտը: Խնդիր իմ առջև չեմ դնում՝ կոնկրետ որ գույներով աշխատեմ: Վերջերս շատ եմ օգտագործում հողագույնը, նախկինում այդ գույնին երբևէ մոտ չէի եկել: Նկատել եմ՝ ներկապնակս ժամանակի ընթացքում հարստանում է գույներով ու դա ինձ շատ է ուրախացնում:

Կան գույներ, որ ինձ չեն ձգում, չեն ջերմացնում հոգիս, կոնտակտի մեջ չեմ մտնում նրանց հետ: Ինքս ինձ հարցնում եմ, ինչու՞ է այդպես ստացվում, բայց պատասխան չեմ գտնում:

Զրուցում եմ գույներիս հետ, գուրգուրում եմ նրանց, համոզում: Այլապես որևէ արդյունքի չեմ հասնի: Խաղում եմ գույների հետ, հատուկ կոլերներ ունեմ, նրանց մեջ եմ խառնում գույները: Պատահում է, որ այնպիսի երանգ եմ ստանում, որ ինքս եմ անակնկալի գալիս, հետո չեմ էլ հիշում ինչպես եղավ: Պատահականությունը ևս մեր կյանքի մի մասն է:

Ինքնանկարս դեղինի ու կարմիրի համադրությամբ եմ նկարել: Չգիտեմ՝ ինչու է այդ գույներով ստացվել, դժվարանում եմ ասել, թե որ գույներն են ինձ բնութագրում: Օրինակ՝ հիմա չեմ կարող ասել այսօր ինձ որ գույնով կնկարեի:

Ինձնից շատ չգիտեմ էլ, թե ով է սիրում Երևանը, թեպետ հիմա Եղվարդում եմ ապրում ու ստեղծագործում: Այնտեղի կապույտն ու դեղինն այստեղ չկա: Երևանում շատ գույներ արդեն չկան, նկարելու իմաստով այն ինձ չի ոգեշնչում: Ինձ դուր է գալիս երևանյան աշխույժ անցուդարձը, ես դա գունավոր եմ տեսնում:

Այս թեմայով