18 Սեպտեմբեր 2013, 15:19
1589 |

Ակորդեոնի հայկական հնչյունները

Հայ ակոր¬դեոնահար Դավիթ Ենգիբարյանը երկար տարիներ ապրել և աշխատել է Հունգարիայում, այժմ Երևան է տեղափոխվել ու հանդես է գալիս համերգներով: Առաջին հայացքից տարօրինակ թվացող ակորդեոնի և ժողովրդական նվագարանների համադրումը հատկապես գրավիչ էր փաբային մթնոլորտում:

Հայաստանում հաճախ չես տեսնի ակորդեոնահարների: Ինչպե՞ս սկսեցիք նվագել այդ գործիքը:

- Կարծում եմ՝ դեռևս մայրական արգանդում: Բանն այն է, որ մայրս ակորդեոնահար է, հենց նա է երաժշտության իմ առաջին ուսուցիչը: Ութ-ինը տարեկան էի, երբ ծանոթացրեց գործիքի հետ: Բացի այդ, Վիլյամ Սարոյանի անվան միջնակարգ հանրակրթական դպրոցում, որտեղ ես սովորում էի, կար ակորդեոնի բաժին: Մի քանի ամիս հաճախեցի դասերին, սակայն հետո թողեցի, ուսուցիչը մեջս մարում էր գործիքի հանդեպ ոգևորվածությունն ու սերը: Սկսեցի զբաղվել սպորտով: Ու մի օր, մարզադահլիճից դուրս գալով նայեցի կոշտացած ձեռքերիս և հասկացա, որ դրանք նվագելու համար են: Այդպես 11-ից մինչև 17 տարեկան հաճախում էի մասնավոր դասերի և այլևս չթողեցի գործիքս:

Ի՞նչ սկզբունքով է աշխատում ակորդեոնը:

- Այն կարծես երկու գործիք լինի՝ ձախ կողմում բասային հնչյուններն են, ակորդներ՝ մաժոր-մինոր եռահնչյուններ, մաժոր-մինոր սեպտակորդներ, փոքրացրած սեպտակորդներ, աջ մասում դաշնամուրին համապատասխան ստեղնաշար է:

Ի դեպ, ակորդեոնը ստեղծել է ծագումով հայ ավստրիացի մի վարպետ՝ Կիրիլ Դամյան անունով:

Երկար տարիներ ապրել եք Հունգարիայում: Ինչպե՞ս էր Ձեր ստեղծագործական կյանքը զարգանում այնտեղ:  

- 1995-ից ի վեր 18 տարի ապրել եմ Հունգարիայում: 17 տարեկան էի, երբ տեղափոխվեցի. առաջին հերթին սկսեցի հունգարերեն սովորել, ընդունվեցի երաժշտական դպրոցի ջազային բաժին: Սկզբնական շրջանում նվագում էի փոքրիկ բարերում, ուր հաճախում էին ճանաչված դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ: Ապրում էի արվեստանոցում, որտեղ էլ ծանոթացա Բուդապեշտի պետական օպերային թատրոնի մենեջերի հետ, ում հրավերով ամիսներ անց մենահամերգներով ելույթ ունեցա օպերային թատրոնում: Սովորելուն զուգահեռ հանդես էի գալիս համերգներով. սկզբում տարբեր խմբերի կազմում, մինչև ստեղծեցի իմ խումբը՝ բաղկացած կոնգաներ, կոնտրաբաս և սաքսոֆոն նվագող երաժիշտներից:

Թե´ մենակ, և թե´ խմբով շրջաջագայել ենք տարբեր երկրերում, մասնակցել երաժշտական փառատոնների: 1996-1997 թթ. ինձ հրավիրեցին աշխատելու Բուդապեշտի թատրոններից մեկում՝ սկզբում որպես երաժիշտ, այնուհետև որպես կոմպոզիտոր, իսկ վերջին տարիներին նաև որպես դերասան:1996-ին ծանոթացա Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունների հետ, որոնք զարգացման նոր դուռ բացեցին իմ առջև: Որոշ ժամանակ անց սկսեցի գրել երաժշտություն: Այնուհետև ձայնագրեցի իմ առաջին ալբոմը՝ կոնտրաբասիստի և բաս կիթառահարի հետ: Ալբոմում տեղ գտան երկու գործ Պիացոլլայից և երկու հայկական գործ՝ Զանգեզուրն ու Վերվերին:

Ո՞րն էր Հայաստան տեղափոխվելու առիթը:

- Հունգարիայում մեծ դժվարությամբ, սակայն հասել էի ճանաչման: Հաճախ էի ունենում փառատոնների կամ այլ երաժշտական միջոցառումների հրավերներ, սակայն ցավալի էր, որ միջոցառման ժամանակ ինձ ներկայացնում էին որպես հունգարացի երաժիշտ, հունգարական երաժշտական արվեստի գործիչ: Ժպտում էի և հումորով վերաբերվում՝ կարծելով, որ ունկնդիրը կհասկանա, որ անուն-ազգանունս, արտաքինս և կատարողական ոճս բոլորովին հունգարական չեն: Ես սխալվում էի: Արդյունքում աստիճանաբար հասկացա, որ ուզում եմ հանդես գալ որպես հայ:

Չէ՞իք վախենում նույն ճանապարհը զրոյից անցնել:

- Բոլորովին: Չգիտես՝ ինչո՞ւ, այստեղ հաճախ են հարցնում. «Ինչու՞ ես վերադարձել»: Եկել եմ սկսելու այն, ինչին մեծ դժվարությամբ հասել էի Հունգարիայում, որտեղ համերգային գործունեությունից բացի նաև դասավանդում էի, նույնն անելու եմ այստեղ: Իհարկե, դեռևս կոնկրետ ծրագրեր չունեմ և անշուշտ գիտեմ, որ հեշտ չէ լինելու, սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված և չեմ վհատվում դժվարություններից:

Այս թեմայով